«Բոլորը կա՛մ իշխանության մաս են, կա՛մ որոշ չափով աջակցում են իշխանությանը». Քաղտեխնոլոգ

Загрузка...

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են ունենալ և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական զարգացումներ։

«Երկուսն էլ արդեն իսկ առկա են, այն էլ՝ բավականին լուրջ չափերով։ Ռոբերտ Քոչարյանի պրոցեսի ազդեցությունը ներքաղաքական զարգացումների վրա կարևոր է նրանով, որ չի բացառվում, որ այն կարող է Հայաստանում ընդդիմադիր բևեռ ձևավորել, քանի որ այս պահին, բացի ՀՀԿ-ից, որևէ այլ քաղաքական ուժ իր վրա չի ստանձնում այդ պարտավորությունը։ Բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են քաղաքական պրացեսներին, չկա որևէ քաղաքական ուժ, որը հստակ ասում է, որ այսօրվա իշխանությանն ընդդիմադիր է. բոլորը կա՛մ իշխանության մաս են, կա՛մ որոշ չափով աջակցում են իշխանությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի նման փորձված գործիչը չէր կարող չպատկերացնել, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը, մթնոլորտը պետք է հանգեցնի իր կարգավիճակի փոփոխմանը.

«Նման պատկերացում կար, և վերջերս իր փաստաբաններն էլ էին դա խոստովանում, որ նա դա պատկերացնում էր։ Ավելին, հաշվի առնելով ՀՀ իրավապահ համակարգի գաղտնապահության մակարդակը, Ռոբերտ Քոչարյանը ներսից նման ինֆորմացիա ուներ, ինչը նշանակում է, որ նա պատկերացնում էր՝ ինչ է լինելու։ Իսկ ցանկացած մարդ, որը կանչվում է իրավապահ դաշտ և գիտի, թե ինչով կարող է դա ավարտվել, վերադառնում է, եթե կան ինչ-որ երաշխիքներ։ Նման երաշխիքները լինում են կա՛մ երկրի ներսից, կա՛մ դրսից։ Այս քայլը նաև ընդդիմադիր դաշտ ձևավորելու նպատակ ուներ»։

Իր հարցազրույցում, ըստ բանախոսի՝ Քոչարյանը կարևոր մեսիջներ էր ուղարկում նախկին իշխանություններին, բանակին, Արցախին. «Երբ Քոչարյանը հայտարարում էր, որ պայքարելու է, նշանակում էր, որ վերադարձել է քաղաքական դաշտ և պայքարելու է, և որ այս քաղաքական ուժերը կամ կառույցները պոտենցիալ իր հենարանը կարող են լինել։ Մենք տեսանք, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն արագ արձագանքեցին այդ մեսիջներին, ինչ-որ չափով Արցախից էլ նման մեսիջներ տեսանք»։

Ինչ վերաբերում է արտաքին ազդեցությանը, նա մատնանշեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը. «Դրա մասին քիչ են խոսում, բայց կարևոր նոտա կար Լավրովի հայտարարության մեջ, որ Հայաստանի նոր իշխանությունները խախտում են ինչ-ինչ պայմանավորվածություններ՝ նախկին իշխանությունների անձեռնմխելիության շուրջ։

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ում հետ է այդ համաձայնությունը եղել, որովհետև հրապարակավ այլ հայտարարություններ են եղել։ Այսինքն՝ ՌԴ իշխանություններն ինչ-որ չափով բացում են քարտերը՝ ասելով, որ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք խախտվել են։ Իհարկե, չեմ կարծում, որ Խաչատուրովի դեպքն էր ամենակարևորը Ռուսաստանի համար, այլ դա առիթ էր, որ ՌԴ-ն ինչ-որ կերպ պաշտոնապես արտահայտի իր իրական վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչ կար։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններն այդ առիթն ընձեռել են գոնե Խաչատուրովի դեպքում, որովհետև տեսանելի է, որ ինչ-որ պրոցեդուրաներ խախտվել են»։

Ռոբերտ Քոչարյանի պրոցեսը նախաձեռնած քաղաքական ուժը մանևրելու քիչ հնարավորություն ունի. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ինչ-որ լուծում գտնվեց՝ այնտեղից հասկացրին, այստեղ հասկացան, ՌԴ դեսպանը հանդիպեց ԱԱԾ ղեկավարի հետ, դրանից հետո ՀԱՊԿ-ի հարցը ոչ միայն  լուծվեց, այլև Խաչատուրը վերադարձավ Մոսկվա, շարունակում է իր գործունեությունը»։

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...