«Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛ քաղաքապետ, և՛ նախարար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների համար կանխատեսելի էր, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո Երևանի ավագանին ոչ թե նոր քաղաքապետ ընտրելու, այլ այն լուծարելու ճանապարհը կնախընտրի: Ասել է թե, սարերի հետևում չէ այն օրը, երբ մայրաքաղաքի բնակիչը կրկին առիթ կունենա նոր ավագանի ընտրել:

Ու թեև դեռ հստակ չէ, թե այդ ընտրությանը ո՞ր կուսակցությունները մասնակցության հայտ կներկայացնեն, սակայն ԲՀԿ-ն, ինչպես ավելի վաղ հայտարարել են, անպայման մասնակցելու է արտահերթ ընտրություններին:

Ուշագրավը, սակայն, այն է, որ ավագանու վերջին նիստի ժամանակ կայացված որոշման թանաքը դեռ չէր չորացել, երբ սոցիալական ցանցերում սկսվեցին քնարկումներ, թե ԲՀԿ Երևանի ավագանու ցուցակը գլխավորելու է Նարիա Զոհրաբյանը: «Փաստ»-ը փորձեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից պարզել, թե արդյո՞ք իրական են այդ խոսակցությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի կայացրած միայն մեկ քաղաքական որոշում՝ մենք անպայմանորեն մասնակցելու ենք ավագանու արտահերթ ընտրություններին: Ով կգլխավորի ԲՀԿ համամասնական ցուցակն, այս պահին դեռ քննարկվում է:

Միայն մեկ բան կարող եմ ասել, որ այն լինելու է արժանապատիվ ցուցակ, քաղաքական գործիչների ցուցակ, ովքեր հստակ հասկանում են Երևանի կառավարման առանձնահատկությունները, գիտեն մայրաքաղաքի խնդիրները: Մենք առաջարկելու ենք Երևանի կառավարման այն մոդելը, որն իսկապես լինելու է արդյունավետ և համոզված ենք, որ սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը չի ամբողջանա, եթե թե՛ Երևանի ավագանու, թե՛ խորհրդարանական նույնպիսի որակի ընտրություններ չլինեն: Հակառակ դեպքում հեղափոխության արժեքը միանշանակ կզրոյանա»,- ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ վստահ է և ուզում է հավատալ, որ այս ընտրություններում Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ վարչական ռեսուրս և ընտրակաշառք չեն բաժանվելու, և իսկապես տեղի են ունենալու արդար ընտրություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորի կարծիքով, պետք է նաև թույլ չտալ, որ ընտրությունները «մորդոբոյ» հիշեցնեն, կեղտոտ քարոզչական հնարքներով և գոտկատեղից ներքև հարվածներով ընթանան: Եվ կոչ արեց բոլոր մրցակիցներին՝ ոչ թե միմյանց ոչնչացնելու ճանապարհով գնալ, այլ յուրաքանչյուրը Երևանի զարգացման իր ծրագիրը ներկայացնի երևանցու դատին:

«Բարգավաճ Հայաստանը» գալիս է օգնելու նոր իշխանությանը: Մենք ասում ենք՝ ունենք մայրաքաղաքի առջև ծառացած խնդիրները լուծելու տեսլական: Արդար ընտրության արդյունքում երևանցին ում կտա վստահության իր քվեն, պարզ կլինի հետագայում, բայց եթե վստահության առավելագույն քվեն չտա մեզ և եթե ընտրությունները լինեն արդար, մենք պատրաստ ենք սեղմել հաղթողի ձեռքը և միասին լուծել Երևանի առջև ծառացած խնդիրները:

Եվ այն անառողջ դեբատը, որը սկսվել է սոցիալական ցանցերում, թե իբր անկախ նրանից՝ թեկնածուն պրոֆեսիոնալ է, թե ոչ, ում էլ որոշի իշխող կուսակցությունը, նա էլ դառնալու է քաղաքապետ, ընդունելի չէ և չի կարելի նման ձևով մոտենալ հարցերին»,– ասաց պատգամավորը: Նա նաև ընդգծեց, որ այդօրինակ արտահայտություններն իրեն հիշեցնում են «պոլի փայտ լինի, ՀՀՇ–ից լինի», «անպատրաստ լինի, Հանրապետականից լինի» «կարգախոսները»: Եվ պետք է բոլորն ազնիվ լինեն միմյանց հանդեպ և կարողանան արդար գնահատել բոլոր ուժերին:

«Ես հասկանում եմ, որ կա հանրային մեծ վստահություն ունեցող Նիկոլ Փաշինյան, բայց ես ասել եմ` Նիկոլ Փաշինյանը չի կարող միաժամանակ աշխատել և՛ վարչապետ, և՛ քաղաքապետ, և՛ նախարար: Ցանկացած բնագավառում պետք է աշխատի պրոֆեսիոնալ, մաքուր կենսագրությամբ, սկզբունքային, կոռուպցիայի հետ կապ չունեցող մարդ:

Այս սկզբունքներով առաջնորդվելու դեպքում վստահ եմ` կհաղթի Երևանը և երևանցին: Պետք չէ ցանկացած քայլարշվին մասնակցածի որպես քաղաքապետի թեկնածու ներկայացնել: Եվ եթե լինի պրոֆեսիոնալ, ով հասկանում է քաղաքի խնդիրները, ապա մենք երկու ձեռքով կողմ կլինենք, որ ընտրվի արժանավորը: Եվ ի վերջո, հանդուրժողականության հեղափոխությունը եղել է նրա համար, որ այլևս չգործի՝ իմ թիմից է, ուրեմն բացարձակ մեկնարկային առավելություն ունի սկզբունքը: Սա անընդունելի է, քանի որ կփչացնի այն կարևոր ձեռքբերումը, որը մենք բոլորս միասին ունեցանք»,- համոզված է Ն. Զոհրաբյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով