Պատմության այս օրը

Մինաս Կարապետի Ավետիսյանը ծնվել է  հուլիսի 20ին 1928թ Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում) — փետրվարի 23, 1975, Երևան), հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։

Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր, իսկ մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր էր։

Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպել է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է եղել նրա համար։

Գեղագիտական կրթությունը նկարիչը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (1947-1952)։ Մի տարի սովորելուց հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1953 թվականին տեղափոխվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որտեղ սովորել է Ա. Զայցևի և Լ. Խուդյակովի արվեստանոցում։ Ավարտել է 1960 թվականին ու վերադարձել է Երևան։ Դիպլոմային աշխատանքի ղեկավարը եղել է Բորիս Յոհանսոնը։

Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին։

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։

Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-1967 թթ ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։

Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։

1975 Փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 24-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով