Օրենսդրական փոփոխությունները կթեթևացնեն քաղաքացիների բեռը և կբարձրացնեն երթևեկության կարգապահությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի վարչական իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված տուգանքները մեծ թիվ են կազմում, որոնք վարչական ակտերի հասցեատերերի կողմից չեն վճարվում` պայմանավորված երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմաններով:

Նախագծի ընդունման արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձինք կազատվեն պատասխանատվությունից: Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ խոսքը վերաբերում է մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ նշանակված վարչական մի շարք տուգանքներին: Արդարադատության նախարարն էլ շեշտել է՝ խոսքը չի վերաբերում բոլոր իրավախախտումներին. կան բացառություններ, օրինակ՝ հարբած վիճակում վարելը, պետհամարանիշներն ուրիշին տրամադրելը, և մի շարք այլ սուր իրավախախտումներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ վարչապետն ի պատասխան ընդգծել է, որ նշված հանգամանքը շատ կարևոր է: Նա քաղաքացիներին կոչ է արել սպասել, մինչև ԱԺ-ում օրենքն ընդունվի, համոզվել, որ օրենքը վերաբերում է այն իրավախախտումներին, որը քաղաքացին կատարել է:

«Դրանից հետո լավ կլինի, որ մենք մեր ընդհանուր վարքագիծը փոխենք դեպի օրինապահություն: Տեսախցիկների և արագաչափերի հետ կապված մենք բազմիցս բարձրաձայնել ենք առկա խնդիրների մասին:

Հիմա ոստիկանությունը արդարադատության նախարարության հետ համատեղ և կառավարությունը մշակում են օրենքի նախագիծ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում որոշակի փոփոխությունների մասին, որոնք որոշակիորեն կթեթևացնեն քաղաքացիների տուգանքային բեռը, բայց միևնույն ժամանակ, էականորեն կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ նշանակություն ունի, քան երթևեկության անվտանգության ապահովման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հիմա հստակ քաղաքականություն ենք որդեգրում, համաձայն որի նոր օրենսդրության նպատակը լինելու է երթևեկության կարգապահության բարձրացումը: Աշխատում ենք այդ ուղղությամբ, ոստիկանությունը բավականին լավ առաջարկներ է արել, և հույս ունեմ, որ փորձագիտական մակարդակում ևս կիմանանք, որ դա արդյունավետ ճանապարհ է»,- հավելել է գործադիրի ղեկավարը:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը տեղեկացրել է, որ խոսքը վերաբերում է մոտ 1.3 մլրդ դրամի շուրջ 150 հազար իրավախախտման՝ հայտնաբերված տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով և 12.4 մլրդ դրամի շուրջ 700 հազար իրավախախտման՝ արձանագրված ճանապարհապարեկային ծառայության կողմից:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ սա չափազանց կարևոր որոշում է, որովհետև եթե մինչև հիմա մարդիկ չեն վճարել, ենթադրվում է, որ առնվազն նրանց մի մասն, այսպես, թե այնպես, չէր վճարելու, իսկ այդ չվճարումն իր հետևից բերում է որոշակի հետևանքներ՝ գույքի կալանքներ, դատական պրոցեսներ, ԴԱՀԿ գործառույթներ:

«Այս օրենքով մարդկանց այդ անհարմարությունից ազատում ենք ու որդեգրում հստակ քաղաքականություն. մեր քաղաքականությունն այն չէ, որ բոլորն ազատվում են բոլոր տուգանքներից, և ով ինչպես, որտեղ ուզի, կվարի ավտոմեքենան: Դրա մասին խոսք լինել չի կարող:

Խոսքը հետևյալի մասին է, որ մինչև հիմա իրականացվող քաղաքականությունը, մեր համոզմամբ, ավելի շատ ոչ թե երթևեկության անվտանգությանն էր վերաբերում, այլ ֆիսկալ նշանակություն, մարդկանցից գումար հավաքելու խնդիր ուներ: Մեր քաղաքականության իմաստը փոխվում է. մենք քայլեր ենք ձեռնարկում երթևեկության անվտանգությունը բարձրացնելու համար»,- եզրափակել է վարչապետը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծով՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք, որի նպատակն է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքի ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա է մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված խնդիր:

«Օրինակ, «Նուբարաշեն», «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ների տեսակցության սրահներում և երկարատև տեսակցության սենյակներում մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք: Հնարավորությունը՝ հնարավորություն, բայց այնտեղ մենք շատ ծանր վիճակ ունենք, ինչը մարդկանց արժանապատվությանը դեմ է»,- ասել է վարչապետը՝ պատասխանատուներին հորդորելով հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրի լուծմանը:

«Ընդ որում, ես համոզված եմ, որ եթե մենք կարողանանք ցանկացած ոլորտում չարաշահումների դեմն առնել ու միջոցներն ավելի արդյունավետ օգտագործել, ապա բազմաթիվ խնդիրներ կլուծենք», – ընդգծել է վարչապետը:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը:

Նախագծով առաջարկվում է գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի չափը փաստացի հաշվարկել պատասխանողի կողմից հայցապահանջն ամբողջությամբ կատարելու օրվա դրությամբ և այդ պահից սկսած մինչև դատարանի վճիռ կայացնելը պատասխանողի նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չհաշվարկել:

ՀՀ կառավարությունն առաջարկել է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:

Գործադիրը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկություններին: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պահպանել աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը, կանխել սեփականատիրոջ՝ ոչնչով չպատճառաբանված ցանկությունը վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հարցում:

Կարևորելով մարդու կյանքի և առողջության առաջնայնությունը՝ «911»,«112», «102» և «103» ծառայություններում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրումը հանդիսանում է կարևորագույն գործընթաց, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը: Հաշվի առնելով նշվածը՝ հավանություն է տրվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագծի ընդունման արդյունքում Օրենսգրքով նախատեսվելու է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը:

Հավանություն է տրվել «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի պատշաճ գործարկումը:

Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը, իրավակարգավորումների ամբողջականացումը, ինչպես նաև կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը: Նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:

ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:

Կառավարության նիստերի դահլիճում հայկական արտադրության համակարգիչներ կգործեն. Փաշինյանը հորդորեց օգտվել հայկական արտադրանքից

Գործադիրի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ:

Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ իրենց առջև տեղադրված են հայկական արտադրության համակարգիչներ:

«Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Սա կապված է մոտեցման փոփոխության հետ, սա մեր քաղաքական մոտեցումն է:

Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում ոչ միայն ծրագրային ապահովման, այլև կոնկրետ արտադրանքի իմաստով»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովում ևս պետք է նման փոփոխություն տեղի ունենա:

«Պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ևս տեղադրվեն հայկական արտադրության համակարգիչներ:

Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրությունը զարգանա, մենք բոլորս նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրողներին: Ինչպես տեսնում եք՝ այդպիսի հնարավորություն կա»,- ասել է վարչապետը:

 Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՀՀ բոլոր քաղաքացիներին գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը: «Դա և՛ հաճելի է, և՛ շահավետ, և՛ մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,– ասել է վարչապետը:

Անցնելով նիստի օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունն որոշել է Ազգային ժողովի նախագահին առաջարկել 2018 թվականի հուլիսի 11-ին ժամը 11:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան, որում կքննարկվի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենսդրական նախագծերը:

Գործադիրը հավանություն է տվել «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, գույք ամրացնելու, ամրացված ու ազատված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը գույք նվիրաբերելու և ՀՀ կառավարության 2007 թ. N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին:

Որոշման ընդունման նպատակը երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է, շուրջօրյա հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելը և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումն է:

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի N1018-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմանը: Որոշման նախագծով նոր խմբագրությամբ սահմանվել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` 2017թ. ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի` 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ներում առաջացող լրացուցիչ շահույթի հաշվարկման կարգը:

Նշված չափաքանակը գերազանցող ջրի քանակությունը բաց է թողնվել օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում և հնարավոր է դարձել էլեկտրական էներգիայի ավտոմատացված համակարգից ստացված տվյալների համաձայն առավել ճիշտ որոշել Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված ջրի հաշվին «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունը, որի հիմքով էլ, կարգի համաձայն, հաշվարկվում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ներում էլեկտրաէներգիայի վաճառքից առաջացած լրացուցիչ շահույթները, որոնք այդ ընկերությունների կողմից, որոշման համաձայն, ենթակա են փոխանցման ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծին: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2016 թ. նոյեմբերի 8-ին Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ստորագրված համատեղ հայտարարությամբ, որով նախատեսվում է Հայաստանի պատմության թանգարանում ստեղծել «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն» մասնաճյուղ:

Այլ որոշումներ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը, ուստի նշված թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը: Դրանից ելնելով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» որոշման նախագծին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նախագիծը բուռն քննարկումների պատճառ է դարձել: «Առավոտյան այս հարցով ինձ մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը բուռն քննարկում է տեղի ունեցել: Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է այս ոլորտում մեր քաղաքականությունը լրջորեն վերանայենք ու այլ մեխանիզմներ ունենանք, որ քաղաքականությունն արդյունավետ լինի:

Այս պահին կշարժվենք այն տրամաբանությամբ, որը մինչ այս գործել է՝ արձանագրելով, որ մենք այս հարցը պետք է լուրջ վերանայենք: Այն պահից, երբ մարզիկները դադարեցնում են իրենց մարզական գործունեությունը, տարկետումն այլևս նրանց վրա չի տարածվում և նրանք պետք է զորակոչվեն բանակ: Այսինքն, բանակից ազատման մասին խոսք չի գնում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Հաշվի առնելով շախմատ, բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների ցուցաբերած բարձր

արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել շախմատ, բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերն ընդգրկելու ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ: Անհրաժեշտ է նաև ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ցուցաբերած արդյունքները հաշվարկել ոչ թե 1-2-րդ, այլ 1-3-րդ տեղերի հաշվարկով՝ առաջնակարգ մարզիկներին աջակցելու համար՝ բացառությամբ նավամոդել և բազկամարտ մարզաձևերի, որտեղ արդյունքները կհաշվարկվեն միայն հաղթողների համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով