«Իմ քայլը» հիմնադրամը գործելու է թափանցիկ և հաշվետու է լինելու յուրաքանչյուր ծախսված դրամի համար». Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը տրվեց երեկ երեկոյան։

Հիմնադրամը, ըստ Աննա Հակոբյանի, դառնալու է հարթակ բոլոր այն կարևոր խնդիրների լուծման համար, որոնք մինչ այս չեն ստացել լիարժեք լուծում։

«Մենք փորձելու ենք համատեղ ուժերով կառուցել բոլոր առումներով առողջ և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի և բոլորը կունենան հավասար հնարավորություններ։ Տարբեր մարդկանց հետ քննարկումների արդյունքում ուրվագծվեց մեր գործունեության շրջանակը, այն է՝ մշակույթ, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն։ Հիմնադրամն այս բոլոր խնդիրներին հասցեագրելու համար գործելու է երեք ձևաչափով. առաջին՝ մենք կամուրջ ենք լինելու հրաշալի գործեր կատարող անձանց և այդ հրաշալի գործերը ֆինանսավորելու պատրաստ անձանց միջև, երկրորդ՝ մենք հովանավորելու ենք արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերը կամ նրանք, ովքեր կառաջարկվեն, եթե դրանք համապատասխանեն արդեն ընդունված և հայտարարված չափանիշներին, և երրորդ՝ մենք կունենանք մեր 2-3 նախագիծը, որն ինքներս կմշակենք ու կիրականացնենք», – ասաց Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետի տիկինն ասաց՝ հույս ունի, որ արդեն հոկտեմբերից առաջին ծրագրերը կիրականացվեն։ Նա ընդգծեց՝ հիմնադրամը գործելու է թափանցիկ և հաշվետու է լինելու յուրաքանչյուր ծախսված դրամի համար։

Աննա Հակոբյանի խոսքով՝ հիմնադրամի գործունեության շարունակականությունը չի կապվելու իր անձի հետ, և ամուսնու պաշտոնավարման ավարտից հետո փոխանցելու է հաջորդ վարչապետի տիկնոջը։

«Խոստանում եմ, որ վարչապետի տիկնոջ կարգավիճակում իմ բոլոր քայլերը կլինեն բաց և տեսանելի բոլորի համար, և ես ամեն ինչ կանեմ կոնկրետ և շոշափելի արդյունքներ գրանցելու համար։ Հանուն Հայաստանի և Արցախի, դրանց քաղաքացիների, սփյուռքի մեր հայրենակիցների և ամենաբարձր և վեհ գաղափարների», – ասաց Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով նաև վերջերս Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված, ապա 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված, շուրջ 10 տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը ղեկավարած Արա Վարդանյանին՝ Աննա Հակոբյանը նշեց՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում տիրող իրավիճակը նորություն չէր։

«Վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամն ուներ խնդիրներ: Մենք գիտենք, որ սփյուռքի բարերարները մեծ տոկոսներով կրճատում էին իրենց հանգանակությունները, և խորքում այդ երևույթն էր, որն այս օրերին ջրի երես դուրս եկավ», – ասաց վարչապետի տիկինը։

Հարցին, թե արդյո՞ք սփյուռքը ներդրումներ կանի այդ դեպքից հետո, Հակոբյանը պատասխանեց. – «Հուսամ, որ դա չի ազդի որևէ կերպ։ Դեռ աշխատանքները չսկսած, մենք տեսնում ենք, որ հակառակ պրոցեսն է տեղի ունենում, մարդիկ՝ հատկապես սփյուռքում շատ ոգևորված են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությամբ, հեղափոխությամբ և շատ պատրաստակամ են իրենց ներդրումներն ունենալ այս փոփոխված Հայաստանում: Այնպես որ չեմ կարծում, որ դա կազդի»։

Կարծում է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի կարծիքով, Հայաստան – սփյուռք հարաբերություններն ավելի կամրապնդվեն շնորհիվ նոր ստեղծված հիմնադրամի։

Խանջյանը հատկապես կարևորեց հիմնադրամի թափանցիկությունը. – «Շատ կարևոր է, որ Հայաստան – սփյուռք հարաբերությունը այսպիսի ձեռնարկների միջոցով առաջ շարժվի:

Վարչապետը և տիկին Հակոբյանն շատ թափանցիկ մտածելակերպ ունեն, և սփյուռքը շատ սիրով փափագում էինք լսել նաև տիկին Հակոբյանի ծրագրերն ու նպատակները՝ ի նպաստ Հայաստանի»։

 

«Ազատություն» ռ/կ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով