«Ե՛վ Հայաստանը սխալ թույլ տվեց, և՛ Ռուսաստանը». Լուկիանով

168.am-ի զրուցակիցն է՝  ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը. «Հեղափոխությամբ իշխանության եկած գործիչները պետք է տրվեն ներքևից եկող պահանջին, որի պատճառով՝ հաճախ ուշադրությունից դուրս թողնելով արտաքին գործընկերների համար կարևոր հարցեր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբանը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածությանը:

Հիշեցնենք, որ հայ-ռուսական հարաբերություններն անհանգստացնող փուլ մտան, երբ Մարտի 1-ի գործով մեղադրյալի աթոռին հայտնվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, զուգահեռաբար՝ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ռուսաստանյան մամուլում մի քանի անանուն դժգոհությունների հրապարակումից հետո մեկնաբանությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, որ թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու։ «Ռուսաստանը՝ որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է հայկական պետության կայունությամբ։ Հետևաբար՝ այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նրա՝ հայկական հեղափոխությունից հետո «Մոսկվայում մեծ գոհունակությամբ արձանագրում էին, որ առկա ճգնաժամի լուծումը գտնվեց կոմպրոմիսի արդյունքում», մինչդեռ վերջին օրերի իրադարձությունները «փչացնում են դրական տրամադրվածությունն ու հակասում նոր իշխանությունների՝ ավելի վաղ իրականացրած հայտարարություններին»։

Լավրովի հայտարարությունից մի քանի օր անց ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վեհանձն գործընկեր-2018» զորավարժություններին, որոնց մասնակցում է նաև Հայաստանը՝ իր չորս հոգանոց պատվիրակությամբ: Զախարովան ափսոսանք է հայտնել, որ ՆԱՏՕ–ի զորավարժություններին տարբեր պատրվակներով ներգրավվել են Վրաստանի հարևան երկրները։

«Մենք չենք կարող համաձայնել այն հայտարարությունների հետ, այդ թվում` Վրաստանի ՊՆ–ի, որ այդ զորավարժություններն ուղղված են Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանն աջակցելուն։ Կայունությունն ու անվտանգությունը կառուցողական երկխոսությունն է, այլ ոչ թե՝ ուղղաթիռներն ու տանկերը»,- ասել է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆյոդոր Լուկիանովի խոսքով՝ այն իրավիճակը, որն այսօր կա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, երկու կողմերի մեղավորությունն է: Ըստ նրա` և՛ Հայաստանը սխալ թույլ տվեց, և՛ Ռուսաստանը, որտեղ ոչ միշտ են իրավիճակը գնահատում այնպես, ինչպես կա: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ընկալումներին, ապա, ռուս քաղաքագետի խոսքով, հեղափոխության օրերին, դրանից անմիջապես հետո և նոր իշխանությունների պաշտոնավարման ողջ ընթացքում իրավիճակը Հայաստանում գնահատվում է՝ որպես բացառապես Հայաստանի ներքաղաքական զարգացում, որին Ռուսաստանը ոչ մի կերպ չի միջամտում: Այն ներկայումս ևս, Լուկիանովի կարծիքով, այդպես է ընկալում: Սակայն շատերը, ըստ նրա, որոշ քայլեր դիտարկում են ՌԴ-Արևմուտք առճակատման կոնտեքստում, որը սխալ պատկերացում է և հայկական կողմի իրականացրած քայլերին այլ երանգ է հաղորդում:

«Նմանատիպ ընկալումները միայն Հայաստանի դեպքում չեն: Այնինչ Հայաստանում, ինչպես և աշխարհի շատ երկրներում ներկայումս, արտահայտվում է մի գլխավոր միտում` ներքաղաքական ճնշումը ներքևից ավելի ազդեցիկ է, քան արտաքին քաղաքականությունը, այսինքն` ներքին քաղաքականությունը սկսել է շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գերիշխել արտաքին քաղաքականությանը, դա նաև ԱՄՆ-ում է: Սա նշանակում է, որ ներքին ճնշումը հատկապես հեղափոխությունից հետո ուժեղ է, երբ հեղափոխություն իրականացրած ուժը ներքին բարեփոխումների բազում խոստումներ է տվել, եկել է իշխանության և անկախ արտաքին քաղաքական ոլորտում իր իրականացրած քայլերի հնարավոր արձագանքից, հետևանքներից, ստիպված է բավարարել ներքին պահանջը` համակարգային փոփոխություններ ոլորտներում և նախկին իշխանությունների ազդեցության չեզոքացում: Բնականաբար, հեղափոխությամբ իշխանության եկած գործիչները պետք է տրվեն ներքևից եկող պահանջին՝ հաճախ ուշադրությունից դուրս թողնելով արտաքին գործընկերների համար կարևոր հարցեր: Այդ հարցերից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ տասը տարվա վաղեմության գործով որպես մեղադրյալ ներգրավվելն էր, որը Ռուսաստանի համար ցուցադրական վիրավորանք ընկալվեց:

Բնականաբար, մինչ նման քայլի դիմելը հայկական կողմը պետք է շատ ավելի հանգամանալից մտորեր և նախապատրաստեր այս քայլը, քանի որ դա, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, ունեցավ արտաքին քաղաքական հետևանք, քանի որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է: Բայց պնդումը, թե սա կանխամտածված հակառուսական քայլ է, ըստ իս, չի համապատասխանում իրականությանը, քանի որ սա ՀՀ ներքաղաքական գործընթացների տրամաբանության շրջանակում է և չունի արտաքին քաղաքական նպատակ: Բայց ավելի մտածված է պետք լինել որոշ քայլերում:

Հեղափոխությամբ իշխանության եկած ուժի համար կարևոր է ցույց տալ, որ իրենք արձագանքում են հանրային պահանջին, քանի որ առջևում ընտրություններ են, և հարկավոր է պահպանել հանրային աջակցությունը»,-  նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը:

Ուստի, ըստ նրա, այս քայլերում արևմտյան հետքի փնտրտուքն անիմաստ է, քանի որ դրանք բացառապես ներքաղաքական են: Ֆյոդոր Լուկիանովը նաև ասաց, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը շատ փոքրիկ էր: «Այստեղ կարծում եմ` ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց տարածաշրջանային երկրների մասնակցությանը, այսինքն` բոլորին, ոչ միայն Հայաստանին: Բնականաբար, Ռուսաստանը, ինչպես երևաց, չընդունեց վրացական կողմի այն ակնարկը, որ սա ՆԱՏՕ-ի զորավարժություն չէ, որին եղավ արձագանք, բայց այն վերագրել նաև հայ-ռուսական հարաբերություններին պետք չէ»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների չհասկացվածությունը հարթելու հնարավորությունների մասին` Լուկիանովն ասաց, որ Ռուսաստանն այս ընթացքում իրեն զուսպ գործընկեր է դրսևորել, որը ճիշտ դիրքորոշում էր:

Նրա համոզմամբ՝ դա պետք է շարունակվի, քանի որ այս գործընթացներն ուղղված չեն Ռուսաստանի և որևէ այլ երկրի դեմ, քանի որ ներքաղաքական պահանջի արդյունք են:

«Սակայն Հայաստանը ևս պետք է ավելի մտածված գործի՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը գործընկեր երկիր է, և նման քայլերը կարող են հարաբերությունները դնել այն իրավիճակի մեջ, ինչ ներկայումս: Ուստի, իմ համոզմամբ, երկու կողմերն էլ հետևություններ պետք է անեն և ճիշտ գնահատեն, թե գործընկեր երկրներում ինչ գործընթացներ կան: Այսինքն` հայ-ռուսական հարաբերություններում աշխատանք ունեն անելու թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը, այսինքն` պետք է լինեն բանակցություններ, քննարկումներ և ավելի պակաս հրապարակային հատված»,- ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով