Այս օրինագծի ուժի մեջ մտնելով՝ ոչ միայն քաղաքացին է «համաներվում», ազատվելով տույժ-տուգանքից, այլեւ բանկը, որին պետությունը հարկային պարտավորության մի մասն է ներում. «Հրապարակ»

Վարկային ներումների մասին մարդիկ երազում էին դեռ «Քայլի» հեղափոխության օրերից:

«Հրապարակ» թերթը գրում է: Բանկերը նախկինում էլ, մինչեւ այս օրինագծի ուժի մեջ մտնելը, կարող էին, անվճարունակ վարկառուների հետ բանակցելով, վարկի մարման մեղմ գրաֆիկ սահմանել, «ջնջել» տոկոսները եւ պարտքի մարումը սկսել զրոյից։ Տարբերությունն այն է, որ այս օրինագծի ուժի մեջ մտնելով՝ ոչ միայն քաղաքացին է «համաներվում», ազատվելով տույժ-տուգանքից, այլեւ բանկը, որին պետությունը հարկային պարտավորության մի մասն է ներում։

Եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը (լուսանկարում) պարզաբանում է. «Միտքը հետեւյալն է. բանկերը շատ հաճախ չէին ներում ֆիզիկական անձանց տույժերն ու տուգանքները, որովհետեւ հարկային հետեւանքներ էին ունենում դրա արդյունքում։ Ներելուց բացի, իրենք նաեւ հարկեր պետք է վճարեին, իսկ այս

փոփոխությամբ ֆիքսվեց, որ այն դեպքում, երբ որ բանկը կների քաղաքացու վարկային պարտավորության մաս կազմող տույժերն ու տուգանքները, այդ գումարի մասով բանկը հարկային պարտավորություններ չի կրելու։ Այն, որ օրենսդրությամբ սահմանվել է, որ բանկերը կարող են առանց հետեւանքների ներել պարտավորությունները, դա դեռ չի նշանակում, որ նրանք

պարտավորված են այդ քայլն անել։ Սա ընդամենը բանկերի հնարավորությունն է՝ առանց հարկային հետեւանքների ներել այդ գումարները։ Մեծ հաջողությամբ նրանք կարող են նաեւ հրաժարվել այդ հնարավորությունից»։ Ըստ Ալավերդյանի, անհուսալի են համարվում մոտ 10- 12 հազար գյուղատնտեսական վարկեր, որոնց հաշվարկված տույժերը կազմում են 4-6 մլրդ դրամ։

Ինչպե՞ս կարող են քաղաքացիները ծանոթանալ անհույս վարկերի ցուցակների հետ, իմանալ՝ «ներվա՞ծ» են, թե՞ ոչ։ «Չկա հատուկ ցուցակ, որը կհրապարակվի, կամ սահմանված ընթացակարգ։ Յուրաքանչյուր բանկ ինքը կարող է ասել՝ անհուսալի՞ է, թե՞ չէ։

Ընդհանուր կանոնը հետեւյալն է. վարկային պարտավորությունն անհուսալի է ճանաչվում իր առաջին կատարման ժամկետը բաց թողնելուց մեկ տարվա ընթացքում։ Այսինքն՝ եթե բանկային պարտավորությունը պետք է վճարվեր, օրինակ, հուլիսի 10-ին եւ չի վճարվել ու հաջորդ մեկ տարվա ընթացքում եւս չի վճարվում, ապա հաջորդ հուլիսի 10-ին այն համարվում է անհուսալի։

Սա սահմանված է ֆինանսների նախարարության եւ ԿԲ-ի համատեղ հրամանով։ Քաղաքացին պետք է դիմի բանկին, քանի որ բանկի իրավունքն է՝ օգտվել օրենսդրական հնարավորությունից։

Նա պետք է փոխհամաձայնության գա վարկատու բանկի հետ առկա տույժերը ներելու մասով, իսկ բանկը պետք է ասի՝ թո՞ւյլ է տալիս, թե՞ ոչ»,- ասաց Ալավերդյանը։ Օրենսդրական փաթեթի մշակմանն առեւտրային բանկերը մասնակցել են։ «Կարող եմ ասել, որ բանկերի մեծ մասը շահագրգռված է ներելու վարկային պարտավորությունները»,- ասաց ֆիննախի պատասխանատուն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով