Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան

Ինչպես հայտնում են «168 Ժամի» դիվանագիտական աղբյուրները, օգոստոսին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը: Հայտնի է նաև, որ Մերկել-Սարգսյան շփումներ էին եղել նաև Եվրոպական Ժողովրդական կուսակցության շրջանակներում, իսկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը ՀՀԿ ամենակարևոր միջազգային գործընկերներից մեկն է:

Անգելա Մերկելի նախատեսվող այցը հետաքրքիր է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելյան երկօրյա աշխատանքային այցի և ձեռք բերված արդյունքների, դրանից հետո առաջացած խմորումների համատեքստում։

Հիշեցնենք, որ Բրյուսելյան այցը փորձագետների և քաղաքական գործիչների կողմից տարբեր՝ հակասական, դրական և բացասական գնահատականների արժանացավ։ Այցից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից կտրուկ հայտարարություններ հնչեցին եվրոպական ուղղությամբ։ Ամփոփելով արդյունքները՝ նա ասել էր, որ այն ծանոթությունների հաստատման այց էր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշել էր նաև, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական օրակարգ չէ, այլ՝ արժեհամակարգ, և բարեփոխումների իրականացման գործում ակնկալում է ստանալ Եվրամիության քաղաքական և ֆինանսական աջակցությունը: Միևնույն ժամանակ՝ վարչապետն ընդգծել էր, որ Հայաստանը հայցվոր չէ, և բարեփոխումները տեղի են ունենալու՝ անկախ այդ աջակցությունից: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը բաց չի թողնելու բարեփոխումներ իրականացնելու այս հնարավորությունը, սակայն ԵՄ-ն կարող է բաց թողնել դրանց աջակցելու հնարավորությունը:

Հիշեցնենք նաև, որ Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել այն մասին, որ ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք է հայտնել, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: «ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե՝ ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»:

Փաշինյանի այս հայտարարություններին բավական կտրուկ արձագանքեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Մենք պետք է ստանանք կոնկրետ գաղափարներ մեր հայաստանյան գործընկերներից, որոնք պետք է քննարկենք ու առաջ տանենք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր հարաբերությունների իրավական ու քաղաքական հիմքը համապարփակ համաձայնագիրն է ու գործընկերության փաստաթուղթը: Եթե հայկական կողմը կարծում է, որ այս փաստաթղթերը պետք է ավելի ուժեղացվեն, ցույց տան նոր որակ, ապա մեզ անհրաժեշտ են կոնկրետ գաղափարներ: Ի՞նչ կուզենք, որ փոխվի մեր քաղաքականության մեջ, կոնկրետ:

Այս հարաբերությունների քաղաքական օրակարգը սահմանվում է գործընկերության առաջնահերթություններ կոչվող փաստաթղթով, որ բանակցվել էր նախքան ապրիլյան իրադրաձությունները: Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությունը գուցե կարող է ունենալ նոր գաղափարներ այն մասին, թե ինչպես կարելի է փոխել այս փաստաթուղթը, և մենք պատրաստ ենք քննարկել դա»,- ի պատասխան՝ ասել էր դեսպանը։

Այսինքն՝ փող՝ գաղափարի, իրական փոփոխությունների դիմաց. եթե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկա փոփոխություն, և նոր իշխանությունը բազմիցս հայտարարել է այդ մասին, որ արտաքին քաղաքականության ռազմավարությունը չի փոխվելու, ապա ինչո՞ւ պետք է փոփոխություն լինի ԵՄ-ի կողմից։

«Իսկ դուք ասում եք հետևյալը՝ որ Հայաստանի քաղաքականության մեջ գոյություն չունեցող քաղաքականությունը պետք է արդյունքում բերի Հայաստանի նկատմամբ ԵՄ ունեցած քաղաքականությունում փոփոխության: Կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչպես կարելի է համատեղել այս երկուսը»,- ավելացրել էր Սվիտալսկին:

ԵՄ-Հայաստան այս «փոխհրաձգությունների» համատեքստում հետաքրքիր է դիտարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով