«Հին Հայաստանի» օրենքներով. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է.ԱԱԾ-ն խոշոր բացահայտումներ է արել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում: Մեծ հաշվով, դա ոչ այնքան բացահայտում էր, որքան օրենքի շեղումների հայտնի փաստերի հրապարակում՝ խախտումներ, որոնք համապատասխանում էին, այսպես ասած, «հին Հայաստանի» տառին ու ոգուն:

Անձամբ ես մի քանի անգամ հետաքրքրվել եմ տնտեսագետներից, թե ինչ կլինի, եթե խոշոր սեփականատերերը «ձեւանա» մանր սեփականատեր, որպեսզի ԱԱՀ չմուծի: Մեծ մասնագետ պետք չի լինել՝ հասկանալու համար, որ հարկային մարմինների թողտվության պարագայում սա, հատկապես առեւտրի բնագավառում, անխուսափելի է:

Հիմա սուպերմարկետների (ոչ միայն «Սիթիի») տնօրենները դիմել են վարչապետին նամակով, որի իմաստը, եթե պարզ ձեւակերպենք, հետեւյալն է՝ եթե մենք աշխատենք օրենքով, ապա կսնանկանանք, իսկ մթերքի գինը կբարձրանա: Հասկանում եմ, որ հասարակության վերաբերմունքը խոշոր սեփականատերերի նկատմամբ խիստ բացասական է, եւ նրանց այդ ասածներին դժվար թե մեկը հավատա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց մասնագետները եւ կառավարությունն այստեղ մտածելու բան ունեն՝ գուցե իսկապես օրենքները գրված էին այնպես, որ դժվար լինի դրանք չշրջանցելը, իսկ շրջանցելով` մարդիկ ստիպված կլինեն «մուծվել»: Իրավիճակը մոտավորապես նույնն է, ինչ որ կար արագաչափերի եւ տեսախցիկների պարագայում: Վարորդներն ասում են, որ նրանք չեն կարող օրենքով քշել՝ ես դրան հավատում եմ 50 տոկոսով, որովհետեւ կան բազմաթիվ վարորդներ, որոնք տարիներ շարունակ քշում են առանց խախտումների:

Բայց օրինախախտ վարորդների տուգանքները ներվեցին՝ չնայած շատերը կարծում են, որ դա չպիտի արվեր: Առավել եւս չպիտի ներվեն (ու, վստահ եմ, չեն ներվի) սուպերմարկետների տերերը, որոնց ասածի մեջ, հավանաբար, ճշմարտության 25 տոկոս կա, եւ որոնց նյութական կացությունը չես համեմատի անվճարունակ վարորդների կացության հետ: Սակայն սկզբունքը պետք է նույնը լինի՝ սկզբից կատարել գործող (թեեւ անկատար) օրենքի պահանջը եւ հետո միայն մտածել օրենքը կատարելագործելու մասին:

Ի վերջո, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կան ե՛ւ սուպերմարկետների ցանցեր, ե՛ւ փոքրիկ կրպակներ ու խանութներ, որոնք քիչ թե շատ «խաղաղ գոյակցության» մեջ են: Չնայած ժամանակ առ ժամանակ զարգացած երկրներում նույնպես գյուղացիները ցույցեր են անում՝ բողոքելով իրենց ապրանքի ցածր գներից: Պարզապես, մեր խոշոր սեփականատերերը պետք է հասկանան, որ այլեւս չեն կարողանա գյուղացիներից կոպեկներով մթերք գնել, ստանալ 100 տոկոսանոց շահույթ եւ գումարած դրան՝ հարկերը չմուծել: Իսկ «հասկացնելու» ձեւը մեկն է՝ Օրենքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով