«Եթե «Սասնա ծռերին» ազատ արձակելու միջնորդությունը բավարարվում է, ապա երկրորդ նախագահի միջնորդությունը պետք է բավարարվի ու բավարարվի». Էդուարդ Շարմազանով

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հրապարակեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած ՀՀԿ խմբակցության 41 պատգամավորների անունները։ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքն է պատրաստակամություն հայտնել ստորագրահավաքը կազմակերպել, խմբակցությունը հատուկ նիստ չի արել, պատգամավորներից ով ցանկացել է, միացել է։

«Ստորագրել եմ, որովհետև գտնում եմ, որ երկրորդ նախագահին կալանքի վերցնելու հիմքեր չկան։ Երկրորդ՝ անթույլատրելի է երկրորդ նախագահին նման մեղադրանքով կալանքի մեջ պահել։ Երրորդ՝ եթե երկրորդ նախագահը չցանկանար վերադառնալ Հայաստան, չէր վերադառնա, բայց վերադարձել է և ներկայացել Հատուկ քննչական ծառայություն։

Չորրորդ՝ գտնում եմ, որ երկրորդ նախագահը չի փախել նույնիսկ թուրքերից, նոր իշխանություններից ինչո՞ւ պիտի փախներ։ Հինգերորդ՝ գտնում եմ, որ Ազգային ժողովի պատգամավորն իրավունք ունի միջնորդություն ներկայացնել խափանման միջոցը փոխելու համար, և եթե ոմանք միջնորդություն են ներկայացնում «Սասնա ծռերին» ազատ արձակելու համար, և այդ միջնորդությունը բավարարվում է, ապա երկրորդ նախագահի միջնորդությունը պետք է բավարարվի ու բավարարվի»,- երաշխավորագիրը ստորագրելու իր որոշումը հիմնավորեց Է.Շարմազանովը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով