Սամվել Ալեքսանյանի կինը թաքցնում է ՊԵԿ-ից ստացվող 36 միլիոն դրամ վարձակալության գումարը

Hetq.am-ի փոխանցմամբ՝ պետական եկամուտների կոմիտեն Արարատյան մաքսատուն-վարչության` Նորագավիթում գտնվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսատան տարածքն արդեն վեց տարի վարձակալում է ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջից՝ Շողերինա Մկրտչյանից։ Սակայն, պատգամավորի կինը տարիներ շարունակ թաքցրել է պետբյուջեից ստացվող իր այս եկամուտն ու գույքը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով այն չհայտարարագրելով։

Ինչպես «Հետք»-ին հայտնել են Պետական եկամուտներից կոմիտեից, պատգամավորի կնոջից 2012 թվականից վարձակալվել է Արշակունյաց պողոտայի 127/21 հասցեում գտնվող 4392 մ2 մակերեսով մաքսատան տարածքը։ Վարձակալության դիմաց Պետական եկամուտների կոմիտեն Շողերինա Մկրտչյանին տարեկան վճարում է 36 միլիոն դրամ:

Տարածքի վարձակալության ժամկետը, նախնական պայմանագրի համաձայն, հինգ տարի էր և ավարտվում էր 2017 թվականի մարտի 1-ին, սակայն ՊԵԿ-ը վարձակալության ժամկետը երկարարացրել է ևս երեք տարի ժամկետով՝ մինչ 2020 թվականի մայիս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մաքսատանն է կատարվում ներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը և մինչ մաքսազերծում, մեքենաները այստեղ են պահվում։

Ընդհանուր առմամբ՝ 2012 թվականից մինչև 2018 թ. պետբյուջեից պատգամավորի կնոջը վճարվել է 252 միլիոն դրամ կամ 560 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ մինչ պայմանագրի ժամկետի ավարտը Շողերինա Մկրտչյանը վարձակալության համար ՊԵԿ-ից կստանա 324 միլիոն դրամ։

Շողերինա Մկրտչյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ կանանցից մեկը։ Նրա անունով են գրանցված նաև պատգամավոր ամուսնու՝ Սամվել Ալեքսանյանի, մի շարք բիզնեսներն ու անշարժ գույքերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շողերինա Մկրտչյանի՝ որպես պատգամավորի կին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա վարձակալության տրվող տասնյակ տարածքներ ունի։

Սակայն Մկրտչյանը տարիներ շարունակ թաքցրել է մաքսատանը տրամադրած տարածքից ստացվող եկամուտը, քանի որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա՝ 2012-2017 թվականների հայտարարագրերում այդպես էլ չգտանք վարձակալության այսչափ եկամուտի մասին տեղեկատվություն։

Շողերինա Մկրտչյանի ներկայացրած վերջին հայտարարագիրը 2017 թվականի տարեկան հայտարարագիրն է։ Այդ տարվա ավարտին նա հայտարարագրել է միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոց և վարձակալության, շահաբաժնից ունեցած միլիոնավոր դրամի եկամուտ։

Մասնավորապես՝ պատգամավորի կինը նախորդ տարի հայտարարագրել է 2 միլիարդ 235 միլիոն դրամ, 8․2 միլիոն դոլար։ Շողերինա Մկրտչյանը հայտարարագրել է 12 անշարժ գույքի վարձակալությունից ստացված 67 միլիոն դրամի եկամուտ, չորս ընկերություններից ստացված 274 միլիոն դրամի շահաբաժին և երկու միլիոն դրամ՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով