Էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ ենթակայության ներքո. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան նիստի օրակարգին անցնելը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ «Ռենկո» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածությանը: «10 օր առաջ հանդիպում էի ունեցել «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր մտադիր էին Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցելու գործընթաց սկսել: Պայմանավորվածության համաձայն՝ արդարադատության նախարարությունը պետք է զբաղվեր այդ հարցով: Հիմա մենք մտահոգություն ունենք, որ կառավարությունն այս հարցում կոնկրետություն չի մտցնում, և մենք մեր պարտավորություններն ինչ-որ առումով չենք կատարում՝ չենք հստակեցնում մեր դիրքորոշումը»,-ասել է վարչապետը՝ դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Նախարարը տեղեկացրել է, որ մի քանի պաշտոնական հանդիպում է ունեցել «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ: «Պայմանագիրը հայերեն թարգմանված է և դրված է շրջանառության մեջ, մի քանի անգամ խորհրդակցություն է անցկացվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ: Հանդիպումներ ենք ունեցել տարբեր հանձնաժողովների փորձագետների հետ և սպասում ենք նախարարության փորձագիտական եզրակացությանն այդ պայմանագրի կապակցությամբ»,-նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ եզրակացությունը կտրամադրվի երկուշաբթի օրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետի խոսքով՝ քանի որ ներդրումային միջավայրը բարելավելու խնդիր կա, պետք է արագ գործել, որպեսզի մեր դիրքորոշումները հստակեցվեն և պոտենցիալ ներդրողներն իրենց անելիքն իմանան: «Հակառակ դեպքում ձգձգումը կարող է հակառակ տպավորությունը թողնել: Խնդրում եմ շատ արագ այդ խնդիրը լուծել և անձամբ ինձ զեկուցել դիրքորոշման և եզրակացության մասին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի խնդրին և երկու նկատառում հայտնել: «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ ենթակայության ներքո: Պետք է առաջիկայում շատ արագ որոշում կայացնենք էլցանցերի հետագա կառավարման մեթոդի մասին: Այս փուլում, կարծում եմ՝ պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Պետք է որոշենք՝ դա պետական կառավարման է մնում, թե, այնուամենայնիվ, որևէ մասնավոր կառավարման է հանձնվում: Իսկ այսօր կարող ենք շատ հստակ հայտարարել՝ բացառենք, որ այդ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անհատ կամ ընկերություն, բացառենք, որ որևէ օՖշորային ընկերություն կարող է ներգրավված լինել այդտեղ, բաց, թափանցիկ, հրապարակային մրցույթում պետք է այդ ամենն արվի: Կա երկու նախապայման՝ օֆշոր չի լինելու և իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ և ընկերություն չի լինելու դրա կառավարողը»,-նշել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով Վրաստան կատարած այցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն շատ հաջող և արդյունավետ էր և կնպաստի հայ-վրացական հարաբերությունների նոր մակարդակի բարձրացմանը: «Կան հրատապ խնդիրներ: Մասնավորապես՝ վերջերս զբոսաշրջիկներով ավտոբուսը Բագրատաշենի անցակետից մուտք է գործել Հայաստանի տարածք և 30-40 կիլոմետր վարելով որոշել է հետ դառնալ՝ պատճառաբանելով, որ իր թանկարժեք ավտոբուսը ոչ բարվոք ճանապարհներով վարելով ջարդուփշուր կլինի»-նշել է վարչապետը և հետաքրքրվել տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանից, թե ճանապարհների վերանորոգման ինչ ծրագրեր կան: Նախարարը տեղեկացրել է, որ խոսքը Իջևան-Նոյեմբերյան հատվածի մասին է, որտեղ ճանապարհների վիճակը վատ է:

«Ուսումնասիրությունները կատարված են, նախագիծը կա, տեխնիկան տեղափոխված է և շուտով՝ այսօր, վաղը, շինարարությունն այդ հատվածում կսկսվի: Իջևան-Նոյեմբերյան 18.7 կիլոմետր հատվածի մասին է խոսքը: Այս տարվա մրցույթներից տնտեսված գումարներ ունենք, միգուցե ընդլայնենք շինարարական աշխատանքները»
,-նշել է Աշոտ Հակոբյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանը փախվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքից: Փոխվարչապետը նշել է, որ առաջարկվող լուծումներից մեկը պայմանագրի առհասարակ կասեցումն է այդ ընկերության հետ: «Չեմ կարծում որ դա արդյունավետ լուծում է, որովհետև այնտեղ կոռուպցիոն խնդիր կա: Պետք է մանրամասն ուսումնասիրվի, որպեսզի կարողանանք համապարփակ և ընդհանուր պատկերն ստանալ»,-նշել է Տիգրան Ավինյանը:

Վարչապետը հորդորել է խնդրին տալ առավելագույն արագ լուծում: «Ի վերջո երկու տարի է ճանապարհի այդ հատվածի կառուցումը տեղապտույտի մեջ է և այստեղ նույնպես Վրաստանի հետ առնչություն ունենք, որովհետև «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը շատ սերտորեն պայմանավորում է Իրանի և Վրաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունների և զբոսաշրջության զարգացումը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հավանության է արժանացել ՀՀ կառավարության ծրագիրը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին: ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:

Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերն են իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը և այլն:

Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Ըստ այդմ՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունը, նախապատվությունը և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։

Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունք արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ:

Կառավարության ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է, մասնավորապես, հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով և այլն: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։

Գործադիրի որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է նաև Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Կապահովվի ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնման իրականացումը

Կառավարությունը հաստատել է Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը: Որոշման ընդունման նպատակն է ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման միջոցով լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում հավաքված գումարների հաշվին ապահովել ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողատարածքների վերականգնումը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է օրենսդրական դաշտում կատարել փոփոխություններ, որպեսզի ապահովվի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ընդերքօգտագործողների կողմից կատարվող գումարների մուտքը:

Այդ նպատակով անհրաժեշտ է, մասնավորապես, հստակեցնել դրամագխին կատարվող դրամական հատկացումների մեխանիզմը՝ մտցնելով վերջնական հատկացման գաղափարը, պարզեցնել ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացում կատարելու համար լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու գործընթացը, կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման և հրաժարման հավաստագրերի տրամադրման իրավահարաբերությունները՝ արգելելով վերը նշված գործընթացների իրականացումն առանց ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի մասնակցության և այլն:

 

Կապահովվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շարունակական իրականացումը

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շարունակական իրականացումը, ինչպես նաև Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 44 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Ըստ այդմ՝ ամրագրվել են ՀՀ 2018 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման հատկացված 458,118.0 հազ. դրամ հատկացումների հաշվին շահառուներին տրամադրվող պետական աջակցության մոտեցումների և աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարցերը: Մասնավորապես, որոշմամբ առաջարկվում է վերը նշված միջոցներից 451,919.0 հազ. դրամն ուղղել Լոռու մարզի բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստակամության կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման նպատակով նրանց ֆինանսական աջակցության տրամադրմանը:

Ընդ որում, նախատեսվում է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ աջակցությունն ստացող ընտանիքը՝ ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագրի կնքմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնի իր բնակելի տան շինարարությունը և արդեն ավարտված բնակելի տան նկատմամբ գրանցի ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Որոշմամբ կարգավորված են նաև ֆինանսական աջակցության տրամադրման ընթացակարգի, պայմանների, դրանց չկատարման հետևանքների հետ կապված հարցերը:

 

Կընդլայնվի նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու շահառուների շրջանակը

Գիտության և կրթության բնագավառներում գործունեություն ծավալող (ուսումնառություն իրականացնող) և այդ բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու շահառուների շրջանակը ընդլայնելու նպատակով կառավարութունն ընդունել է համապատասխան որոշում:

Որոշման համաձայն՝ իջեցվում են կրթական ծրագրի շրջանակում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները (մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր), ինչպես նաև գիտական ամսագրերի ցանկ են ընդգրկվել նաև ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի ամսագրերը: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են ապահովելու գիտության և կրթության բնագավառներում նշանակալի ներդրում ունեցող քաղաքացիներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորության իրացումը:

Այլ որոշումներ

Կառավարության չզեկուցվող որոշումներով՝ պաշտոնից ազատվել են ՀՀ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզպետները: Գործադիրի այլ որոշումներով Աշոտ Սիմոնյանը նշանակվել է Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետ:

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Ընկերությանը տրամադրվել էր ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն:

Ըստ հիմնավորման՝ հայտով բավարարված ապրանքների ներմուծման ժամանակ առաջացել է տեխնիկական խնդիր, որը կապված է ԱՏԳ ԱԱ ծածկագրի և ապրանքի նույնականացման հետ:

Վարչապետի առաջարկով օրակարգից հանվել է «Մեղրի-1» բարեգործական հասարակական կազմակերպությանը Սյունիքի մարզի Մեղրիի համայնքում «Մշակութային, ազգագրական, ագրո և էկո հյուրընկալության պայմանների ստեղծում Մեղրի քաղաքի «Փոքր» թաղում» ծրագրի իրականացման նպատակով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու հարցը: «Այստեղ տրամաբանական կոնֆլիկտ կա:

Եթե սա բարեգործական ծրագիր է, թող լինի բարեգործական, եթե ներդրումային ծրագիր է՝ ինչո՞ւ ենք մենք բարեգործական գնով վաճառում: Այսինքն՝ եթե ներդրում է, ապա եկեք քննարկենք ներդրումային ծրագիրը, հասկանանք, որ մարդն ուզում է ներդրումային ծրագիր անել, տնտեսական շահույթ ստանալ: Եթե բարեգործական ծրագիր է՝ ինչո՞ւ է անպայման ուզում, որ իբրև սեփականություն այդ հողն ունենա»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է բոլոր մանուկներին Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ: «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաներն ապրելու են պաշտպանված, երջանիկ և ազատ Հայաստանում»,-նշել է փոխվարչապետը: Տիգրան Ավինյանը կառավարության անունից շնորհավորել է նաև Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով