Թո­ղնենք աշ­խա­տե՞ք, թե մեկ–մեկ «բզենք». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. Կառավարության արտահերթ նիստի ժամանակ դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճը մի քանի ենթաշերտ ունի: Արտաքուստ, իհարկե, նման բանավեճերը վատ բան չեն, ավելին՝ կարելի է և ժողովրդավարության վկայություն համարել:

Առավել ևս, որ նախորդ իշխանությունները կառավարության նիստերը փակ դարձրեցին, որպեսզի կառավարության անդամները քննարկումների ժամանակ առավել անկաշկանդ լինեն: Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը հիմա նույնիսկ ափսոսում է, որ շտապեց ու վերոնշյալ որոշումը չեղյալ հայտարարեց՝ մոռանալով, որ միայնության մեջ ուղիղ եթեր մտնելն ու հավանական քննարկումներով նիստերը ուղիղ եթերով հեռարձակելը տարբեր բաներ են:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն ափսոսալը մի բան է, իրականությունը՝ մի բան, ու այդ իրականությունը ավելի ճիշտ է, քանզի հասարակության հետ բաց աշխատելու գործելաոճը միանշանակ անհրաժեշտություն է: Սակայն ժողովրդավարության վկայություն դառնալուն այդ վարչապետ–նախարար բանավեճին խանգարեցին մի քանի գործոններ:

Առաջինը վարչապետի դյուրագրգռությունն է, որը բավական տևական ժամանակ չէր զգացվում առանձնապես, չնայած Փաշինյանին ճանաչողները գիտեն, որ նրա համար սարսափելի դժվար է դուրս չգալ հավասարակշռությունից: Դրա համար կամ կամքի շատ մեծ ուժ է պետք, ինչը երևի թե նա ունի, կամ էլ որոշակի մասնագետների հետ հետևողական աշխատանք: Այս անգամ չստացվեց:

Բայց խնդիրը նույնիսկ այն չէ, որ նա չկարողացավ տիրապետել իրեն ու պարբերաբար խոսքի կեսից ընդհատում էր: Խնդիրն առաջին հերթին այն ձևակերպումներն են, որ տրվեցին Փաշինյանի կողմից և որ էապես բնորոշում են նրա մտածելակերպը: Նախ՝ նա փաստացի կրկնեց հայտնի մոտեցումը, թե ով մեզ հետ չէ, մեր դեմ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մոտեցումը դարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի և իր թիմի ձախողման պատճառներից մեկը, այս մոտեցումը դարձավ նաև ՀՀԿ–ի ձախողման պատճառներից մեկը: Իհարկե, այս դեպքում ձևակերպումը մի փոքր այլ է՝ ով մեզ հետ համաձայն չէ, ուրեմն մեզ հետ չէ:

Եթե անկեղծ, ապա սա անհամեմատ ավելի վտանգավոր է, որովհետև եթե վերոնշյալ մոտեցումը նախորդների դեպքում սսահմանափակում էր թիմայնությունը, ապա այս դեպքում Փաշինյանը իսպառ բացառում է այլակարծությունը թիմի ներսում, իսկ սա ժողովրդավարության բացահայտ անտեսում է: Ժամանակին ՀՀԿ–ին ու այլ կուսակցությունների մեղադրել են, որ ներկուսակցական ժողովրդավարություն չկա: Հիմա մենք ականատեսն ենք նույն վիճակի:

Որպես այս մոտեցման շարունակություն՝ հնչեց Փաշինյանի մեկ այլ ձևակերպում՝ որոշումները կառավարության նիստում պետք է ընդունվեն միաձայն: Այդ դեպքում ինչի՞ համար է օրենքի դրույթը, ըստ որի կառավարության որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, կամ ինչի՞ համար են կառավարության նիստերն ընդհանրապես: Կարելի է փոխել օրենքը և բոլոր տեղերում, ուր գրված է «կառավարության որոշում», փոխարինել «վարչապետի որոշում» բառերով:

Հասկանալի է, որ նման դիրքորոշման համար առկա է մտավախություն, որ առանձին նախարարներ, հատկապես ոչ ՔՊ–ական, կարող են որոշ դեպքերում «սպիտակ ագռավ» երևալ, ինչի ակնարկներն, ի դեպ, հնչեցին նույն նիստի ժամանակ: Առավել ևս, ՀՅԴ–ական նախարարի (նախարարների) պարագայում, անշուշտ, դա չի բացառվում:

Սակայն դա չի նշանակում, որ կառավարության անդամներն ընդամենը ֆիզիկական ներկայություն ապահովողներ պիտի լինեն ու որևէ պարագայում դեմ չքվեարկեն: Այս պարագայում, որպես նման մոտեցման արդարացում, խոսել թիմայնության մասին, արդարացված չէ, քանզի հենց նույն թիմի ներսում տարակարծությունների ու ընդդիմախոսության բացակայությունը հանգեցնելու է խոր լճացման ներիշխանական համակարգում:

Այդպես միաձայն քվեարկում էին ԽՍՀՄ բոլոր մարմիններում: Եթե մեր խնդիրը այդպիսի համակարգի վերադարձն է, ապա կարող է այնպես ստացվել, որ ՀՀԿ–ն ավելի ժողովրդավար էր, ինչը պատկերացնելն անգամ ֆանտազիայի ժանրից է: Ուրեմն, նոր իշխանությունները պիտի կարողանան խուսափել այսպիսի մոտեցումներից: Մենք շատ ավելի համամիտ ենք նույն ՔՊ–ական, ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի հետ, ով անընդունելի է համարում «թողեք աշխատեն» խոսքը: Նրա համոզմամբ, «երբ թողնում ես, որ աշխատեն, չեն աշխատում, պետք է բզես, որ աշխատեն»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով