ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՆԵՐՎԵԼՈՒ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՏՈՒՅԺ-ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում, ապա նաեւ իր վերջին «լայվում» հայտարարեց, որ անհուսալի վարկառուների չմարած վարկերից գոյացած տույժ-տուգանքները ներվելու են։ Բանկերը «կներեն» վարկերն ուշացնելու համար 2018 թվականի մայիսի 31-ից գոյացած տույժ-տուգանքները։ Խոսքը միայն սպառողական վարկերի ու գոյացած տուգանքների մասին է։ Բայց դա այնքան էլ հեշտ պրոցես չէ։

Դրա համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում։ Բանկերը դեմ չեն, պատրաստ են գնալ այդ քայլին, բայց նրանց վրա հարկային պարտավորություններ են առաջանում, երբ այդ տույժ-տուգանքները ներում են։ Հարկային օրենսգրքում կա դրույթ, համաձայն որի՝ բանկի կողմից ներվող այդ տույժ-տուգանքները համարվում են բանկի շահույթ եւ հարկվում են։

Արդյունքում՝ բանկը, լավություն անելով քաղաքացուն՝ իր շահույթի հաշվին, դեռ մի բան էլ քաղաքացու համար լրացուցիչ հարկ է մուծում, որը կազմում է մոտ 20 տոկոս։ Դրա համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը կյանքի կոչվի, Ազգային ժողովը վերջերս ընդունեց Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելու նախագիծ, որով այդ հարկային պարտավորությունը հանվում է բանկերի վրայից։ Այսուհետ բանկերը կարող են հեշտությամբ ներել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքները՝ առանց դրա համար պետությանը լրացուցիչ հարկ վճարելու։ Օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա հուլիսի 1-ից։

Իհարկե, սա չի նշանակում, որ այս որոշումից կարելի է շատ մեծ սպասելիքներ ունենալ։ Կառավարության որոշումից եւ օրենսդրական փոփոխությունից հետո հիմա արդեն խնդիրը բանկերի տիրույթում է, նրանք պետք է այդ պրոցեսն առաջ տանեն՝ որոշեն, թե որ վարկառուի դեպքում ինչպես են վարվում, ում ինչ ձեւով են ներում եւ այլն՝ գնահատելով վարկառուի հուսալիությունը։

Իսկ դա մեկ օրվա բան չէ։ Ամեն դեպքում՝ դրական հույս առաջացնող որոշում է։ ՀՀ կենտրոնական բանկի մամուլի պատասխանատու Հարություն Բերբերյանն այս առնչությամբ մեզ ասաց, որ խոսքը վերաբերում է այն վարկերին, որոնք 271 օր համարվել են անհուսալի։

Նրա խոսքով՝ իրականում ֆինանսական հաստատություններին էլ է ձեռնտու այս ընդառաջմանը գնալը, քանզի իրենք հայտարարում են, որ պատրաստ են գնալ այդ քայլին, բայց ինչո՞ւ վերցնեն դրա հարկային պարտավորությունն իրենց վրա։ Իսկ Կենտրոնական բանկն այստեղ որեւէ միջամտություն ունի՞ անելու, Բերբերյանն ասաց․ «Էսպես ասեմ՝ Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի մեգառեգուլյատոր է։

Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ եւ օրենքով երկու ֆունկցիա ունի՝ գների կայունություն եւ ֆինանսական կայունություն։ Ֆինանսական կայունության տեսանկյունից մեզ համար կարեւոր է, որ ո՛չ վարկատուն տուժի, ո՛չ վարկառուն տուժի։ Հիմա էն պարագայում, երբ որ հարկային այդ բեռը հանվում է, բնականաբար, մենք ողջունում ենք դա եւ մենք էլ մեր դերակատարումն ենք ունեցել նույն ֆինանսական համակարգի սպասումները եւ ակնկալիքները ձեւավորելու եւ հասկանալու վրա»։ Մենք զրուցեցինք նաեւ որոշ բանկերի ներկայացուցիչների հետ։

Մեզ բացատրեցին, որ իրենք դեմ չեն եղել վարկառուների տույժ-տուգանքները ներելուն, անկախ վարչապետի հայտարարությունից, եւ շատ հաճախ հենց ներել են իրենք իրենց կամքով, պարզապես այդ հարկային պարտավորությունը լրացուցիչ խոչընդոտող հանգամանք է եղել իրենց համար։ Ավելին՝ բանկերին անգամ ձեռնտու է իրենց վարկառուների տույժ-տուգանքները ներել, միայն թե բերեն եւ վճարեն մայր գումարը։

Բայց թե հիմա ինչպես կիրականացնեն այդ գործընթացն արդեն կառավարության որոշումից ու օրենքի փոփոխությունից հետո, բանկերում դեռ հստակ չգիտեն, պետք է քննարկեն եւ հասկանան։ Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, որ այս առնչությամբ իրենք բանակցում են նաեւ բանկերի հետ։ Թեմային ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում, երբ բանկերի մոտ որոշակի հստակություն լինի։

hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով