ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբին է ներկայացվել ՀՀ վարչապետին առընթեր գործող հանձնաժողովի առաջարկների մի մասը

Հուլիսի 13-ին ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը գումարել է հինգերորդ նիստը, որին մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը եւ անդամ Աղասի Եսայանը:

Արարատ Միրզոյանը պատգամավորներին պարզաբանել է, թե ինչպես է պատկերացնում համագործակցությունը ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմիններում ձեւավորված աշխատանքային խմբերի միջեւ: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ հուլիսի վերջին ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կամբողջացնի ընտրական օրենսդրության բարեփոխումներ նախատեսող իր հայեցակարգը, որից հետո հնարավոր կլինի առավել արդյունավետ աշխատել խորհրդարանական աշխատանքային խմբի հետ: Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ քննարկումների լավագույն տարբերակում պետք է խորհրդարանի քննարկմանը ներկայացվի մեկ միասնական նախագիծ, որը հաջորդիվ կանցնի նախատեսվող փուլերը՝ քննարկումներ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն եւ այլն: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամկետն անփոփոխ է՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում, որից երկու ամիսն արդեն անցել է:

Այնուհետեւ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը շարունակել է ներկայացնել հանձնաժողովի մոտեցումները: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսդրությունից հանել քաղաքական ուժերի՝ կոալիցիա կազմելու թվի սահմանափակումը. գործող օրենսդրությամբ կոալիցիա կարող է կազմել երեք քաղաքական ուժ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջարկի վերաբերյալ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները տարբերվում էին. ըստ ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Դավիթ Հարությունյանի՝ սահմանափակումը հանելն անկայուն քաղաքական վիճակ կարող է ստեղծել խորհրդարանում: Նա առաջարկեց 3-ի փոխարեն ամրագրել 4-ը, այս տեսակետին համակարծիք էր նրա կուսակից, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: ՀՅԴ խմբակցության անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Սպարտակ Սեյրանյանը, ինչպես նաեւ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կողմ արտահայտվեցին սահմանափակումը հանելու գաղափարին:

Հարցի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Սերգեյ Բագրատյանի կարծիքներն իրարամերժ էին. Սերգեյ Բագրատյանը կողմ էր սահմանափակումը հանելուն՝ ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ խորհրդարանում կանանց ներկայացվածությանը, ընտրական վարչարարությանը, տարածքային եւ տեղամասային հանձնաժողովների ձեւավորմանը, քվեարկությունների տվյալների ամփոփմանը, քվեարկած անձանց ցուցակների հրապարակմանը վերաբերող դրույթները: Կանանց ներկայացվածության հարցի կապակցությամբ Դանիել Իոաննիսյանը նշել է, որ առաջարկվում է Ընտրական օրենսգրքի անցումային դրույթներով նախատեսված քվոտավորումն իրականացնել արդեն այս ընտրություններում, ինչը նախատեսում է, որ կանանց ներկայացվածությունը խորհրդարանում կարող է մեծանալ: Ինչ վերաբերում է քվեարկած անձանց ցուցակների հրապարակման հարցին՝ առաջարկվում է ներդնել այնպիսի մեխանիզմ, որով հնարավոր կլինի որոնման համակարգով պարզել՝ արդյոք այս կամ այն քաղաքացին քվեարկել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 17-ին՝ ժամը 12:00-ին: ՀՀ ԱԺ խմբակցությունները կներկայացնեն իրենց պատկերացումները ընտրական համակարգի վերաբերյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով