Արցախում իրավիճակ է փոխվել

Times.am: Արցախի Խորհրդարանում այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել պատգամավորներ Հայկ Խանումյանի և Ժաննա Գալստյանի միջև։ Նրանցից առաջինն ընդիմադիր գործիչ է, Ազգային Վերածնունդ կուսակցության ղեկավարը։ Ժաննա Գալստյանը Արցախի հերոս է, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավարը։

Հայկ Խանումյանին, ասում են, Արցախում շատերը չեն սիրում։ Տեղացի չէ, կոնֆլիկտային է, չի տեղավորվում քաղաքական գործչի մասին արցախցիների պատկերացումների շրջանակում։ Ժաննա Գալստյանը՝ հակառակը։ Նորից՝ ասում են, որ նա իսկական արցախցի կնոջ կերպար է։ Պատերազմի մասնակից, պետության կայացման հիմքերում կանգնած կին…

Հիմա մի հարց. ինչպե՞ս կարող էր Արցախում ստեղծվել մի իրավիճակ, որի առկայության պարագայում Հայկ Խանումյանը կարող էր իրեն թույլ տալ հայհոյել Ժաննա Գալստյանին։

Երկրորդ հարցս թող մի քիչ սադրիչ, բայց այնուամենայնիվ բարձրաձայնելի է. այդ ո՞նց պատահեց, որ Արցախի խորհրդարանում չգտնվեց Խանումյանի բերանը փակող և ոչ մի տղամարդ։ Չէ՞ որ տեղի պատգամավորներից շատերն են Ժ. Գալստյանին համարում իրենց մարտական ընկերն ու ավագ քույրը։

Քավ լիցի, բռնության կոչ չեմ անում։ Հարցերս էլ հանգիստ կարող եք անպատասխան թողնել։ Դրանց պատասխաններն ինձ համար պարզ են. Արցախում իրավիճակ է փոխվել։ Նախկինը չեն արցախցիներ, նման չեն այլևս իրենք իրենց։

Ի դեպ, իջևանցիներն էլ։ Ու սյունեցիներն էլ։ Բոլորս, մի խոսքով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով