Երևանում Նիկոլ Փաշինյանին ներկայացնող ուժը չի կարող մեծ քանակի ձայն հավաքել. Ահարոն Ադիբեկյան

Երևանում Նիկոլ Փաշինյանին ներկայացնող ուժը չի կարող մեծ քանակի ձայն հավաքել՝ ի տարբերություն մարզերի: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով իր կանխատեսումները Երևանի ավագանու ընտրություններին տարբեր ուժերի հնարավորությունների մասին:

«Այս ընթացքում աշխատանքից ազատվածները կամ պաշտոնանկները երևանցիներ են, ունեն շրջապատ, ունեն ազդեցության բավականին մեծ դաշտ: Եթե նրանք շարունակեն իրենց ակտիվությունը, ապա Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի համար շանսերը բավականին կնվազեն»,- ասաց նա:

Մյուս կողմից, ըստ սոցիոլոգի, «Հանրապետական» կուսակցության պահվածքը նրանց համակիրներին կարող է դուր չգալ, նրանք էլ կորցնեն ձայների մեծ մասը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խնդիրն այն է, թե ընդդիմության անունից այսօր ով կարող է հանդես գալ: Եթե ընդդիմադիր «Ելքը» դարձել է իշխանական, դրա ընդդիմադիրն ո՞վ է, այն դեպքում, երբ «Հանրապետականն» էլ դեռ մնում է իշխանության մեջ:

Բավականին յուրահատուկ քաղաքական իրավիճակ է ստեղծվել, որը հիմա գնահատելն անհնար է»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյանի՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելը Ահարոն Ադիբեկյանը որակեց որպես մանկական խաղ: «Ավելի լուրջ խնդիր կա. վարչական շրջանների ղեկավարներն ունեն դեռ լծակներ, պահում են իրենց ազդեցությունը: Ընտրողների զգալի մասը կարող է իր ձայնը տալ նրանց, ովքեր հեռանկարում կարող են պահել իրենց ազդեցությունը»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դեպքում ՀՅԴ-ը, ըստ Ահարոն Ադիբեկյանի, անցողիկ շեմը կհաղթահարի, չեն հաղթահարի ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը: «Հիմնական պայքարը կգնա «Բարգավաճ Հայաստանի», «Հանրապետականի» և «Ելքի» (եթե որոշեն դաշինքով հանդես գալ- Ա. Ա.) միջև, որոնք ունեն ռեսուրսներ»,- ասաց նա:

Սոցիոլոգի կանխատեսմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում մեծամասնություն ոչ ոք չի ունենա, կլինի կոալիցիա: «Կարծում եմ՝ կմիանան Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը»,- ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով