ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակությունը Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հուլիսի 6-12-ը Բեռլինում մասնակցել է ԽՎ տարեկան ամփոփիչ նստաշրջանի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արման Սաղաթելյանը եւ Կարեն Բեքարյանը:

Խորհրդարանական պատվիրակության անդամները նստաշրջանի ընթացքում ակտիվ աշխատանք են կատարել, ունեցել շուրջ 15 ելույթ, ներկայացրել բազմաթիվ առաջարկներ: Հայ խորհրդարանականները մասնակցել են քաղաքական եւ այլ հարցերի քննարկումներին, աշխատանքներին ու հանդիպումներին:

Պատգամավոր Լենա Նազարյանն իր ելույթում անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին՝ նշելով, որ դրանով մեր երկիրն իրեն դրսեւորեց որպես ժողովրդավարական պետություն եւ հասարակություն, որտեղ ժողովրդավարությունը լուրջ հիմքերի վրա է: Նրա խոսքով՝ Հայաստանն էական առաջադիմություն է արձանագրել՝ միաժամանակ սահմանելով բարձր նշաձող տարածաշրջանի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տիգրան Ուրիխանյանն իր խոսքում պատասխանել է ադրբեջանական պատվիրակի՝ ավելի վաղ հայկական կողմին ուղղված «մեղադրական» հարցադրումներին: Հայ պատգամավորը նշել է, որ տարածաշրջանը լրջորեն միլիտարիզացվում է, Ադրբեջանն անցել է սպառազինման բոլոր հնարավոր եւ անհնարին սահմանները: Կազմակերպության լիագումար նիստում որպես ահազանգ հնչեցվել է, որ կուտակվող զենքը հարձակողական է եւ ուղղված է հայերի դեմ:

Արբեջանցի պատվիրակ Ա. Գուլիեւի հարցում ակնարկ է եղել Մինսկի կոնֆերանսի մասին, պարունակվել հայկական կողմին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու կոչ: Ի պատասխան նշվել է, որ հայկական կողմը երբեք էլ չի հեռացել բանակցային գործընթացից, մինչդեռ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է դուրս գալ ՄԽ-ի ձեւաչափից, հարցը տեղափոխել այլ շրջանակ:

Բեռլինյան դեկլարացիայում եւս հաջողվել է նպաստավոր ձեւակերպումներ ամրագրել: Քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեի բանաձեւում ներառվել է կետ, որտեղ մանրամասն ամրագրվել են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կետում հայկական կողմին հաջողվել է ներառել շփման գծում լարվածությունը նվազեցնելու լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կոչ: Կետի ընդհանուր պահանջն է անվերապահորեն վերսկսել բանակցությունները հակամարտության կայուն կարգավորման հասնելու նպատակով: ՄԽ համանախագահներին կոչ արվում է կրկնապատկել ջանքներն այդ ուղղությամբ:

Բանաձեւը ներառում է նաեւ կետ, ըստ որի ԵԱՀԿ-ն հանձնառու է իր տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումն իրականացնել խստորեն սահմանված բանակցային ձեւաչափերով:

Ադրբեջանական պատվիրակությունը քննադատությունների է արժանացել նաեւ եվրոպացի այլ պատգամավորների կողմից: Դրանք մասնավորապես վերաբերել են Արբեջանում անցկացված ընտրություններին, մարդու իրավունքների ոտնահարմանը, կոռուպցիայի տարածմանն ինչպես այդ երկրում, այդպես էլ միջազգային կառույցներում:

ԵԱՀԿ ԽՎ հաջորդ՝ աշնանային նստաշրջանը, տեղի է ունենալու սեպտեմբերին՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով