Շնողի բնակիչները պահանջում են Թեղուտի ծրագրի պատճառած վնասների փոխհատուցում

Լոռու մարզի խոշորացված Շնող համայնքի բնակիչները պահանջում են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի պատճառած վնասների փոխհատուցում: Նրանք իրենց պահանջը բարձրաձայնեցին Երևանում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության կազմակերպած «Թեղուտի պատուհասը. ո՞րն է լուծումը» խորագրով քննարկման ժամանակ: Հիշեցնենք, որ 2018թ-ի ձմռանը «Թեղուտ ՓԲԸ-ն դադարեցրեց հանքի շահագործումը և 1190 աշխատակցից 1032-ի հետ լուծարեց աշխատանքային պայմանագրերը: Ընկերությունն արդեն խոստովանել է, որ հանքավայրի շահագործման դադարեցումը կապված է պոչամբարի տեխնիկական անվտանգության հարցերի, ֆինանսական դժվարությունների հետ:

«Թեղուտը մեր հանրապետության ամենագողտրիկ, կենսաբազմազանությամբ հարուստ տարածքն էր, իսկ այսօր հետքը չկա: 3 լուցկու գնով 1 քմ հողը գնեցին, ժողովրդին իրենց հողերից զրկեցին, այդ տարածքին անդառնալի վնասներ պատճառեցին, այդ հողերն գործածությունից դուրս են եկել, հիմա մենք ի ՞նչ ենք անելու, ժողովրդին պատճառված վնասը ո ՞վ է փոխհատուցելու: Նախորդ իշխանություններն այդ ընկերությանը տվել էին լայն լիազորություններ, էդ մարդիկ ասում էին` մեր դեմ խաղ չկա, և, իրոք, չկար, ինչ ուզեցին, արեցին: Ո՞վ է նախագծել այդ պոչամբարը, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, ինչո՞ւ մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել», – ասաց Շնող համայնքի նախկին գյուղապետ Հովիկ Սահակյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հովիկ Սահակյան

Թեղուտի բնակիչուհի Ռայա Մելքոնյանն էլ նշեց, որ սոցիալական լարվածությունը մարդկանց արդեն դրդում է արտագաղթի: «Մեր հույսն այն է, որ մենք ապրում ենք նոր Հայաստանում, և ինչ-որ բան կփոխվի: Բնակչության մեծ մասի հողատարածքները կառավարությունը գերակա շահ է ճանաչել, ես հուսով եմ, որ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Թեղուտի խախտումները և բնակիչներին պատճառած վնասները: Եթե հանքը չի աշխատելու, պետք է այլընտրանքային աշխատատեղեր գտնել բնակիչների համար», – ասաց Ռայա Մելքոնյանը:

Շնողի բնակիչ Լևոն Ալիխանյանը, ում հողերը մնացել են Թեղուտի պոչամբարի տակ, նշեց, որ իր համար առաջնայինը փոխհատուցման հարցն է: «Կարևորագույն հարցը տեղացիներին պատճառված տնտեսական վնասների փոխհատուցումն է, սյն հողերի, որոնք գերակա շահի անվան տակ կես պաղպաղակի գնով վերցրեցին և այն այգիների, որոնք փչացել են պոչամբարի արտահոսքերի պատճառով», – նշեց Լևոն Ալիխանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը համամիտ է, որ պատճառված վնասների դիմաց պետք է փոխհատուցում տրվի, բայց հանքի փակմանը դեմ է: Ասում է` այլընտրանք չունեն: «Երբ սկսվում էր Թեղուտի ծրագիրը, ես և իմ ընտանիքն առաջին դեմ հանդես եկողներից ենք եղել: Ինձ համար առաջնային խնդիրը բնապահպանությունն է և բնապահպանական նորմերի պահպանումը, քանի որ դրանից է բխում առողջապահական խնդիրը:

Բայց այսօր ես տեսնում եմ հետևյալը. 2 ամիս է` ինչ փակվել է հանքը, տասնյակ մարդիկ մոտենում են ինձ սոցիալական խնդիրներով: Ես համոզված եմ, որ եթե հանքը չշահագործվի, նրանք կդառնան հարյուրավոր:

Եթե 1200 աշխատատեղի այլընտրանքային առաջարկ լինի, ես ուրախ կլինեմ, բայց դժվար մեզ մոտ դա լինի: Մեզ համար կարևոր է, որ հանքն աշխատի, բայց աշխատի` բնապահպանական նորմերը պահպանելով: Ես չեմ կարող ասել հանքի շահագործման ավարտից հետո մարդիկ ինչով են զբաղվելու, բայց այսօր մենք ունենք իրականություն. Թեղուտի հանքն արդեն կա:

Իմ կարծիքով` պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կգա և կասի` որն է ճիշտ աշխատանքային ձևը: Մեր համայնքի բնակիչների համար առաջնային խնդիր է բնապահպանությունը», – ասաց Շնող համայնքի ղեկավարը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ներկայում ձևավորվում է մասնագիտական աշխատանքային խումբ, որը պետք է ստուգումներ և գնահատում անցկացնի ՀՀ-ում շահագործվող մետաղական հանքավայրերում, այդ թվում` Թեղուտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով