Դաժան ու ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ծննդյան տարեդարձը Սևանա լճում նշելու մեկնած ընտանիքի հայրը ջրահեղձ է եղել՝ փորձելով փրկել ընտանիքի անդամներին

Այսօր, օգոստոսի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 5-րդ կմ հատվածում, Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, Սևանի ափից մոտ 5կմ Սևանա լճի ուղղությամբ, 4 հոգի փչովի նավակով ուժեղ քամու հետևանքով ափից անհայտացել են:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի և ջրասուզակ Վահե Մելքոնյանի գլխավորությամբ:

Ա. Ճզմաչյանը ափից 5 կմ հեռավորության վրա՝ ուժեղ քամու պայմաններում, կարողացել է հայտնաբերել կորածներին, և անվտանգ դուրս բերել ափ: Նավակում եղել են Վանաձորի բնակիչներ Ժաննա Շահնազարյանը, նրա երեխան՝ 4-ամյա Արան, քրոջ երեխան՝ 11-ամյա Էրիկը և եվս մեկ երեխա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանք Վանաձորից եկել էին նշելու Էրիկի հոր՝ 43-ամյա Նվեր Շահնազարյանի ծննդյան տարեդարձը, և երբ փչովի նավակը քամու հետևանքով

ափից անհայտացել է, Նվերը փորձել է հասնել նավակին, որպեսզի ետ բերի նրանց, սակայն ցավոք՝ քամին այնքան ուժգին է եղել, որ նավակը ափից հեռացել է մի քանի կիլոմետր, իսկ Նվերն էլ՝ ջրահեղձ է եղել: Ավելի քան 6 ժամ Ա. Ճզմաչյանը, ջրասուզակ Վ. Մելքոնյանը, ուժգին քամու պայմաններում, ափից մոտ 400 մետր հեռավորության և 70 մետր խորության պայմաններում կատարում էին որոնողական աշխատանքներ: Ցավոք, եղանակի վատացման պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին:

Առաջին իսկ պահից որոնողական աշխատանքներին մասնակցել է նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի և ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ճամբարակի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում բժշկական օգնություն և հոգեբանական աջակցություն է ցուցաբերել նավակում գտնված անձանց: Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը, և փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վաղը՝ օգոստոսի 4-ին, վաղ առավոտյան որոնողական աշխատանքները կվերսկսվեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով