Երկարատև ծառայողական ստաժ ունեցող սպաների բաց նամակը վարչապետին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ

Բարև Ձեզ հարգարժան պարոն վարչապետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ճիշտն ասած առավելագույնս ցանկացել ենք տեղի չտալով էմոցիաներին շարադրել մեր դիմումը: Հավատացեք, հոգեբանորեն և անարդարացիության դաժան հետևանքներից տուժած բազմաթիվ զինծառայողների և նրանց ընտանիքների (մայր, հայր, կին, երեխաներ, ինչու չէ` քույր, եղբայր) մեծ խմբի կողմի համաձայնությամբ է գրվել այս նամակը:

Սկսենք երևի նրանից, որ մեր նախաձեռնությունը չունի ոչ մի քաղաքական կոնտեքստ, միտված չէ խարխլել երկրի անվտանգությունը, ընդհակառակը` հարցի լուծումը կբերի այդ անվտանգության բարձրացմանը:

Ներկայումս զինվորական ծառայության մեջ գտնվող, սահմանային տարիքի հասած զինծառայողները ներգրավված են այս հարցին մի միայն առաջարկությունների մասով՝ նրանք բարեխղճորեն շարունակում են բարձր մարտական ոգով կատարել իրենց ծառայողական պարտականությունները, մեծամասնությունն` առաջնագծում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք մտահոգված են այնքանով, որ տեսնելով իրենց ավագ ծառայակից ընկերներին՝ իրենց զինվորական հմտությունները սովորեցրած, հմուտ, կենսաթոշակի անցած ու քաղաքացիական հասարակությունում չինտեգրված մի ահռելի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների խմբի, մտավախություն ունեն այդ խմբի շարքերը համալրելու ճակատագրով, եթե կոնկրետ լուծումներ չլինեն այս հարցին:

Նախաբա

Սպան հանդիսանալով պետության արտաքին թշնամուց անվտանգության ապահովման սուրբ գործի կորիզը, ընտրելով այդ ծանր, բայց սրբազան գործը, մոռանում է և հրաժարվելով քաղաքացիական կյանքում նույն տարիքի երիտասարդների նման կյանքի հաճույքները վայելելուց, հոգեբանորեն հասկանալով մասնագիտության` կյանքի համար վտանգավոր լինելու հանգամանքը, պատրաստ է զոհաբերել իր կյանքը հայրենիքի ամրության և բարեկեցության համար:

Պետությունը իրավական տեսակետից, համաձայն ՀՀ Սահմանադրության և օրենսդրական մյուս կարգավորումներով, որոնք համաձայնեցված են միջազգային տարբեր կառույցների և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային ինստիտուտների հետ, պարտավորվում է ապահովել այդ զիծառայողների իրավունքները:

Ծառայության անցնելով և ստորագրելով քաղաքացիա-իրավական երկարաժամկետ պարտավորության պայմանագիր, զինծառայողը զինվորական երդում տալով պարտավորվում է ենթարկվել ՀՀ ԶՈՒ զինվորական կանոնադրություններին, որտեղ նշված են կոնկրետ` կախված զբաղեցրած պաշտոնից, պարտականություններ, վերադաս հրամանատարության հրամանների անվերապահորեն կատարման կարգը և այլ հարցեր:

Համակարգային թերությունները բարձրաձայնելու խնդիր չունենք այս նամակում և հարիր չենք համարում ու տեխնիկապես էլ հնարավոր չէ արտացոլել այդ ամենը մի նամակում, ցանկանում ենք բարձրաձայնենք ամենաառաջնահերթ խնդրի մասին, որը վերաբերվում է զորացրված զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ ընդունված, չենք վախենա ասել նվաստացուցիչ, օրենքներում առկա դաժան ենթակետերին, որոնց ծառայության ընթացքում, հիմնականում ուշադրություն չի դարձնում զինծառայողը, մինչև չի կանգնում փաստի առջև:

Մնացած խնդիրների մասին հիմնավորված և լուրջ փաստեր կան, և մեր կողմից մեծ ցանկություն կա դրանք ներկայացնելու, և մենք կարծում ենք, որ դրանք Ձեզ ներկայացնելու համար Դուք ժամանակ կտրամադրեք մեզ` Ձեր օրվա կարգացուցակում պատուհան լինելու դեպքում:

  1. Զինծառայողը սահմանված կարգով ծառայության ընթացքում հաշվառվում է պաշտպանության նախարարության բնակարանային ապահովվման կարիքավորների հերթացուցակում` անցնելով բազմաթիվ քաղաքացիական, բյուրոկրատիզմով տառապող մարմինների քմահաճույքի և անտարբերության միջով (տեղեկանքներ հավաքելով կադաստրային մարմնից, բնակավայրից և այլ) և ամենակարևորը կտրվելով իր հիմնական պարտականությունների կատարումից, բացակայելով զորամասից (նույնիսկ սահմանային):
    Շատ դեպքերում սպայական կազմը չի գնում դրան` կարևորությունը տալով ծառայողական պարտականությունների կատարմանը:
    Անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ ամենով չի զբաղվում համապատասխան լիազոր, մեծաքանակ անձնակազմ ունեցող, ՊՆ մարմինը, որն ունի բոլոր զինծառայողների և անձնական տվյալները, ընտանիքի կազմը և կարգավիճակը: Այս ամենը հանդիսանում է թիվ 1 կոռուպցիոն սխեմաների առաջացման հարթակ և զինծառայողներին իրենց հիմնական պարտականություններից անհիմն կտրելու անթույլատրելի կարգ:
    Փաստորեն զինծառայողը գտնվում է ծառայության մեջ և իրավասու մարմինը չգիտի նրա ընտանիքի կազմը, գրանցման հասցեն կամ ընտանիքի կազմը, կամ սեփականության առկայությունը, որոնք իրենք անձամբ մի ցուցակով կարող են ճշտել պետական համապատասխան մարմիններից` համակարգչային տարբեր համակարգերով:
    Սպա դառնալու պահից պաշտպանության նախարարությունը պարտավոր է արդեն հաշվառել նրան բնակարանային տարածքի կարիքնավորների ցուցակում, որովհետև անկախ նրանից, սպան հայրական տուն ունի թե, ոչ և հարց է, նրա հետ բնակվող մյուս ընտանիքի անդամներից ու՞մ կկտակի այդ տունը իր հայրը, պետության և սպայի միջև քաղաքացիա-իրավական կնքված պայմանագրով նա պարտավորվում է 20 տարի ծառայել, այնտեղ` որտեղ կլինի հերթական նշանակումը:
    Նույն պրոցեսը սկսվում է ծառայողական բնակարանի բացակայության դեպքում բնակվարձի փոխհատուցում ստանալու իրավունքը ձևակերպելու համար, որը նույն բյուրոկրատական պրոցես է: Նորից տուժվում են ծառայության առաջնահերթություն ունեցող սպայական կազմը, արդյո՞ք դա արդարացի է: Եվ ասենք ավելին, ոչ մի անգամ իրավասու մարմինը նախաձեռնող չի լինում, ուզում ես հավաքի թղթերդ մի քանի անգամ ետ ու առաջ անելով, թերություններ լինելու պատճառով, իր համար միևնույնն է:
    Խնդրում ենք մեծ ուշադրություն դարձրեք այդ ընթացակարգում փոփոխությունների կատարման, ինքնստիքյան կկանխվի կոռուպցիան՝ բնակարանների կարիքավորների հերթացուցակում ինքնակամ փոփոխություններ կատարելու լկտի պրակտիկայում (կան վառ փաստեր և կան զինծառայողներ, որոնց հերթը հերթացուցակում, օրինակ 10-րդից դարձել է 50-րդը և հիմնավորում չի տրվել):
    Մեր առաջարկվող տարբերակով, բացառությամբ զոհվելու, հաշմանդամ դառնալու և այլ հատուկ դեպքերից, բնակարանային ապահովման հերթ հասկացությունը վերանում է և կոռուպցիոն ռիսկերը փոքրանում, քանի որ յուրաքանչյուր զինծառայող, այլևս չկտրվելով հիմնական պարտականությունները կատարելուց, օրենքով պաշտպանված կլինի 20 տարվա ծառայության ստաժը լրանալիս: Տվյալ մասով ունենք կոնկրետ առաջարկություններ կարող ենք ներկայացնել մեր առաջարկությունները:
  2. Զինծառայողի ընտանիքի անդամ հանդիսացող երեխաների մասով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում նշված կարգով, 18 տարին լրացած երեխային կամ մյուս ընտանիքի անդամներին (հայր, մայր միայն բացի հատուկ դեպքերից) հաշվառման չեն վերցնում, դեռ ավելին` ընտանիքի անդամ չեն համարվում:
    Այդ դեպքում, եթե 18 տարին չլրացած երեխան վերցված է հաշվառման որպես զինծառայողի ընտանիքի լիարժեք անդամ, բնակվելու իրեն հասանելիք բնակության տարածքով, արդյո՞ք առանց դատական որոշման ՊՆ իրավասու է, եթե զինծառայողը չի դիմել դատարան, 18 տարին լրացած զինծառայողի երեխային զրկել իրեն հասանելիք բնակության տարածքից և իրեն հասանելիք ժառանգության իրավունքից:
    Փաստացի ստացվում է, որ զինծառայողի հայրենիքը սկսվում է ոչ թե ընտանիքից, այլ ինչ որ չինովնիկի ընտանիքից: Այդ պատճառով էլ ժամանակ ձգձգելով արհեստականորեն հասցվում է նրան, որ զինծառայողի երեխայի տարիքը անցնում է 18-ից և նախկինում ներկայացված, արդեն 3 սենյականոց բնակարանային տարածքի շինարարությունից հետո կարող են առաջանալ վերաբաշխման ենթակա մի քանի ավել սենյակներ կամ բնակարաններ և գումարներ` կամայական կառավարման համար: Խնդրում ենք, օրենսդրական կարգավորում և ինքներդ որպես 4 երեխայի հայր` Ձեր կարծիքը:
  3. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում, որի հիմքում ՀՀ սահմանադրությունն է և միջազգային պարտավորվածություններն են, որտեղ ամրագրված է մարդու իրավունքների գերակայությունը, ինչպե՞ս է ստացվում, որ զինծառայողները,
    հաստատված կարգով զորացրվելիս, լիարժեք կատարելով պետության հանդեպ իրենց պայմանագրային պարտականությունները, պետությունը բառից բուն իմաստով փողոց է շպրտում արհեստավարժ սպային համարելով արդեն զինծառայությանը ոչ պիտանի՝ զրկելով բնակարանային վարձի փոխհատուցումից, բնակարանային կարիքավորների ցուցակի հերթը տեղափոխելով բնակարանային տարածքով ապահովման մի, ընդհանրապես, չկարգավորված ու անորոշ կարգավիճակի:
    Ասենք առավել, եթե պետությունը համարում է, որ 20 տարի ծառայած սպան առաջնահերթությամբ ավելի ցածր է, քան նորաթուխ սպան, ուրեմն ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնենք: Պետք չի հասնի այդ օրը կամ Դուք ինքներդ լավ գիտեք ապրիլյան պատերազմի ժամանակ այդ զինթոշակառուների ակտիվության արդյունքները:
    Մի մեջբերում անենք հայտնի զորահրամանատարի և քաղաքական գործչի բառերից՝ «Եթե ուզում ես ստեղծել անվտանգ և բարեկեցիկ կյանք պետությունում, մի անտեսիր և առաջնահերթ ապահովիր այդ անվտանգությունը և բարեկեցությունը նրանց համար` ով ապահովում է այդ ամենը»:
  4. Հարգելի վարչապետ մենք, որպես 20 և ավելի տարի զինվորական ստաժով զորացրված սպայական կազմ, մեր ընտանիքներով, երեխաներով ակտիվ ենք եղել քաղաքացիական անհանդուրժողականության և կլանային համակարգի տապալման Ձեր նախաձեռնության ժամանակ:
    Կարող է լինեն մարդիք, որոնք սիրում են շահարկել այն բառերը, թե «որտե՞ղ ենք եղել և ինչո՞ւ չենք բարձրաձայնել նախկինում»: Այդ մարդիք մեր հարցի բարձրացման կարգի մասով տգետ են, քանի որ մենք երբևից է թույլ չենք տվել խախտել ըստ վերադասության դիմելու կարգը, բայց հազարավոր գրված նամակներ, զեկուցագրեր իրենց թերի պատասխաններով կամ չպատասխանված, մեզ մոտ են և կտրամադրենք Ձեզ` հանդիպման ժամանակ (հուսով ենք հանդիպում կկայանա):
  5. Մենք ուշի-ուշով հետևում ենք նաև, որոշ նախկին նախարարների, ներկա քաղաքական որոշ գործիչների անպատասխանատու հայտարարություններին` թե «դա մեծ բեռ է պետության համար»:
    Ասեմ, որ նման մարդիք պետք է դեռ իմանան որ զինծառայողը և նրա ընտանիքն է կրում ամենամեծ զրկանքները և ապահովում իրենց քաղաքացիական կյանքի անվտանգությունն ու բարեկեցությունը:
    Նման մարդիք են ժամանակին իրենց պարտականությունները չկատարելով, կոռուպցիոն ճանապարհներով լափելով զինծառայողների հասանելիք ֆինանսական միջոցները, առաջացրել այդ ֆինանսական բեռը պետության վրա և պատասխանատու են զինծառայողների, նրանց ընտանիքների, նրանց երեխաների հանդեպ պարտականությունները օրենքում ամրագրված կարգով չկատարելու համար:
    Հարգարժան պարոն Վարչապետ:
    Հասկանում և քաջ գիտակցում ենք ներկա սկսված գործնթացների լրջությունը, մասշտաբները, ծանրաբեռնվածությունը:
    Մենք չունենք քաղաքական շահ, մենք ունենք օրենքի գերակայության շահ, մեր քաղաքականությունն մեր Երկիրն է, մեր Ընտանիքները, մեր Երեխաները, խաղաղությունը` սահմաներում եւ օրինապաշտ քաղաքացին:
    Մեր նախաձեռնությանը հիմնական և արագ արձագանքելու գլխավոր պատճառներից մեկն էլ Կառավարությանը ներկայացված «Մատչելի բնակարան զինծառայողներին» բնակարանի ձեռք բերման հիպոթեկային վարկավորման ծրագիրն էր:
    Մեզ համար շատ վիրավորական էր, որ առաջնահերթության կարգով 20 և ավելի տարի ծառայություն ունեցող սպայական անբնակարան կազմի վերաբերյալ պաշտպանության նախարարից լուծման տարբերակներ պահանջելու և հրապարակայնորեն, թափանցիկ քննարկելու փոխարեն, ընդունվում է նախկին իշխանության ժամանակ նախագծված օրենք, որով նորից սկսվելուէ զինծառայողից գանձվող եկամտահարկով, իրենց կոռուպցիոն ճանապարհներով կառուցված նորակառույցների վաճառքը նույն համբերատար և օրինապաշտ զինծառայողին:
    Դա նման է նախկինում մեզ շատերի հետ պատահած մի դեպքի հետ: Զինծառայողները ծառայելով տարբեր բնակավայրերում, ՃՈ ոստիկանները յուրաքանչյուր աշխատավարձի օրերին կանգնեցնում էին վարորդ զինծառայողներին, դեսից- դենից զրուցում և մենք փոքրիկ գումար էինք տալիս նրանց ընդմիջում անելու համար: Մեր հարցին` թե «մենակ մեզնի՞ց եք վերցնում, ճիշտն ասեք», պատասխանում էին, թե «էս քաղաքում մենակ դուք եք մի երկու կոպեկ առնում»:
    Հիմա այս ծրագրի իմաստն էլ դառնում է նույնը: Պետությունը 20 տարի սպային համարելով ամենա վճարունակ խումբ, ազատվում է այդ սպայի հանդեպ ունեցած պարտավորվածություններից և նրան վաճառում նրանից պահված եկամտային հարկերով կառուցված նորակառույցը: Սա ոչ թէ զիծառայողի և նրա ընտանիքի սոցիալական ապահովվածությանը նպաստող օրենք է, այլ ուղակի լավ բիզնես ծրագիր:
    Պետությունը պետք է պարտավորված լինի սպայի հանդեպ անշահախնդիր ձևով փոխհատուցել նրա երկարաժամկետ ծառայության համար: Հակառակ դեպքում 50 տոկոսով վերանում է սպա մասնագիտության գրավչությունը: Նախ պետությունը հստակ պետք է ամրագրի այդ անձնակազմի հանդեպ իր ունեցած պարտավորվածությունը և սպան հստակ համոզված լինի պետության կողմից դրա իրագործմանը: Ծրագիրը հակասահմանադրական կլինի եթե պարտադիր լինի:

Վերջաբան

  • Հարգելի պարոն Վարչապետ, Ձեզ դիմելու մեր որոշման հիմքերն են՝
    Ծառայության ընթացքում և հետո վերադաս հրամանատարությանը և համապատասխան մարմիններին գրված զեկուցագրերի և նամակների հարցի լուծում չպարունակող պատասխանները, հարցի լուծմանն ուղղված որևէ կանոնակարգված ընթացակարգի բացակայությունն է:
  • Դուք բազմիցս նշել եք և ինքներդ համոզվել, որ համացանցը և մամուլը պետք է հանդիսանա խնդիրների բարձրաձայնման թափանցիկ հարթակ: Կառավարության այդ նիստից հետո, տեսնելով բազում ծառայակից և բախտակից սպայական անձնակազմի արձագանքը, նախաձեռնեցինք բացել «20 տարի և ավել ծառայողական ստաժ ունեցող զինծառայողներ» ֆեյսբուքյան խումբը: Երկու օրվա ընթացքում 700 թոշակառու և ակտիվ զինծայող գրանցվեց, հիմա արդեն 1300, որոնցից ամեն մեկի հետ նաև իր ընտանիքն է: Սա մտահոգիչ պետք է լինի, քանի որ բոլորն էլ հիասթափված, լքված, առողջական, հոգեբանական խնդիրներով են և այդ ամենը ձեռք են բերել հիմնականում իրենց երկարամյա ծառայության ընթացքում:
  • Մեր նպատակն է հասնել այս հարցի լուծմանը և բոլորս պատրաստ ենք Ձեզ ներկայացնել մեր առաջարկությունները, հիմնավոր փաստերը, զեկուցագրեր, նամակներ` իրենց չհիմնավորված պատասխաններով:
  • Դուք ինքներդ Ձեր ելույթներում Ազգային Ժողովում նշում էիք մայորի, փոխգնդապետի, գնդապետի և առանձնապես սպայական կազմի հանդեպ նախկին կառավարության ունեցած ներքին կուլտուրայի մասին` ծանոթ լինելով խնդրին: Մենք այն սերունդն ենք, որոնք հաղթանակած բանակի սպա դարձան իրենց ավագ նահատակված եղբայրների, հարազատների, ազգի հաղթանակը պահելու համար: Անտեսել այդ մարդկանց նշանակում է նպաստել մի քանի սերունդների պետական անվտանգության պահպանման գաղափարական հիմքերի փլուզմանը:
    Սպայի համար կապ չունի թե ո՞վ է գերագույն հրամանատարը: Նա կատարում է իր պարտականություններն ըստ ենթակայության և մի բանի համար` Պետության անվտանգության, որը սկսվում է իր ընտանիքից:
    Մենք պատրաստ ենք, որպես արդեն այլ կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիներ, օգնել Ձեզ մեր ձեռք բերված երկարատև փորձով, հասցնել նվազագույնի և վերացնել կոռուպցիոն ռիսկերը Զինված Ուժերում:

Հասկանալով Ձեր ծանրաբեռնվածությունը, սակայն հրատապ համարելով խնդիրը, ներգրավված սպայական կազմի և նրանց ընտանիքների օրեցօր ավելացող խմբի բազմությունը և նրանց հարցի լուծման նկատմամբ ունեցած հետաքրքրությունը, խնդրում ենք Ձեր աշխատանքային կարգացուցակում առաջնահերթության կարգով ընդգրկել այս խմբի ներկայացուցիչների հետ հանդիպումը:

Պատիվ ունենք`
ՀՀ Զու երկարատև ծառայողական ստաժ ունեցող սպայական կազմ:

Աղբյուր ՝ armpost.net

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով