Իշխանությունը մկաններ է ցուցադրում. ո՞վ է իրական հասցեատերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան հասարակական, քաղաքական ու լրատվական միջավայրի առանցքային թեմաները, ուզենք, թե չուզենք, շարունակում են մնալ բացահայտումներն ու ձերբակալությունները, ավելի ճիշտ՝ «բերման ենթարկումները»: Նախորդիվ անդրադարձել ենք այս գործընթացների, այսպես ասած, «լուսաձայնային էֆեկտների» ենթատեքստերին եւ բեմականացման որոշակի տարրերին, սակայն, սրանից զատ, այսօրինակ գործողություններով իշխանությունները մի շարք հստակ հաղորդագրություններ են հղում իրենց ներկա եւ առաջիկա մրցակիցներին:

Այլ կերպ ասած՝ իշխանությունը ուժի ցուցադրություն է իրականացնում, թերեւս միայն հենց այս տրամաբանության մեջ կարող է տեղավորվել որոշ անհատների բերման ենթարկելն ու ազատ արձակելը: Ի դեպ, այստեղ հարկ է նշել նաեւ, որ բացի ուժի ցուցադրությունից, նման, թվում է, անտրամաբանական գործողությամբ լուծվում է նաեւ նշանակետում գտնվող անձանց տեսադաշտում պահելու խնդիրը:

Մի կողմից իշխանության կողմից նման ուժի ցուցադրությունը կարող է թվալ, թե ուղղված է որոշակի անհատների կամ, առավելագույնը, խմբերի դեմ, սակայն իրականում ուժի ցուցադրության հասցեատերը կարող է լինել հասարակությունը: Խնդիրն այն է, որ ապրիլ–մայիսյան իրադարձություններից հետո, ոստիկանության նկատմամբ որոշակիորեն վերաբերմունք է փոխվել, ավելին, ոստիկանությունը, ԱԱԾ–ն դարձել են հանրայնորեն, եթե ոչ սիրելի, ապա գոնե ընդունելի կառույցներ: Սա շատ հետաքրքիր ու դրական իրողություն է մասնավորապես ԱԱԾ–ի պարագայում, որովհետեւ դժվար է գտնել որեւէ այլ հետխորհրդային երկիր, որտեղ «КГБ»–ի ժառանգորդ համարվող կառույցները վայելեն հանրային համակրանք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուս կողմից այս համակրանքի մեջ թաքնված է որոշակի վտանգ: Ի վերջո Ոստիկանությունը, ԱԱԾ–ն եւ նմանատիպ կառույցները կոչված են իրականացնելու պետության բռնության մենաշնորհը՝ այսինքն հենց այս կառույցներին է տրված լիովին օրինական կերպով բռնություն գործադրել:

Ընդհանրապես, բռնության մենաշնորհը համարվում է պետության առաջնային հատկանիշներից մեկը եւ ցանկացած պետություն կայացած է այնքանով, ինչքանով կարողանում է օրենքին համապատասխան եւ տեղին կիրառել բռնության իրավունքը՝ դրա անհրաժեշտության դեպքում:

Նման իրավիճակում ոստիկանությունը, ԱԱԾ–ն, մյուս կառույցները եւ, ամենակարեւորը, հանրությունը պետք է պատրաստ լինեն այն մտքին, որ վերոնշյալ կառույցները հեղափոխությունից հետո չեն զրկվել բռնության մենաշնորհից, չեն դարձել բովանդակությամբ այլ, բարեփոխվել են, մաքրվել են օդիոզ դեմքերից եւ այլն, սակայն բովանդակության մեջ մնացել են իրավապահ համակարգ եւ հենց այդպես էլ պետք է լինի»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով