Ես ԱԱԾ-ի առաջ խոշոր բացահայտումներ անելու խնդիր չեմ դրել. Վարչապետ

«Ես ԱԱԾ-ի առաջ խոշոր բացահայտումներ անելու խնդիր չեմ դրել: Ասել եմ, որ օրինականություն պետք է լինի»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի եւ նրա ընտանիքի հանդեպ ԱԱԾ գործողություններին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է երրորդ նախագահի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում իրավապահների գործողություններին, Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Մարդկանց թվում է, թե կառավարությունը որոշել է բերման ենթարկել նրան, մինչդեռ այդպես չէ: Եղել է քաղաքացի, որը դիմում է գրել ինձ, որ խնդրի առաջ է կանգնել, որ իրեն պատկանող նկարները խլել են իր ձեռքից:

Ես էլ դիմումը մակագրել եմ ԱԱԾ-ին»: Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ տվյալների՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանում գտնված Մարտիրոս Սարյանի կտավները պատկանում են նրա ժառանգներից մեկին: Վարչապետն արձագանքեց նաեւ հանրության քննադատությանը, թե Ալեքսանդր Սարգսյանին «բռնեցին ու բաց թողեցին»: Վարչապետն ասաց. «Մարդկանց ձերբակալելն ինքնանպատակ չպետք է լինի, փաստերը պետք է ստուգվեն: Ձեզ ինչո՞ւ է թվում, թե ես զանգում եմ ու ասում, թե ում պետք է բերման ենթարկել, իսկ ում՝ ազատել: Կրկնում եմ, որ ամեն ինչ օրինական պետք է լինի: Մեկին կարող է տասը անգամ բերման ենթարկեն ու բաց թողեն, մյուսին՝ մեկ անգամ բերման ենթարկեն ու բաց չթողնեն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով