Բաց նամակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ-ի

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

ՄԻՀՐԱՆ ՍԵՎՈՒՄՅԱՆԻՑ

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեծարգո պարոն վարչապետ

Դիմում եմ Ձեզ որպես մի մարդու, ով կարողացավ արդարության ծարավ մեր հայ ժողովրդին տալ հույս ու հավատ, որ մենք կարող ենք ապրել ազատ և արդար երկրում: Ես ինքս կիսում եմ այդ հավատը, սակայն ստիպված եմ գրել Ձեզ այս նամակը՝ տեսնելով լուրջ վտանգներ ժողովրդավարության և արդարության սկզբունքների նկատմամբ: Խոսքս վերաբերվում է նորանշանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կառավարման մեթոդներին և նրա կողմից որդեգրած սկզբունքներին: Վառ օրինակ է այն, ինչ կատարվում է ինձ հետ:

Ս.թ. մայիսի 31-ին ինձ իր մոտ հրավիրեց առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը և փոխանցեց, որ նախարարը “ուզում է”, որ ես աշխատանքից ազատվելու ինքնակամ դիմում գրեմ: Բնական հարցիս, թէ ինչն է այդ “ուզելու” պատճառը և ինչում եմ թերացել կամ ինչ սխալ գործել, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ ոչ մի թերացում կամ խախտում իմ աշխատանքում չկա, և ինքը պարզապես փոխանցում է նախարարի խոսքերը: Ես բնականաբար հրաժարվեցի դիմում գրելուց:

Նույնիսկ ասացի, որ երկու ամիս հետո կայանալու է ներկայիս զբաղեցրած պաշտոնի մրցույթը, և եթե նախարարն “ուզում է” ինձ փոխարինել “իր մարդով”՝ դա լավ առիթ է նրա համար: Հաջորդ օրը հեռախոսազանգի միջոցով աշխատակազմի ղեկավարն ասաց, որ փոխանցել է նախարարին իմ խոսքերը, սակայն նախարարը պնդում է, որ ես պետք է դիմում գրեմ: Կրկին հրաժարվեցի: Հետո տեղեկացա, որ նույն օրը այդ առաջարկը արվել է ոչ միայն ինձ, այլ նաև առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների մի քանի այլ տնօրեններին: Ոմանք գրել են, ոմանք ինձ նման հակառակվել: Ազգային առողջապահության ինստիտուտում հունիսի 1-ին կայացած գիտաժողովի ժամանակ գիտաշխատողները նույնիսկ ակցիա անցկացրեցին ինստիտուտի տնօրենին դիմում գրելու նախարարի առաջարկության դեմ:

Նշեմ մի շատ կարևոր հանգամանք: Արսեն Թորոսյանը ինձ հետ առանձին երբեք չի հանդիպել և չի զրուցել: Նրա նախարար նշանակվելուց հետո ես մի քանի անգամ հանդիպման խնդրանքով դիմել եմ նախարարի քարտուղարություն իմ կողմից ղեկավարվող կենտրոնը ներկայացնելու, խնդիրները և զարգացման ուղիները քննարկելու նպատակով: Բոլոր այդ խնդրանքները փոխանցվել են նախարարին և մերժվել են նախարարի “զբաղված” լինելու պարզաբանմամբ:

Այսպիսով մենք ունենք մի իրավիճակ, երբ նախարարը առանց պատճառ ներկայացնելու, առանց տնօրենի հետ հանդիպելու, առանց նրան ճանաչելու, առանց նրա հետ խոսելու “ուզում է”, որ այդ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմում գրի:

Ասեմ, որ բժիշկ եմ, առողջապահության համակարգում աշխատում եմ արդեն 20 տարի, ունեմ բազմամյա կառավարման փորձ, իմ անցած աշխատանքային ուղին համահունչ է ներկայիս զբաղեցրած պաշտոնին: Իմ անունը ոչ մի անգամ չի շոշափվել չարաշահման, կոռուպցիոն կամ որևէ այլ ինձ զրպարտող համատեքստում (քանի տարի է նույնիսկ ֆեյսբուքյան էջ չունեմ): ՀՀ ԱՆ “Մարդասիրական Օգնության Հանրապետական Կենտրոն” ՊՈԱԿ-ը ղեկավարում եմ ընդամենը 2 ամիս, նախկինում աշխատել եմ նույն տեղը որպես տնօրենի տեղակալ: Պատրաստ եմ անցնել ցանկացած ստուգում և պատասխան տալ յուրաքանչյուր նույնիսկ աննշան թերացմանս համար:

Մեծարգո պարոն վարչապետ

Երբ նորանշանակ նախարարը “ուզում է” ինձ գործազուրկ դարձնել, ես՝ ուզում եմ ապրել արդար երկրում և ստիպված եմ դիմել երկրիս վարչապետին: Խնդրում եմ ուշադրություն դարձնել Արսեն Թորոսյանի կողմից իրականացվող ռեպրեսիաների քաղաքականությանը և ընդհանրապես նրա որպես նախարար արված  հայտարարություններին: Նախարար, որը իր ֆեյսբուքյան էջում “վախացնում է”, որ մի օր կտա “ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների” անունները (այսինքն չտալով դառնում է հանցակից)։ Նախարար, որը մի կողմից ասում է, որ տնօրենների մրցույթները լինելու են արդար, մյուս կողմից մրցույթից առաջ առանց որևէ հիմքի տնօրենին ստիպում աշխատանքից ազատվելու “ինքնակամ” դիմում գրել:

Խնդրում եմ չդիտարկել այս նամակը որպես անձնական խնդրի բարձրաձայնում, ընդամենը այս եզակի օրինակով փորձում եմ իմ ուժերի սահմաններում կանխարգելել վերադարձը նախկինին՝ առողջապահության ոլորտի քաղաքականացմանը, ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակումների և “դիմում գրի, թէ չէ վատ կլինի” սկզբունքով աշխատանքից հեռացումների:

Գիտեմ, որ համամիտ եք՝ մեր երկրում բարեխիղճ և արդար աշխատող մարդը չպետք է վախենա կադրային ջարդից։ Չպետք է վախենա, որ կզրկվի գործից՝ ղեկավարության փոխվելուց։ Աշխատողներն են կառուցում երկիրը։

Դուխով՝

Միհրան Սևումյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով