Ձերբակալվեց մի քանի տասնյակ «ֆեոդալներից» մեկը

Երեկ ոստիկանությունը հայտնեց մի օպերացիայի մասին, որը, իմ կարծիքով, նույնքան կարեւոր էր, որքան գեներալ Մանվելի ձերբակալությունը:

«Զինաթափվեց» նախագահի վերահսկողության նախկին պետ եւ ՊԵԿ-ի նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանն իր թիկնազորով՝ ոստիկանները կանգնեցրել են նրա եւ «շքախմբի» մեքենաները եւ զենքի պատկառելի պահեստ հայտնաբերել: Ներկա եւ նախկին պաշտոնյաներն ու օլիգարխները այդպիսի սովորություն ունեն՝ դուրս գալ քաղաք մի քանի մեքենայի ուղեկցությամբ, զենքով-զրահով, սա՛ է նրանց ինքնահաստատման ձեւը:

Վախենո՞ւմ են նրանք, որ իրենց դեմ մահափորձ կկատարվի, կարծում եմ՝ այո, բայց ավելի շուտ վախենում են, որ նրանց հետեւից կգա ԱԱԾ-ն ու կհայտնաբերի իրենց հարստության աղբյուրները: Անհամբեր սպասում եմ, որ նման օպերացիա կիրականացվի եւս մի քանի տասնյակ պաշտոնյաների եւ օլիգարխների հանդեպ, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց ժամանակն արդեն անցել է: Հասկանան, որ նրանք այլեւս ֆեոդալ եւ «հեղինակություն» չեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ հեղինակություն է նա, ով կանգնում է կարմիր լույսի տակ, ով վճարում է հարկերը, ով իր պաշտոնի կամ փողի բերումով իրեն որեւէ ձեւով առավել չի զգում անպաշտոն եւ անփող համաքաղաքացիներից:

Լրագրողը հարցնում է պատգամավորից՝ դուք իրավացիորեն դատափետում եք Մանվել Գրիգորյանին՝ իր քաղաքում եւ շրջակայքում ֆեոդալ զգալու համար, իսկ ձեր կուսակցական շեֆն արդյո՞ք մեկ այլ քաղաքում եւ դրա շրջակայքում նմանատիպ ֆեոդալ չի: Պատգամավորը պատասխանում է՝ «դուք պատվեր եք կատարում»՝ տհաճ հարցը «ցրելու» մոգական բանաձեւ է:

Բայց հասկանանք, որ տարբեր քաղաքներում եւ գյուղերում մեծ ու փոքր ֆեոդալները նախեւառաջ մեր ցածր իրավագիտակցության արդյունք են, եւ այնպես չէ, որ մի քանի օր ճանապարհ փակելով՝ Հայաստանի բոլոր բնակիչները դարձան քաղաքացի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա է պատճառը, որ մենք անհանդուրժող ենք ոչ թե ընդհանրապես ապօրինությունների, այլ միայն մեր «չսիրած» մարդկանց ապօրինությունների հանդեպ:

Այնպես որ, հարգարժան իրավապահներ, խուզարկեք ցանկացած մեծահարուստի դղյակ, կանգնեցրեք ցանկացած օլիգարխի ուղեկցեղ մեքենա՝ 100 տոկոսով վստահ եմ, որ դուք առնվազն կհայտնաբերեք ապօրինի զենք: Հնարավոր է նաեւ՝ շոգեխաշած միս:

Նյութի աղբյուրը ՝ Aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով