Վարուժան Ավետիսյանի գրությունը․ «Վերջ տվեք ժամանակավրեպ հաշիվներին»

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը գրություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև

Վե՛րջ տվեք ժամանակավրեպ հաշիվներին

Յուրաքանչյուր անգամ, երբ դատարանում հրապարակվում են Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2016 թ. հուլիսյան ապստամբության ժամանակ Սասնա Ծռերի հնչեցրած կոպիտ արտահայտություններ, մեր ընդհանուր հակառակորդն անմիջապես փորձում է ուռճացնել երևույթը ու սեպ խրել Սասնա Ծռերի ապստամբության և ներկայի Թավշյա հեղափոխության միջև, իսկ տասնամյակների թմբիրից նոր զարթնած մեր որոշ հայրենակիցներ, առանց ամսաթվին նայելու, առանց ժամանակներն ու իրավիճակները քննելու, ակամա ջուր են լցնում հակառակորդի ջրաղացին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սասնա Ծռերի մեթոդը հուրն է, Նիկոլ Փաշինյանինը՝ ջուրը: 2016 թ. հուլիսին հուր էր անհրաժեշտ: Բնական երևույթ է, երբ հուրը հանդիպում է ջրին, ընդվզում և պոռթկում է: Քննարկել կամ քննադատել այդ երևույթը, կնշանակի բնության օրենքների դեմ անիմաստ սուր ճոճել: 2016 թ. Սասնա Ծռերի ապստամբության հուրը խանձեց հակառակորդի երախը:

Դրա շնորհիվ հնարավոր դարձավ 2018 թ. Թավշյա հեղափոխության ջրով մաքրելու մեր երկիրը, ինչն էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բոլորս միասին անում ենք: Հիմա, երբ հուրն ու ջուրը ձգտում են հասկանալ միմյանց, ըմբռնել իրենց միասնական առաքելությունը և, հրեղեն ջուր, այսինքն՝ սերմ, դառնալ մեր Հայրենի հողից ազատության, արժանապատվության ու երջանկության բերք ստանալու համար, երկու տարի առաջ հուր և ջուր եզրույթների միջև միանգամայն օրինաչափ ու բնական բախումից առաջացած մնացորդներն ասպարեզ բերելը և երևույթը պառակտման ու հակադրության տրամաբանությամբ քննարկելը նույնն է, թե տրորես ու ոտնակոխ անես այն արտը, որ բոլորիս ձեռքով է ցանվել և բոլորիս արյունով ու քրտինքով է ջրվել:

Ուստի բոլորին կոչ եմ անում՝ վե՛րջ տվեք ժամանակավրեպ հաշիվներին, մաքու՛ր պահեք ձեր սիրտն ու միտքը, և ձեր էներգիան ծախսեք երկիրը մաքրելու ու շենացնելու վրա: Նիկոլ Փաշինյանի և Սասնա Ծռերի զավակներն ուս-ուսի մասնակցել են Թավշյա հեղափոխությանը և դարձել են այն հրեղեն սերմի մարմնացումը, որին կարոտով սպասում է Հայրենի հողը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան

23 հունիսի 2018 թ., «Արմավիր» ՔԿՀ

 

hetq.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով