168.am. Պե՞տք է արդյոք Հայաստանին «Երկրապահը»

Երեք կիսավարտ հատված թեմայի շուրջ

Այս հարցին սկզբունքորեն, այլ ոչ թե՝ իրավիճակային, պատասխանելու համար, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, պետք է նախ և առաջ՝ հնարավորինս վերացարկվենք «Երկրապահ» անունով կազմակերպությունից, որը Հայաստանում գոյություն է ունեցել վերջին երեք տասնամյակում: Պետք է մոռանանք մեր տեսած ու իմացած «Երկրապահը»՝ իր բոլոր թերություններով ու առավելություններով, լավ ու վատով, ճիշտ ու սխալով, օգուտ-վնասով և նույնիսկ բոլոր անձերով ու դեմքերով՝ ընդհուպ մինչև «Երկրապահի» հիմնադիր Վազգեն Սարգսյան: Պետք է քննարկենք երկրապահի՝ երկիր պահողի գաղափարն ինքնին՝ առանց անձերի, պատմության և կազմակերպության: Պատկերացնենք, որ «Երկրապահ» չէր եղել ընդհանրապես, և փորձենք հասկանալ՝ արդյո՞ք մեր մտքով կանցներ, որ նման մի կառույցը կարող է պետք գալ Հայաստանին:

Պետականն ու հանրայինը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասում են՝ եթե կա պետություն, որն ունի բանակ, էլ ինչի՞ համար է պետք առանձին Երկրապահ. դա ֆիդայական՝ ոչ պետական, ոչ կանոնավոր կազմակերպված պայքարի շրջանի գաղափար է: Սա տիպիկ ֆորմալիստական մոտեցում է պետության խնդիրներին:

Ո՛չ տեսականորեն, ո՛չ էլ գործնականորեն պետությունը չի կարող նույնանալ միայն պաշտոնական կառույցների՝ պետական ապարատի հետ: Դրանք պետության զուտ կմախքն են կամ չոր ուրվագիծը: Պետություն կառուցելն ու կառավարելը չի կարող միայն այդ կմախքով սահմանափակվել. իմա՝ ձևավորեցինք բոլոր անհրաժեշտ պետական կառույցները, ընդունեցինք օրենքներն ու «ղրաղ քաշվեցինք»՝ սպասելով, թե երբ դրանք իրենք իրենցով արդյունք կտան:

Պետություն կառուցել՝ նշանակում է՝ ձևավորել ոչ միայն պաշտոնական, այլև՝ ոչ պաշտոնականից, «ապարատից» դուրս հանրային համակարգեր, հարթակներ, հարաբերություններ, կապեր, բալանսներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Արիստոտելի դասական ձևակերպման՝ պետությունը մարդկային հաղորդակցության կերպերից է: Ուրեմն պետական համակարգն աշխատում է, երբ առավել արդյունավետ են գործում հանրային բազմաշերտ կապերը, երբ ապահովվում է մի կողմից՝ հանրության բոլոր առկա հատվածների լիարժեք փոխհաղորդակցությունը, մյուս կողմից՝ ժառանգականության փոխանցման կապն անցյալի, ներկայի և ապագայի միջև: Հաղորդակցության այդ բարդ կառուցվածքը հնարավոր չէ ապահովել միայն պետական ապարատով:

Եվ պետությունն ինքն այլ բան չէ, քան հանրությունը՝ իր բազմաշերտությամբ, հանրային միասնությունը և ինքնակազմակերպումը, որի դրսևորումներից միայն մեկն է պետական ապարատը:

Եթե այդպես չլիներ, կարող էինք նույն «հաջողությամբ» հարցնել, թե ինչի՞ համար են պետք, օրինակ, իրավապաշտպան կազմակերպությունները, եթե կան Արդարադատության նախարարություն, ոստիկանություն, մարդու իրավունքների պաշտպան… Կամ ի՞նչի համար են ոչ ֆորմալ կրթության ծրագրերը, եթե կան Կրթության նախարարություն, պետական դպրոցներ…

Ինչի՞ համար են բնապահպանական կազմակերպությունները, եթե կա համապատասխան նախարարություն, և այլն: Ակնհայտ է այսպիսի հարցադրումների անիմաստությունը:

Այլ բան է, որ պետական քաղաքականության խնդիրներից է՝ ոչ միայն ազատություն ապահովել հանրության ինքնաբուխ ինքնակազմակերպման համար, այլև նպատակներ սահմանելով այդ ոլորտում՝ ուղղորդել, համակարգել և կառավարել դրա զարգացումը:

Խոսքն այստեղ բնավ կոպիտ միջամտության կամ նույնիսկ ուղիղ կառավարման մասին չէ, այլ ավելի նուրբ և անուղղակի մարտավարության: Եթե այս պնդումը ճիշտ է առհասարակ պետական քաղաքականության համար, ապա հեղափոխական քաղաքականության համար երիցս անհրաժեշտություն է: Հեղափոխական քաղաքականությունը կամքի կենտրոնացում և խտացում է. այն, ըստ սահմանման, չի կարող չլինել գործունյա և առաջնորդող բոլոր ոլորտներում:

Վախ տարերքի վտանգի՞ց, թե՞ տարերքի ծառայեցում

Ազգային-ազատագրական պատերազմ վերապրած և փաստացի սառը պատերազմի պայմաններում ապրող պետության մեջ առավել քան բնական է պատերազմի վետերանների միությունների ձևավորումը: Զարմանալի կլիներ հակառակը՝ եթե Հայաստանում նման կառույցներ չձևավորվեին: Զարմանալի չէ նաև, որ նման կառույցները միտում ունեն ներգրավվելու քաղաքական գործընթացներում, իշխանության պահպանման կամ գրավման համար պայքարում, քանի որ քաղաքական և ռազմական ոլորտները փոխկապված են հազար ու մի անքակտելի կապերով: Բայց քաղաքականության իմաստն էլ հենց այն է, որ բնականն ու ոչ զարմանալին ոչ թե թողնի ինքնահոսի, այլ ուղղորդի քաղաքականության նպատակից բխող հունով:

Վետերանների կառույցի դեպքում պետության խնդիրը նույնպես պետք է լիներ և լինի՛ իրավիճակից բնականորեն բխող միտումները ճիշտ սահմանների մեջ դնելը՝ չեզոքացնելով վտանգներն ու խրախուսելով հանրայնորեն օգտակարը: Տվյալ դեպքում՝ մի կողմից՝ սահմանափակել վետերանների կառույցին ինքնին բնորոշ՝ քաղաքական ինտրիգների մեջ մտնելու ձգտումները, մյուս կողմից՝ խրախուսել և ուղղորդել ազատագրական պատերազմի փորձը փոխանցելու, ազատագրական պայքարի մարմնավորումը լինելու՝ նման կառույցին նույնպես ինքնին բնորոշ միտումը:

Պատերազմի կամավորները հատուկ տեսակի մարդիկ են՝ անհանգիստ տարերք են: Ինչպես ցանկացած տարերք, սա ունի վտանգավոր միտումներ և դրսևորումներ: Բայց ցանկացած տարերային դրսևորման հետ վարվելու ձևեր կան: Կարելի է տարերքի հանդեպ վախից դրդված՝ դա առհասարակ բացառել սեփական կյանքից՝ նաև կորցնելով անհրաժեշտ պահերին տարերքից օգտվելու հնարավորությունը: Բայց կարելի է տարերքը ծառայեցնել սեփական նպատակներին և օգտվել դրանից՝ ըստ անհրաժեշտության:

Մարդը հենց նրանով է մարդ, որ սկսած կրակի գյուտից ու ալկոհոլի հայտնաբերումից և վերջացրած ատոմային ներուժով (էներգիայով)՝ կարողանում է իրեն ենթարկել տարերքը: Հենց այս հատկությամբ էլ մարդն առանձնացել է կենդանական աշխարհից. ոչ այնքան բանականությամբ միայն, ինչպես շատերը կարծում են, որքան վախը հաղթահարելով՝ վտանգավորն ու տարերայինն իր նպատակներին ծառայեցնելով: Եվ եթե դա ճիշտ է արտաքին տարերքների առումով, ապա պակաս ճիշտ չէ նաև հենց ներքին՝ մարդկային տարերայնության առումով: Անվտանգ բնավորությամբ մարդիկ պատերազմի կամավորներ չեն դառնում:

Նրանք հանրության ներսի «կրակն» են, որը կարող է վառել հենց իրեն ծնող հանրությանը, բայց կարող է նաև անգնահատելի օգուտներ բերել: Միգուցե խորը նախնադարում եղել են նախամարդու խմբեր, որոնք հրաժարվել են կրակից, որովհետև այն մեծ վնասներ է բերել: Բայց այդ խմբերը, եթե եղել են, վաղուց անհետացել են. մնացել են միայն նրանց հետնորդները, ում մեջ վտանգը կառավարելու ձգտումն ավելի ուժեղ է եղել, քան վախը: Այդ մարդիկ վառել են առաջին խարույկը, խմել են առաջին գինին, կառուցել են առաջին նավերը, նետել են առաջին նիզակները…

Ամեն պետություն՝ որպես համակարգ, հեղափոխության ու պահպանման, առաջընթացի ու ժառանգականության կշռույթ է: Ամեն պետություն կարիք ունի երկու բևեռների՝ հեղափոխման և պահպանման: Նույնիսկ հեղափոխությունները (և առաջին հերթին՝ հեղափոխությունները) կարիք ունեն պահապանների կորպուսի: Հա՛տկապես հեղափոխությունները չեն կարող իրագործվել, սահմանափակվել և բավարարվել միայն պաշտոնական պետական բյուրոկրատական կառույցներով ու գործիքներով։ Եվ պատահական չէ, որ հատկապես հեղափոխական իրավիճակներում են ձևավորվում հավելյալ կառույցներ, որովհետև հեղափոխության և պատերազմի միջև կա էական կապ՝ երկուսի մեջ էլ տարերքի «գրադուսը» բարձր է:

Պահապանների ուխտը

Ինչպիսին պետք է լիներ Երկրապահ գաղափարի կատարյալ մարմնավորումը:

Պահապանների գաղափարը շատ հին է, կարելի է ասել՝ արքետիպային: Դա նվիրյալ ուխտավորների, ասպետների եղբայրության գաղափարն է: Նվիրյալները չեն կարող լինել կանոնավոր բանակ, որովհետև նրանք անհրաժեշտաբար փոքրամասնություն են՝ գաղափարի մարտիկներ ու պահապաններ: Մյուս կողմից` նվիրյալները չեն կարող ուժ լինել, եթե կազմակերպված չեն: Եվ նրանց կազմակերպման, կապի ուժգնությունն իսկ ավելին է, քան կանոնավոր բանակինը: Դա ասպետական ուխտի (օրդենի) կապն է:

«Եղբայրության» անդամները հեռու են աղմկոտ կենտրոններից, շուկայամերձ հրապարակներից, կուսակցական թոհուբոհից: Նրանց բնական տեղը սահմաններն են, բարձր լեռները, բնակավայրերից հեռու սրբատեղիները: Նրանք քաղաքի շներ չեն, այլ արձակ դաշտերի գայլեր: Նրանք ավելի շատ առնչվում են թշնամու, քան հայրենակիցների հետ, նաև՝ քաղաքներից դուրս ապրող անհանգիստ ոգիների, աստվածների, քան՝ մարդկանց հետ:

Նրանք միջնադարյան ասպետական ուխտ են, միաժամանակ՝ ռազմիկ և ճգնավոր, սևազգեստ խաչակիր: «Գահերի խաղի» Պատի Գիշերապահի Երդվյալ եղբայրներն են, որ պահում են սահմանը ոչ միայն երևույթ, այլև աներևույթ թշնամուց՝ հրեշներից, դևերից, կենդանի մեռելներից: Նման կառույցների այլասերման վտանգը մեծ է. հրեշների դեմ կռվողն ինքը կարող է հրեշանալ, ոգիների հետ խոսողը՝ հոգեգարվել։ Սրբի համար պղծվելու վտանգն առավել մեծն է: Բայց փորձությունն անցածները դառնում են մեծագույն բարիք և տասնապատկում երկրի ներուժը:

Մշտական վտանգի երկրում, որպիսին Հայաստանն է, հնարավոր չէ առանց վտանգի հետ «աշխատող», վտանգը՝ որպես հայրենիք ու հարազատ տարերք ընկալող պահապանների ուխտի:

Նկարագրվածը կատարյալ է, ուտոպիստական և երազային: Թերևս՝ անիրականանալի իր կատարելության մեջ: Բայց նաև անհասանելի կատարյալի պատկերից է ձևավորվում անկատար իրականությունը, որը հենց մշտական ձգտումն է կատարյալին: Երկրապահ ուխտի գաղափարը պետք է լինի ուղեցույց, կատարյալ նպատակ, որին ձգտելով՝ կարելի է կառուցել իրական նոր Երկրապահը։

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով