«Մեզ «Աշտարակ-կաթը» պետք չէ: Ինչ կատարվել է, Ափոյանը տեղյակ է եղել՝ ոչ ոք իրեն ո՛չ ստիպել է, ո՛չ էլ նեղել է». Արտակ Ասատրյան

Օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ «Աշտարակ-կաթ» ՓԲԸ-ի նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը՝ պնդելով, թե իր գործարանը «ռեյդերային զավթման» զոհ է դարձել «Պարգև» ՍՊԸ-ի կողմից:

Սկանդալային այս պատմության պարզաբանման նպատակով 168.am-ը զրուցեց ամերիկյան Adra Remara Enterprises Inc ընկերության ներկայացուցիչ Արտակ Ասատրյանի հետ: Վերջինս նշեց, որ «Պարգև» ՍՊ ընկերության հիմնադիրն է «Ադրա Ռեմարա» ընկերությունը, որի սեփականատերն իր եղբայր Արա Ասատրյանն է: Այդ ընկերությունն ավելի քան 15 տարի է՝ գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, իսկ Հայաստանի հետ կապը սկիզբ է առնում 2006 թվականից, երբ արտահանումներ է սկսել կատարել դեպի Հայաստան:

«Ունեցել ենք տարբեր կազմակերպություններ, եղել ենք ՀՀ խոշոր հարկատուներից մեկը: Ժամանակի ընթացքում ստեղծել ենք սառցարանային մեծ կոմպլեքս՝ 4 հազար տոննա տարողությամբ: Եղբայրս՝ Արա Ասատրյանը, միշտ ձգտում է ունեցել օգնել Արցախին, դրա համար նա որոշեց հիմնել «Պարգև» ՍՊ ընկերությունը, որն էլ 2011 Հադրութում հիմնեց պահածոների գործարանը»,- պատմեց Արտակ Ասատրյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է «Աշտարակ կաթի» հետ կապին, ապա, Ասատրյանի խոսքով, նա ընկերության ղեկավար Աշոտ Ափոյանի հետ ծանոթացել է 2010-11թթ.-ին, ով հետաքրքրվել է, թե ինչով իրենց ՍՊԸ-ն կարող է օգտակար լինել «Աշտարակ-կաթին»: Ասատրյանը ներկայացրել է ապրանքների այն ցանկը, որ կարող են մատակարարել Ափոյանի ընկերությանը՝ կարագ, կաթի փոշի, իտալական կոկոսի յուղ և այլն, և Ափոյանը համաձայնել է: Պարզապես խնդրել է, որ համագործակցեն վարկով՝ մինչև 500-600 հազար դոլարի սահմաններում (ապրանքի տեսքով): Ընդ որում, մեր զրուցակցի խոսքով՝ նշել է, թե այդպես է աշխատում բոլոր իր մատակարարների հետ.

«Քանի որ այդ ապրանքները ներմուծվում էին ԱՄՆ-ից, ես այս հարցը համաձայնեցրեցի «Ադրա Ռեմարա» ընկերության հետ: Փորձնական սկսելու համաձայնությունը ստացա այն պայմանով, որ Ափոյանը գրավ առաջարկի, քանի որ խոսքը մեծ գումարի մասին է: Սակայն վերջինս այդ պայմանից նեղվեց, ասաց, թե մեծ կազմակերպություն է, և գումարի խնդիր չունեմ, ու ես նրան հավատացի: Եվ սկսեցինք աշխատել: Սկզբնական շրջանում նա գումարը վճարում էր, բայց ոչ պարտաճանաչ ձևով, և արդյունքում՝ այդ պարտքը հասավ մինչև 2 մլն դոլարի:

Ինչ-որ ժամանակ անց ես զգացի, որ նա դժվարանում է գումարի վճարման հարցում, ու քանի որ դա լուրջ գումար է, իմ աշխատակիցներին հանձնարարեցի ուսումնասիրել շուկան և հասկանալ, թե ինչ վիճակում է «Աշտարակ-կաթը»: Պարզվեց, որ ընկերության վիճակն այնքան էլ լավ չի, և դա ինձ, բնական է, մտահոգեց: Ւնքս էլ սկսեցի հետաքրքրվել, և առաջինը, ինչ ես իմացա, այն էր, որ Ափոյանը ռուսական «Prodinvest» ընկերությանը շուրջ կես միլիոն դոլար է պարտք եղել, և քանի որ չի կարողացել այլ կերպ այդ խնդիրը լուծել` իմ պես մի քանի մատակարարներին վճարվելիք գումարը հավաքել և տվել է այդ ընկերությանը»,- պատմեց Ասատրյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրանից հետո Աշոտ Ափոյանի առջև պայման է դրվել, որ պարտքը կամաց-կամաց սկսի փակել, միաժամանակ նվազեցվել է նրան մատակարարումների ծավալը: Բայց քանի որ Ափոյանն այստեղ ևս խնդիրներ է ունեցել, անձամբ հանդիպել են, և Ասատրյանը նրան ասել է, որ, տեսնելով, որ «Աշտարակ-կաթի» վիճակը վատ է, վերջինս կա՛մ իր պարտքը շուտ փակի, կա՛մ գրավ դնի այդ գումարի դիմաց: Ափոյանն օրեր անց առաջարկել է այդ գումարի դիմաց տալ Սոչիում գտնվող իր «Դուդուկ» ռեստորանը, սակայն մի քանի օր անց այդ ռեստորանն այրվել է: Հաջորդ առաջարկը եղել է՝ վաճառել իրեն պատկանող ջրերի գործարանն ու մարել պարտքը, բայց դա էլ չի արել:

Արտակ Ասատրյանը նշում է, որ այդ բանակցությունների ընթացքում, երբ Ափոյանը, իբրև թե, ելքեր էր փնտրում, «Պարգև» ՍՊԸ-ն «Աշտարակ-կաթին», թեկուզ և փոքր քանակությամբ, բայց ապրանք մատակարարել է: Բայց համբերությունը հատել է.

«Արդյունքում՝ նա առաջարկեց գրավ դնել «Աշտարակ-կաթ» ապրանքանիշը, բայց մեր կողմից պահանջ դրվեց, որ որոշակի վերահսկողություն լինի, բայց վերահսկողությունը ոչ թե՝ գործարանի կամ իր գործունեության, այլ շուկայում առկա իրավիճակի նկատմամբ: Այդ գործարքը եղավ իր խնդրանքով, թեև ես դա չեմ ցանկացել՝ ես միշտ իրեն ասել եմ, որ ինձ իմ գումարն է պետք:

Ինչ-որ ժամանակ անց ես հասկացա, որ «Աշտարակ-կաթ» բրենդը լրիվ ապականվում է՝ խանութներում ապրանք չեն ընդունում, վերադարձը շատ է, ապրանքն էլ անորակ է: Նորից հանդիպեցինք Ափոյանի հետ, այդ ամենը ես իրեն ներկայացրեցի, նա արձագանքեց, թե հումքի հետ խնդիր ունի, ինչը բնական է, քանի որ բոլոր մատակարարներին նա պարտք էր:

20 օր անց, երբ նա դարձյալ չկարողացավ գումարը վերադարձնել, Աշոտ Ափոյանն ինքն առաջարկեց, որպեսզի ես ինչ-որ ժամանակ աշխատացնեմ գործարանը, վերականգնեմ «Աշտարակ-կաթի» անունը, մինչ ինքը կհավաքի իմ գումարը: Ես մտա այդ ռիսկի տակ, թեև իրեն էլ զգուշացրեցի, որ պետք է ներդրում արվի գործարանում, քանի որ անգամ մինիմալ հումքը չկար:

Նա համաձայնեց: Ես իմ չորս աշխատակիցների հետ եկա գործարան, որտեղ այդ պահին աշխատողները գործադուլ էին անում ու պահանջում 4 ամսվա աշխատավարձը, նաև գյուղացիները պահանջում էին իրենց պարտքը՝ 160 մլն-ը: Ես խոսեցի աշխատակիցների հետ և տեղեկացրեցի, որ «Պարգև» ՍՊԸ-ն վերագործարկում է գործարանը, և իրենք կստանան այդ րոպեից սկսած աշխատածի դիմաց աշխատավարձ, բայց պարտքի հետ ես գործ չունեմ: Պայմանավորվեցի նաև գյուղացիների հետ, որպեսզի նրանք կաթ մատակարարեն, իսկ ես կփակեմ այդ պարտքը»,- պատմեց նա:

Մամուլում առկա այն պնդումները, թե գործարանը, այսպես կոչված, «ռեյդերական զավթումով» են ներխուժել, Արտակ Ասատրյանը անհիմն մեղադրանք անվանեց: Նրա խոսքով, այդ օրը Ափոյանին զանգել-տեղեկացրել են, որ «Պարգև» ՍՊԸ-ից են եկել, Ափոյանն էլ ասել է, թե տեղյակ է, որից հետո ղեկավարությունն իրենց իրերը հավաքել ու գնացել է, ինչպես և եղել է պայմանավորվածությունը: Մեկ ամիս անց ինքն Ափոյանին ասել է, որ իրավիճակ պետք է փոխվի, քանի որ գործարանը ներդրումներ է պահանջում, վերջինս դարձյալ սին խոստումներ տալով՝ ժամանակ է կորզել, սակայն մեկ ամիս էլ չանցած թուրքական մի ընկերություն, որը «Աշտարակ-կաթին» պաստերիզացման համակարգ էր տվել, սկսում է ընկերության սնանկության գործընթաց (40 հազար դոլարի համար): Ափոյանին անգամ սա չի անհանգստացրել, և նորից խոստում է տվել, թե գումարը «հես ա-հես ա կլինի, դիմացի»: Բայց գումարի փոխարեն՝ եկավ սնանկության կառավարիչը և «Պարգև» ՍՊԸ-ին զգուշացրեց, որ պետք է դուրս գան գործարանից, որի գույքը պետք է վաճառքի պարտքի մարման համար: Ընթացքում սնանկության գործընթացին միանում են աշխատողները, նաև բանկը, որին Ա. Ափոյանը 10 մլն դոլար է պարտք, և 300 մատակարարներ: Դատարանի համաձայնությամբ, սակայն, «Պարգև» ՍՊԸ-ին թույլատրում են աշխատել, և մեծ դժվարությամբ հաջողվում է պահել գործարանը.

«1,5 տարի աշխատելու ընթացքում մենք «Աշտարակ-կաթում» կատարել ենք 6 մլն դոլարի ներդրում, միայն այս տարվա վեց ամիսների ընթացքում գյուղացիներից մթերել ենք 1 մլրդ դրամի կաթ: Այդ ընթացքում ո՛չ Աշոտ Ափոյանը, ո՛չ նրա որդին կամ իրենց կողմնակիցները ո՛չ եկել են, ո՛չ էլ հետաքրքրվել իրավիճակով, մենակ մի քանի անգամ Ափոյանը խնդրել է, որ ես գյուղացիներին փոխանցեմ, որ իր տուն չգնան ու փող չուզեն: Դա է եղել, մինչդեռ սնանկության կառավարիչը շնորհակալություն է հայտնել, որ մեզ հաջողվեց պահպանել գործարանը»,- ընդգծեց նա: Բայց ահա այսօր Ափոյանը, շարունակեց նա, նման լուրեր է տարածում, թե իրեն վատություն են արել, «Աշտարակ-կաթն» ուժով զավթել են, և այլն:

«Հատուկ շեշտում եմ. «Աշտարակ-կաթ» անունը, և ոչ թե գործարանը, քանի որ այսօրվա դրությամբ գործարանը բանկի բալանսի վրա է, ինձ պետք չի: Թող Աշոտ Ափոյանը կամ իր կողմնակիցները միջազգային աուդիտորական կազմակերպություն բերեն, գնահատեն մեր ներդրումները, մեր աշխատանքը, որի ընթացքում այս բիզնեսը 0-ից դարձել է իրենից ինչ-որ բան ներկայացնող բրենդ՝ 5 տոկոս շահութաբերությամբ, մեր գումարները տան, մենք էլ այստեղից դուրս գանք: Մեզ «Աշտարակ-կաթը» պետք չէ: Եվ սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Ինչ կատարվել է, Ափոյանը տեղյակ է եղել՝ ոչ ոք իրեն ո՛չ ստիպել է, ո՛չ էլ նեղել է»:

Աշոտ Ափոյանն իր հարցազրույցում նաև նշել է, թե «Աշտարակ-կաթ» բրենդն արժե 35 մլն դոլար, մինչդեռ Արտակ Ասատրյանը պնդում է, որ, եթե դա այդպես լիներ, ապա բանկերն ու միջազգային կազմակերպությունները, որոնք Ափոյանին գումար տրամադրելու խոսք էին տալիս, առանց մի րոպե վարանելու այդ գումարը կտային: Այնպես որ, արդեն իսկ հասկանալի է, որ այդ բրենդն այդքան չարժի: Ավելորդ է համարում նաև ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ, եթե այդ բրենդն արժե այդքան միլիոն դոլար, ի՞նչ էր 40 հազար դոլարը, որ նա չկարողացավ վերադարձնել թուրքական ընկերությանն ու գործարանը կանգնեցրեց սնանկության վտանգի ու ընդմիշտ կորցնելու առաջ:

Վերջում Ասատրյանն անդրադարձավ նաև այն հայտարարությանը, թե իբր Ափոյանն ունեցել է մեծ քանակությամբ պահեստավորված ռոքֆոր պանիր, որը Ճամբարակի պանրի գործարանի պահեստում է եղել: Գործարանը 57 մլն դրամով գնելուց հետո պարզվել է, որ այդ պանիրը ժամկետանց է, վնասակար է առողջության համար: Եվ երբ խոսք է գնացել այդ պանիրն ուտիլիզացնելու մասին, Ճամբարակի քաղաքապետը երկար ժամանակ երկմտել է տարածք տրամադրելու հարցում՝ վախենալով, որ դա կվնասի հողերին:

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով