«Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ». Արմեն Աշոտյան

«Վարչապետի ելույթը դուրս եկավ, շատ լավ խոսեց, ավելի լավ խոսեց, քան՝ ծրագիր էր ներկայացված»,- այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ վարչապետի ելույթն ավելի լավն էր, քան՝ հարցուպատասխանը, հարցուպատասխանն էլ ավելի լավն էր, քան՝ ծրագիրը. «Ստացանք կայուն զգացողություն, որ ծրագիրը վարչապետի գրչի տակով չի անցել։ Հակառակ պարագայում՝ բազմաթիվ ոճաբանական խնդիրներ լուծված կլինեին։ Երբ դուք ընդդիմադիր էիք, պարոն վարչապետ, իսկապես փայլուն ելույթներ էիք ունենում,  վստահ եմ՝ կերազեիք՝ որպես ընդդիմադիր, որ որևէ կառավարություն նման ծրագիր բերեր, պատկերացնո՞ւմ եք՝ այստեղ ինչեր կանեիք, ինչ ելույթներ կունենայիք, ինչ հռետորաբանության վարպետության  դասեր կտայիք։

Անկեղծ խոստովանեք, որ այսօր մի քիչ մեզ նախանձում եք, որ այս ամբիոնից այս առիթն ունենք ձեր փոխարեն։ Երբ 1919 թվականին Ֆրանսիայի վարչապետ Կլեմանսոն շնորհավորում էր Լեհաստանի անկախության առաջին վարչապետներից մեկին՝ աշխարհահռչակ դաշնակահար Պադերևսկուն, իր նամակի մեջ գրել էր՝ դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նա խնդրեց ավելի հստակ ձևակերպել Արցախյան խնդիրը, որ իրենք իմանան՝ ինչպես ներկայացնեն այն միջազգային հարթակներում. «Խնդրում եմ՝ տվեք Արցախյան խնդրի կարգավորման այսօրվա իշխանական  բանաձևը, որը մենք, անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, առաջ տանենք։ Ականջներիս ասեք, չեք ուզում բարձրաձայն ասեք։ Մի վտանգավոր բան կա, խնդրում եմ՝ շտկեք ծրագրում մինչև քվեարկությունը, ես միշտ գիտեի, որ արցախյան հակամարտությունը ծագել է, քանի որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի և Հայաստանի վրա, որովհետև Արցախի ժողովուրդը կյանքի է կոչել ինքնորոշման իրավունքը։ Այդպե՞ս է, թե՞ չէ։ Ո՞նց կարելի է գրել՝ կոնֆլիկտի հիմնական կողմն Արցախն է։ Խնդրում եմ՝ հանեք դա։ Իհարկե, կողմ է, բայց հիմնական կողմը, հանեք»։

Ա. Աշոտյանի խոսքով՝ կառավարության առաքելությունն արտահերթ ընտրությունները չեն. «Արտահերթ ընտրությունները ձեր քաղաքական շահն է, նպատակն է, բայց երբեք առաքելություն չէ, մի աշխատեք այնպես, որ վաղը լինելու են արտահերթ ընտրություններ։ Դուք պարտավոր եք մտածել երկարաժամկետ»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով