Ի՞նչպես է փոխհատուցվում կամ վերականգնվում օդի աղտոտվածությունը վարորդներից գանձված գումարներով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավտոմեքենայի տեխզննման կտրոն ստանալու համար վարորդները վճարում են որոշակի գումար: Կտրոն ստանալու համար ֆիքսված վճարներ կան՝ 5500 դրամ տեխզննման վճար ու 2500 դրամ պետական տուրք: Վճարում են նաև գույքահարկ ու բնապահպանական վճար, որոնք հաշվարկվում են համաձայն մեքենայի շարժիչի հզորության՝ ըստ ձիաուժի: Բնապահպանական վճարը, կարելի է ասել, ավտոմեքենայի շահագործման ընթացքում շրջակա մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի «փոխհատուցումն» է:

Արդյոք արդարացի՞  է բնավճարի գանձումն իրականացնել՝ առաջնորդվելով զուտ ձիաուժով: Ինչպես արդեն նախորդ համարում գրել էինք, բնավճարի գանձման համար օրենքով սահմանված սանդղակ կա: Որքան մեքենայի շարժիչն ավելի հզոր է, այնքան ավելի շատ է բնապահպանական վճարը: Սակայն խնդիրն այն է, որ ավելի մեծ հզորությամբ շարժիչ ունեցող ավտոմեքենան կարող է ավելի քիչ վնասակար նյութ արտանետել շրջակա միջավայր, քան ավելի ցածր ձիաուժ ունեցող մեքենան: Արդյունքում, շրջակա միջավայրին գուցե վնաս չպատճառող մեքենայի վարորդը վճարում է ավելի մեծ գումար, քան նա, ում մեքենան ավելի փոքր շարժիչ ունի, բայց ավելի շատ է վնաս պատճառում բնությանն ու մարդկանց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ ամենը չի ստուգվում:

«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը «Փաստ»–ի հետ զրույցում նկատեց, որ այդ ամենը հաշվի չի առնվում, սահմանված են դրույքաչափեր՝ ըստ որի էլ կատարվում է գումարի գանձումը: Ըստ նրա, բնապահպանական դրույքաչափերի նվազեցումը, որը կատարվեց վերջերս, կարծես մարդկանց աչքերին «թոզ փչել» լինի: Նշում է, որ բնապահպանական վճարը ինքնանպատակ չէ, այն բնապահպանության խնդիրներ է լուծում: Եվ այս դեպքում ինչ է նշանակում այն, որ մի մեքենա օդը աղտոտում է:

Արդյոք հավասարազո՞ր է աղտոտման համար գումար վճարելը, այսպես ասած՝ փոխհատուցելը, թե՞ խնդրին այլ լուծում պետք է տրվի: Սրա վերաբերյալ Քեյանը նշում է. «Հնարավոր է՝ այդ մեքենան թունավորում է օդը և ընդհանրապես շահագործման ենթակա չէ, բայց ձիաուժի հաշվարկով վճարում է կատարվում և թույլատրվում է շահագործել այն՝ անկախ նրանից, որ այն բոլորին թունավորում է»: Սակայն օրենսդրության մեջ հստակ ասված է, թե որն է բնապահպանական վճարի նպատակն ու էությունը: Այնտեղ նշված է, որ մարդիկ վճարում են օդի աղտոտվածության համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քեյանի խոսքով, բնավճարը նախկինում հաշվարկվում էր՝ կախված մեքենայի տարեթվից ու օգտագործվող շարժիչի վառելիքից, տարբեր գործակիցներ կային, կարևոր էր նաև այն, թե մեքենան կատալիզատոր ունի, թե ոչ: Կախված այդ ամենից՝ ամեն մի մեքենայի համար տարբեր գործակիցներով ֆիքսված վճարներ էին գործում: «Հիմա այդ ամենը փոխվել է. հաշվի չեն առնում ոչ մի նախապայման, և միայն ձիաուժի հաշվարկով է բնավճար գանձվում: Ընդ որում, բնավճարը անհամեմատ փոքր է եղել նախկինում: Կապված տարբեր մեքենաների ձիաուժից՝ բնապահպանական վճարն ավելացել է ընդհուպ մինչև 30 անգամ:

Նախկինում 400–ից ավել ձիաուժ ունեցող ու համեմատաբար նոր տարեթիվ ունեցող, օրինակ՝ 2000 թ.–ից հետո արտադրված մեքենան բենզինով շարժիչի դեպքում վճարում էր 750 դրամ, իսկ եթե գազով շարժիչ էր՝ 375 դրամ: Գործող օրենքով տվ յալ տրանսպորտային միջոցի սեփականատերը վճարելու է մոտ 22 հազար 275 դրամ, անկախ նրանից՝ գազով է շահագործվում իր մեքենան, թե բենզինով, և անկախ նրանից, թե այդ մեքենայի վրա այլ հարմարանքներ կա՞ն տեղադրված, թե՞ ոչ, որով օդի աղտոտվածությունը գրեթե հավասարեցված է մինիմալի»:

Ըստ Քեյանի՝ նման կերպ հաշվարկելը սխալ է, և խնդիրը զուտ գումարային չէ: «Եվրոպական մի շարք երկրներում մեքենաները երեք տարին մեկ տեխզննում են անցնում: Եթե պարզվում է, որ այն օդ է արտանետում նորմայից բարձր քանակությամբ վնասակար նյութեր, ապա մեքենայի սեփականատիրոջը հորդորում են շարժիչը փոխել, հակառակ դեպքում՝ չեն թույլատրում մեքենայի շահագործումն այդ երկրում»,– ասում է նա:

Տիգրան Քեյանը ևս մեկ խնդիր է տեսնում այս ոլորտում: Բոլոր այն մեքենաների համար, որոնք ներմուծվում են ՀՀ տարածք, սահմանին բնավճար է գանձվում՝ հաշվարկված մեքենայի արժեքից ու արտադրման տարեթվից: Քեյանը հարցնում է՝ ինչու են սահմանին բնապահպանական վճար գանձում, եթե այնուհետև յուրաքանչյուր տարի տեխզննման ժամանակ, միևնույն է, վճարելու են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով