Պատմության այս օրը

Մինաս Կարապետի Ավետիսյանը ծնվել է  հուլիսի 20ին 1928թ Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում) – փետրվարի 23, 1975, Երևան), հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։

Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր, իսկ մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր էր։

Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպել է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է եղել նրա համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գեղագիտական կրթությունը նկարիչը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (1947-1952)։ Մի տարի սովորելուց հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1953 թվականին տեղափոխվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որտեղ սովորել է Ա. Զայցևի և Լ. Խուդյակովի արվեստանոցում։ Ավարտել է 1960 թվականին ու վերադարձել է Երևան։ Դիպլոմային աշխատանքի ղեկավարը եղել է Բորիս Յոհանսոնը։

Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին։

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-1967 թթ ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։

Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։

1975 Փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 24-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով