Ի՞նչու Աղվան Հովսեփյանը հրաժարական տվեց.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում հրաժարականների շարք է սկսվել: Նախորդ շաբաթ հրաժարական ներկայացրին ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Երեկ իր հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Այս վերջին դեպքն ինքնին ուշագրավ է, քանի որ Աղվան Հովսեփյանը եղել է նորանկախ Հայաստանում լուրջ դերակատարություն ունեցած գործիչներից մեկը: Նախ` ժամանակին լինելով դատախազ` նա առնչվել է 1988թ. Ղարաբաղ կոմիտեի անդամների դեմ հարուցված քրեական գործին:

Բայց Աղվան Հովսեփյանի դերակատարությունն ահռելի էր հատկապես 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Նա ՀՀ գլխավոր դատախազն էր, ասել է թե` եղել է մարտի 1-ի շինծու քրեական գործի ճարտարապետներից մեկը: Պատահական չէ, որ հենց Հովսեփյանը շրջանառության մեջ դրեց թեզը, թե ընդդիմության լիդերները ժողովրդի նկատմամբ հոգեբանական դիվերսիա են իրականացրել, «զանգվածային հոգեխանգարմունքի մեջ գցել» մարդկանց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ հիմա Աղվան Հովսեփյանը մեկն է այն անձանցից, որոնք պատասխանատվություն են կրում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքների և կեղծ ապացույցների հիման վրա հարուցված քրեական գործերի համար, գործեր, որոնք փլուզվեցին դատարանում:

Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վերսկսվել է մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը, Հովսեփյանի հրաժարականը պատահական չէ. չի բացառվում, որ կապված է այդ հանգամանքի հետ:

Հանուն արդարության մեկ փաստ էլ. Աղվան Հովսեփյանը, դառնալով ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ, համեմատաբար ավելի դրական լույսի ներքո էր գործում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով