Պավլիկ Մանուկյանի ցնցող հայտարարությունը…

«ՊՊԾ գնդում ձեռքից վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած ոստիկանի դեմ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյանն է, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը»,- այսպիսի աղմկահարույց հայտարարությամբ է այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հանդես եկել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը։

Այսքանով սակայն վերջինիս նորահայտ «բացահայտումները» չեն ավարտվել։ Պ. Մանուկյանը վստահեցրել է նաև, որ  Արմեն Բիլյանին մեկ այլ հոդվածով առաջադրված մեղադրանքը, այն է՝ Պարեկապահակային ծառայության գնդում տեղադրված բանկոմատը բացելու հետ կապված դրվագը, նույնպես կապ չունի Բիլյանի հետ: Դրա հեղինակը, ըստ Պ. Մանուկյանի, Մխիթար Ավետիսյանն է։

Այս համատեքստում տեղին է նշել, որ Պավլիկ Մանուկյանի կողմից մատնանշված անձինք այս պահին դատարանի որոշմամբ կալանքի տակ չեն գտնվում։ Վերջիններս, ի դեպ, արդեն իսկ հերքել են Պ.Մանուկյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա հայտարարությունն անմիջապես սոցիալական ցանցի իր էջում հերքել է նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ ««Սասնա Ծռեր» խմբից Էդվարդ Գրիգորյանը ՊՊԾ գնդում ոչ մի պատահական կրակոց չի արձակել, որևէ անձի հրազենային վնասվածք չի պատճառել»։

Այս պատմության մեջ ուշագրավ մեկ հանգամանք էլ կա։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Պավել Մանուկյանն ու Մխիթար Ավետիսյանն ազգականներ են. Մխիթար Ավետիսյանը վերջինիս կնոջ եղբայրն է, և Պ. Մանուկյանի այսօրվա հայտարարությունն առնվազն տարակուսելի է։ Մնում է միայն ենթադրել, թե ինչը կարող էր երբեմնի գաղափարակից ազգականների միջով սև կատու անցկացնել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով