Գյուղապետը տարածք չի հատկացրել Ապրիլյանի հերոս Քյարամի եւ երեք հերոսների խաչքարի համար

Արդեն երկու տարի է՝ ինչ Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքը չի կարողանում կանգնեցնել որդու հիշատակին նվիրված խաչքարը: Բազմիցս դիմել են իրենց գյուղի՝ Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանին, որպեսզի աջակցի գյուղում տղայի հիշատակին կանգնեցվող հուշարձանի տեղադրմանը կամ գոնե փոքրիկ հողատարածք տրամադրի:

Քյարամի մայրը՝ Նվարդը, ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ գյուղապետն ասել է՝ եթե պետք է Քյարամի պատվին հուշարձան կանգնեցնեն, ապա 1990-ականներին զոհված իրենց գյուղացի չորս հերոսների նկարներով խաչքարեր էլ պետք է լինեն, սակայն այդ մարդկանց պատվին հուշարձաններ արդեն գյուղում կան:

Հերոսի մայրն ասում է, որ մեկ տարի է՝ ինչ մահացել է Քյարամի հայրը՝ Քյալաշ Սլոյանը, ամուսնու մահից առաջ էին դիմել գյուղապետին, մահվանից հետո էլ դիմեցին, սակայն ոչ մի արձագանք: Գյուղապետից հույսը կտրելով՝ Քյարամի մայրը դիմում է գրել Արագածոտնի մարզի մարզպետարան, եւ մարզպետը Սլոյանների տնից բավականաչափ հեռու հողատարածք է հատկացրել: Գյուղացիներից ոչ ոք, սակայն, չի հետաքրքրվել եւ չի աջակցել Քյարամ Սլոյանի հուշարձանի կանգնեցմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ամուսնուս Քյալաշի, մահից հետո երդվել եմ, որ ես եմ բերելու ու տղայիս պատվին խաչքար տեղադրեմ»,-ասաց հերոսի մայրը: Վերջինս վստահություն հայտնեց, որ իրենք ոչ ոքի աջակցության կարիքն էլ չունեն՝ իր երկու որդիները կսարքեն եւ կտեղադրեն իրենց եղբոր խաչքարը:

Մենք խոսեցինք նաև Քյարամի փոքր եղբոր՝ Համիկի հետ. վերջինս ասաց, որ իր ձեռքերով է կանգնեցնելու եղբոր հիշատակը վառ պահող խաչքարը, ավելին՝ խաչքարի կողքին փոքրիկ նկարներով հիշատակվելու են եղբոր հետ նահատակված հերոսներ Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

Ասաց՝ իր ձեռքով է շարելու, սալիկապատելու, ջուր էլ է քաշելու, որ անցորդները կանգնեն, իրենց ծարավը հագեցնեն: Երկու եղբայրներն արդեն մոտ 2000 դոլար են ծախսել, ասացին, որ ոչ մեկի օգնությանն էլ չեն դիմելու, իրենց ուժերով են անելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀԺ-ն կապ հաստատեց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանի հետ: Հողատարածք չհատկացնելու փաստը գյուղապետը շատ ցավով ընդունեց: Վրդովմունք հայտնեց՝ ասելով, որ վիրավորված է Քյարմ Սլոյանի մոր պահվածքից, որ իրեն անտեսելով գնացել Արագածոտնի մարզպետից է հողատարածք խնդրել:

«Մենք մեծ հուշարձան ենք սարքել Հայրենական մեծ պատերազմի եւ Ղարաբաղի զոհերին նվիրված, մեծ երկու պատ է, այս տարի պարսպապատել եմ տարածքը, ուզում եմ ծառ տնկել, սիրուն նստարաններ դնել: Քյարամի հայրը՝ ողորմած Քյալաշը, իմ մանկության ընկերն է եղել: Եկավ ինձ հողի համար դիմեց, ես էլ առաջարկեցի առանձին սարքելու փոխարեն ընդհանուր մյուս հերոսների կողքին, նույն պարսպի ներսում կանգնեցնել: Ինչի՞ տարբերել, եթե նրանք էլ են մեր հերոսները, նույն հերոսության համար են մահացել: Ողորմածը իմ հետ համաձայնվեց, հետո կինը չգիտեմ ինչ որոշեց, մարզպետարան գրություն գրեց»,-պատմեց Արտաշավանի գյուղապետը:

«Ես էդ երեխուն իմ տան երեխու պես եմ տեր կանգնել, զոհվելուց հետո էլ, որպես գյուղապետ եւ որպես ցավող մարդ ամեն ինչ արել եմ»,- ասաց գյուղապետը:

Ղազար Կարապետյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ նպատակահարմար չի գտել Քյարամ Սլոյանին առանձնացնել եւ մեկ այլ տեղ վերջինիս պատվին խաչքար կանգնեցնել, քանի որ գյուղում կան այլ նահատակվածների խաչքարեր:

 

 

 

 

Armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով