«Անկեղծ ասած՝ ես ցավով լսեցի դատարաններին ուղղված խոսքը, որ պետք է «խելքները գլուխները հավաքեն»». Լուսինե Սահակյան

Загрузка...

«Նման անցումները Հայաստանի Հանրապետության նման երկրի համար կարող են շատ վտանգավոր լինել, որովհետև պետք է շատ լուրջ մտածել, թե որ տեսակը կարող է  ՀՀ-ի համար լինել կիրառելի, և արդյո՞ք դա շատ ավելի վտանգավոր հետևանքներ չի կարող ունենալ, քան դրա բացակայությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով անցումային արդարադատություն ստեղծելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Փաստաբանը Հայաստանում չի տեսնում անլուծելի իրավիճակ։ «Իհարկե, մենք էլ ենք նշել, որ շատ լուրջ խնդիրներ կան դատարանների հետ կապված, որոնք պետք է լուծել, պետք է ունենանք այնպիսի դատարաններ, որոնք ապահովում են արդարադատությունը երկրում։ Մենք ունենք բացառիկ դատավորներ, որոնք կարողանում են արդարադատություն իրականացնել։
Բայց, համենայնդեպս, այն, ինչ այս ժամանակահատվածում արվում է, և այն, ինչ տեսնում եմ հասարակության մտածելակերպում, այն ակնկալիքները, որ ունի հասարակությունը, շատ վտանգավոր կարող են լինել ՀՀ-ի համար»,- ընդգծեց նա։

Լուսինե Սահակյանի խոսքով՝ պետք է լուրջ քննարկումներ անցկացնել՝ հասկանալու համար՝ անցումային արդարադատության անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, և եթե կա, ապա դրա որ տեսակը կարող է Հայաստանում գործել.

«Այն կոնտեքստով, որով դա մեզ ներկայացվեց, ինձ համար անընդունելի է։ Ես չեմ պատկերացնում, որ նմանատիպ հետապնդումներ պետք է լինեն, որն ակնկալում են շատ անձինք, շատ քաղաքացիներ։ Մենք պետք է հասկանանք, որ նախկինում լուրջ խնդիրներ ենք ունեցել, և այդ ամենը ծագել է նրանից, որ իրականում երկրում չի եղել արդարադատություն, ոտնահարվել են մարդու իրավունքները։ Եվ հիմա նույնիսկ մեզ համար անցանկալի անձանց իրավունքները ոտնահարելով կամ մեզ համար անցանկալի անձանց նկատմամբ ոչ օրինական դատական ակտեր ակնկալելով՝ մենք ոչ մի տեղ չենք հասնելու»։

Փաստաբանը նկատեց՝ շատ դեպքերում արդարությունն ու արդարադատությունն իրարից տարբերվում են. «Եթե ուզում ենք ունենալ իրական ժողովրդավարական երկիր, պետք է վեր կանգնենք այս ամենից, պետք է հասկանանք, որ մենք բոլորս պետք է պայքարենք դրա համար։

Նույնիսկ այն անձինք, ովքեր նախկինում հանցագործություններ են արել, մնացել են անպատիժ, իրենց գործողություններով վտանգել են երկրի արդարադատությունը, նաև իրավական երկիր լինելը, պետք է հատկապես  այդ անձանց նկատմամբ ամեն ինչ անենք, որ իրենց իրավունքները պաշտպանվեն։ Պետք է երկրում լինի արդարադատություն, մենք պետք է վեր կանգնենք այդ ամենից։ Հիմա շատերն ակնկալում են, որ առանց օրենք պետք է դատել։ Դա ինձ համար անընդունելի է, մենք պետք է, ի վերջո, իրավական երկիր կառուցենք, և մեր ժողովուրդը պետք է վեր կանգնի այս ամենից»։

Նրա դիտարկմամբ՝ ժողովուրդը պետք է խոհեմ գտնվի, որպեսզի չխանգարի նաև այսօրվա իշխանություններին՝ իրավական երկիր կառուցելու իմաստով. «Իշխանություններն էլ գտնվում են այնպիսի իրավիճակում, որ ցանկանում են՝ ժողովուրդը բավարարված զգա իրեն, բայց դրա հետ մեկտեղ, երբեմն ժողովուրդը ցանկանում է այն, ինչը կատարելու պայմաններում մենք իրավական երկիր ընդհանրապես չենք ունենա։ Ես չէի դիմի այդ տարբերակին, որ ժողովրդի ամեն կամք ի կատար ածվի։ Պետք է հասնենք նրան, որ ժողովրդի կամքը կատարվի, բայց նաև պետք է հասնենք այն գիտակցության, որ ժողովուրդը չպետք է այնպիսի ցանկություններ ունենա, որոնք դուրս են իրավական երկիր դառնալու ճանապարհից։ Այստեղ շատ նուրբ վիճակ կա, և այդ նուրբ վիճակում պետք է զգույշ առաջ գնանք։ Եթե չկարողանանք այս հնարավորությունից օգտվել, չեմ կարծում, որ մոտ ժամանակներում նման հնարավորություն կունենանք»։

Դատարաններում բարեփոխումներ իրականացնելը, ըստ փաստաբանի՝ առաջնային խնդիր է. «Ամեն սխալ քայլ շատ լուրջ հետևանքների առջև կարող է մեզ կանգնեցնել։ Ուստի, երբ խոսում ենք անցումային արդարադատությունից, պետք է հասկանանք, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ։ Նորմալ դատարաններ ունենալու ուղիները շատ են, պետք է ամեն ինչ անենք, որ այն դատավորները, որոնք վտանգում են մեր երկրում արդարադատության հասնելու նպատակը,

իրենք չլինեն դատավոր։ Իրենց գիտակցության մեջ իրենք դա պետք է հասկանան, և երբ ժողովրդի գիտակցությունն էլ այդ մակարդակին կհասնի, դատավորները կկողմնորոշվեն, և ով իրեն չի տեսնում այդ ուղու մեջ, ինքը պետք է հեռանա։ Բայց նրանց չպետք է վախեցնել, այդ ամենից պետք է վեր գտնվել։ Անկեղծ ասած՝ ես ցավով լսեցի դատարաններին ուղղված խոսքը, որ պետք է «խելքները գլուխները հավաքեն»։ Երբեմն պոռթկում է լինում, դա էլ է հասկանալի, բայց միևնույն է, պետք է փորձենք հնարավորինս բացառել այդ ամենը։ Պետք է հասկանանք, որ այն, ինչ չենք ունեցել, դրան հասնելու ճանապարհին նախկին իշխանությունների մեթոդներով չղեկավարվենք, սա է խնդիրը»։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում մի շարք գործերով պաշտպանների նկատմամբ եղած ճնշումներին, և մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի գործող պաշտպանների, որոշում կայացրած դատավոր Ազարյանի նկատմամբ սոցցանցերում եղած հրապարակումներին, փաստաբանն այդ ամենը որակեց «խայտառակ երևույթ».

«Մեր ժողովուրդը պետք է փորձի հասկանալ, որ հենց ինքը պետք է պաշտպանություն իրականացներ, պաշտպանություն ոչ թե այն իմաստով, որ արդարացներ անձի գործողությունները, այլ ժողովուրդը պետք է ամեն ինչ անի, որ նույնիսկ իրենց համար ամենաչընդունված անձը լինի պաշտպանված։ Իմ պրակտիկայում ընդհանրապես չեմ տեսել, որ փաստաբանների նկատմամբ նման հարձակումներ լինեն։ Ես գրառումներ եմ տեսնում, որտեղ պաշտպաններին նույնիսկ կախաղան բարձրացնելու մասին են խոսում. դա խայտառակություն է։

Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այսպես շարունակել հնարավոր չէ։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Ազարյանին, որին ես համարում եմ ՀՀ լավագույն  դատավորներից մեկը, իրականում արդարադատություն իրականացնող դատավորներից մեկը, և համարում եմ, որ նրա նկատմամբ այդ ճնշումներն անթույլատրելի են»։

Անդրադառնալով համացանցում տարածված Մանվել Գրիգորյանի լուսանկարին, փաստաբանն ասաց, որ դա մարդու իրավունքների կոպիտ խախտում էր. «Ինձ համար տարօրինակ է, թե ինչպես կարող է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից նկար դուրս գալ, և նման նկար հրապարակվել։

Ես սա համարում եմ մարդու իրավունքների կոպիտ խախտում, և կարծում եմ՝ պետք է հետևողական լինեն, որ նման բաներ այլևս չկրկնվեն։ Սա էլ է գալիս ժողովրդահաճո լինելուց, որ ժողովուրդը ցանկանում է տեսնել դա, բայց դա դեռ չի նշանակում, որ մեր պետությունն այդ հարցերի նկատմամբ պետք է զգայուն չլինի։ Շատ զգայուն պետք է լինենք այդ հարցերի նկատմամբ և պետք է հասկանանք, որ ժողովրդի այս պատկերացումները, այն, ինչ կատարվում է, անցնելու է, բայց դրանից հետո այնպիսի իրավիճակում կարող ենք հայտնվել, որ այլևս հետադարձ չկարողանանք ունենալ։ Ուստի, ես համարում եմ, որ նման դեպքերում պետք է զգուշավորություն ցուցաբերել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...