Լուսաձոր համայնքի ղեկավարը գույքահարկի արտոնություն է տվել հարազատ եղբորը

Առավոտ օրաթերթը գրում է. Հունիսի 5-ին կայացել է Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի ավագանու նիստ: Համայնքի ավագանին բաղկացած է 5 հոգուց, ավագանու անդամներից մեկը Ռուսաստանում է գտնվում, մեկ ուրիշ անդամ այդ նիստին չի մասնակցել: Նիստին մասնակցել են ավագանու 3 անդամներ՝ Զոհրաբ Մատինյանը,Համլետ Սարդարյանը, Անդրանիկ Մատինյանը:

Ի թիվս այլ որոշումների՝ ավագանու նշված անդամները որոշել են ղեկավարվելով « Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով՝ համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը եւ քաղաքացիներ Հայկ Շամիրի Սարդարյանին՝ 45 հազար դրամի, Հայկ Ասիլբեկի Սարդարյանին՝ 40 հազար դրամի արտոնություն տալ:

Որոշման մեջ գրված է արտոնություն ստացած Սարդարյանների ավտոմեքենաների մակնիշները՝ «Նիսան» եւ «Տոյոտա» : 2016թ.-ից Լուսաձոր համայնքի ղեկավարը 1963թ. ծնված ՀՀԿ անդամ Վարդան Ասիլբեկի Սարդարյանն է, ով Լուսաձորը ղեկավարել է նաեւ 1991-2005 թվականներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գույքահարկի արտոնություն ստացած Հայկ Ասլիբեկի Սարդարյանը համայնքի ղեկավարի հարազատ եղբայրն է: Լուսաձորից տեղեկացանք, որ արտոնություն ստացած Հայկ Շամիրի Սարդարյանը համայնքապետի հորաքրոջ թոռան ամուսինն է, ավագանու անդամ Համլետ Սարդարյանը գույքահարկի արտոնություն ստացած Հայկ Շամիրի Սարդարյանի հարազատ եղբայրն է: Ավագանու անդամ Զոհրաբ Մատինյանն ասաց, որ գույքահարկի արտոնություն տալու համար «բյուջեն ներում է», իրենց համագյուղացիներին արտոնություն են տրամադրել:

Նա ժխտեց, որ ինքը համայնքի ղեկավարի բարեկամն է: Համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանն ասաց, որ գույքահարկի մասին օրենքով իրենք իրավունք ունեն համայնքի գույքահարկի գումարի 10 տոկոսի չափով քաղաքացիներին արտոնություն տրամադրել, նրա խոսքերով՝ Լուսաձոր համայնքի գույքահարկը 1 միլիոն 300 հազար դրամ է:

Նա ասաց, որ իր եղբոր ավտոմեքենան շուրջ մեկ տարի իրեն`որպես համայնքի ղեկավարի, ծառայել է, քշվել սարերում: Նա Հայկ Շամիրի Սարդարյանի վերաբերյալ նշեց, որ վերջինս հաշմանդամ է: Նշենք, որ 2017թ. դեկտեմբերի 12-ին Լուսաձորի ավագանին հաստատել է համայնքի բյուջեն, որտեղ գույքահարկի 2018թ. տարեկան պլանը նշված է 1 միլիոն 64 հազար 800 դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով