ԱՊՐԵԼ ԵՎ ԱՐԱՐԵԼ ՀԱՅՐԵՆԻՔ-ԴՐԱԽՏՈՒՄ

Загрузка...

Մռավ լեռան ստորոտին, Թարթառ գետի ձախ ափին է ծվարած սահմանամերձ- սահմանապահ Մատաղիսը: Խորհրդային տարիներին, հայտնի էր կաուչուկի, լուցկու, մանրահատակի, հացի գործարաններով: Մատաղիսի դպրոց ուսանելու էին գալիս անգամ շրջակա գյուղերից:

…1990-ականներին հայ-ադրբեջանական սահմանային բախումներից անմասն չմնաց Մատաղիսը. թշնամին 1992 թ. գրավեց գյուղը, բնակչությունը բռնագաղթեց՝ ապաստան գտնելով տարբեր վայրերում: Սակայն երկու տարի անց, հայկական ինքնապաշտպանական ուժերը գյուղն ազատագրեցին օտարի գերությունից, մարդիկ վերադարձան հարազատ բնօրրան, ու կյանքն աստիճանաբար ընկավ բնականոն հուն. վերականգնվեցին ավերված օջախները, գյուղը շենացավ ու շնչավորվեց՝ վերածվելով բարեկարգ ու ծաղկուն բնակավայրի:

Սակայն մեր կողքին մեր դարավոր թշնամին է… Եվ պատմությունը կրկնվեց. 2016 թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ գյուղի բնակչությունը կրկին տարհանվեց.

-Ապրիլյան այդ օրն էլ կրակոցներ էին հնչում: Սկզբում կարծեցինք՝ սովորական դարձած ամենօրյա հերթական չափաբաժինն է, բայց գնալով ավելի էին ուժգնանում, սաստկանում: Երկինքը Թալիշի ուղղությամբ կարմրել-շառագունել էր կրակատարափից,-պատմում է համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանը, որը գիշերվա այդ ուշ ժամին շտապել էր գյուղամեջ՝ միացյալ ուժերով բնակչության անվտանգությունը կազմակերպելու համար, սակայն վիրավորվել էր:

…Ապրիլյան այդ դժնդակ օրերին հակառակորդը անդադար հրետակոծում էր գյուղը, նշանակետում հատկապես ՀԷկ-երն ու զորամասն էին:

Գյուղից տարհանեցին կանանց, երեխաներին, ծերերին, տղամարդիկ հերթապահություն էին կազմակերպել:

Մայիսին, երբ քիչ թե շատ հանդարտվեց իրավիճակը, ժողովուրդը սկսեց կամաց-կամաց վերադառնալ հայրենի եզերք:

Ամենուր թշնամու ծանոթ ձեռագիրն էր…Դպրոցը, մանկապարտեզը, բնակելի տները դարձյալ ավերակ, դարձյալ քանդուքանդ էին: Ու նորից հին օրերի պես՝ շյուղ առ շյուղ սկսեցին բարեկարգել, կառուցել… Թե պետական, թե բարեգործական ծրագրերով, սեփական ուժ ու եռանդով նորոգեցին, շենացրին, գյուղը ոտքի կանգնեցրին: Միայն տեղ-տեղ պատերի վրա նշմարվող բեկորների հետքերն են հիշեցնում չլուծված հակամարտության մասին. հակառակորդն ինչ զենքով ասես, ինչ զինատեսակից ասես չի կրակել գյուղի ուղղությամբ:

-Մինչ 2016 թ. ապրիլյան իրադարձությունները, մեր համայնքում շինարարությունը աշխուժացել էր, ամեն մեկն իր չափով մի բան էր ձեռնարկել, քառօրյայից հետո մի կարճ ժամանակահատված կանգ առավ, բայց այս դեպքերը, այս զարգացումները առավել թափ հաղորդեցին. ոչ թե հուսահատվեցինք, հակառակը՝ ավելի եռանդով լծվեցինք գործի: Ի հեճուկս թշնամու՝ շարունակելու ենք ստեղծել, արարել հայրենի հողում, -ասում է համայնքապետը:

Ապրիլից հետո տեղի հանդիսությունների սրահում առաջին մեծ ուրախությունը հենց համայնքապետի չորրորդ զավակի ծննդով նշանավորվեց. ամբողջ գյուղով մեկ նշեցին-ուրախացան: Հետո էլի ծնունդներ ու հարսանիքներ եղան ու դեռ կլինեն:

Երկու պատերազմ տեսած, երկու անգամ տեղահան եղած գյուղի բնակիչներն ապրում ու արարում են, ստեղծում, կյանքը շարունակվում է թանկ ու դժվար հողի վրա…

Նոր տներ են կառուցվել, բնակարաններ են հիմնովին նորոգվել: Համայնքում կա մանկապարտեզ, դպրոց: Գյուղի բնակչության մեծ մասը երիտասարդներ են: Տարածքում հիդրոէլեկտրակայանները, զորամասը, ձկնաբուծարանը, որտեղ ի դեպ սեւ խավիար է արտադրվում, դպրոցը, մանկապարտեզը հիմնականում լուծել են գործազրկության խնդիրը:

Գյուղն էլեկտրաֆիկացված է, ջուրը շուրջօրյա է, թեեւ որոշակի խնդիր կա՝ չի ֆիլտրացվում: Գյուղամիջի ճանապարհներն 2017թ. բարեկարգվել են, առաջիկա ծրագրերում նախատեսված է նաեւ համայնքը շրջկենտրոնի հետ կապող ճանապարհի ասֆալտապատում: Ինչպես ամենուր, այստեղ եւս բնակարանային խնդիր կա:

-Միայն խաղաղություն լինի, մնացած ամեն ինչ մարդը կստեղծի, -ասում է մատաղիսցին,- ամեն մարդու դրախտն իր հարազատ ծննդավայրն է:

Զրուցասեր, սրամիտ ու սրտաբաց են մատաղիսցիները, լավատես՝ ապագայի հանդեպ, այսքան դժվարություն ու դառնություն են տեսել, բայց ընկճվածության նշույլ իսկ չկա:

Մատաղիսի ջրամբարի հարևանությամբ գտնվող հանգստյան ու ժամանցի գոտում, որ ապրիլյան իրադարձություններից հետո է բացվել, հյուրընկալ մատաղիսցիների հետ միասին վայելելով տեղի բնապատկերների ողջ շքեղությունը՝ զրուցում ենք Մատաղիսի վաղվա օրվա մասին: Զրույցը կենսահաստատ երանգներ ունի…

Երեկոյան Մատաղիսի հին ու նոր թաղերում լույսերը վառվում են: Գյուղի տաք շնչառությունը գոտեպնդում է զինվորին, որ սահմանին մշտարթուն կանգնած է, որ՝ ամեն մարդ ապրի-արարի իր բնօրրանում՝ հայրենիք- դրախտում:

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Աղբյուր՝  «Հայ Զինվոր» պաշտոնաթերթ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...