«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 5 ամսական աղջնակի հայրը պնդում է, որ իրենց մինուճարի մահվան պատճառը եղել է պատվաստումը և բժիշկների անբարեխիղճ վերաբերմունքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրեր առաջ՝ հունիսի 7-ին, SHAMSHYAN.com-ը նյութ էր հրապարակել այն մասին, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում 5 ամսական աղջնակ է մահացել:

Երեկ՝ հունիսի 9-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցին դեպքի հետ կապված մանրամասներ հայտնեց երեխայի հայրը՝ Նարեկ Գրիգորյանը՝ ասելով. «Երեխային մայիսի 5-ին առաջին պատվաստումը կատարեցին, որից հետո բերեցինք տուն: Չնայած որ նա իրեն լավ էր զգում, բայց նկատում էինք, որ շատ է քրտնում, իսկ բժիշկներն ասում էին, թե շոգ եղանակից է: Հունիսի 5-ին՝ հաջորդ պատվաստման օրը, կրկին տարանք «Հերացի» պոլիկլինիկա: Ձևական զննեցին երեխային և կատարեցին ներարկումները:

Բժիշկները մեզ ասում էին, որ ոչինչ չի լինի, երեխան պատրաստ է պատվաստման: Հետո երկրորդ պատվաստումից հետո տուն տարանք և 2 օր հետո նկատեցինք, որ երեխայի վիճակը գնալով վատանում է: Տարանք պոլիկլինիկա, այնտեղ ասեցին, որ նորմալ է, մի անհանգստացեք, շոգից երեխան քրտնում է, մի քանի ձևական նշանակումներ արեցին: Բերեցինք տուն և նկատեցինք, որ վիճակը գնալով վատանում է, անմիջապես տեղափոխեցինք «Արաբկիր» բժշկական կենտրոն: Այնտեղ, չնայած փորձեցին ամեն ինչ անել, որ փրկեն մեր առաջնեկի կյանքը, բայց ապարդյուն էր: Մեր մինուճարին հենց առաջին պատվաստումից հետո են վնասել ամբողջ օրգանիզմը, և բժիշկը երկրորդ պատվաստումից առաջ նախ պետք է լուրջ զններ, նամանավանդ, որ մենք պնդում էինք, որ երեխան իրեն լավ չի զգում:

Մեր երեխան յուրահատուկ երեխայա եղել, նա չէր կարող հիվանդ լինել: Իմ երեխայի առողջական վիճակը կտրուկ սրվել ա առաջին պավաստումից հետ:

Իմ այս քայլի նպատակն այն է, որ առողջապահության նախարարությունը նմանատիպ բժիշկներին հեռացնի համակարգից, և ոչ մեկ չունենա այն վիշտը, որ մենք ունենք: Նման ոչ պրոֆեսիոնալ, իրենց գործին ընդհանրապես չտիրապետող անձինք գործ չունեն առողջապահական համակարգում»:

Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունիսի 7-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել էր 5 ամսական աղջիկ։

Աղջկա հայրը՝ Նարեկը, և մայրը՝ Եվան, հունիսի 5-ին երեխային տարել էին Հերացու անվան պոլիկլինիկա՝ հերթական անգամ պատվաստում ստանալու նպատակով, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, երեխան ստացել էր իր հերթական պատվաստումը, որից հետո երեխային տարել էին տուն, քանի որ այդ պահին նկատել էին, որ որևէ խնդիր չկար։

Ըստ նորմայի և սահմանված կարգի՝ պատվաստումներից հետո բժիշկը հսկողության նպատակով կապ էր պահպանել երեխայի ծնողի հետ։ 1-2 օր որևէ արտառոց վիճակ չէր գրանցվել, սակայն 3-րդ օրը ծնողները նկատել էին, որ երեխայի մոտ առողջական խնդիրներ էին առաջացել և նրան հերթական անգամ բերել էին Հերացու անվան պոլիկլինիկա, որտեղ հետազոտության էր ենթարկվել երեխան, և քիթ-կոկորդ-ականջաբանը կասկածել էր, որ երեխայի մոտ ականջի բորբոքում էր ու նշանակել էր համապատասխան բուժում, իսկ առավոտյան հրավիրել էր, որպեսզի կրկնակի բուզննման նպատակով երեխային նորից բերեին պոլիկլինիկա։

Ծնողները հունիսի 7-ին երեխային տեղափոխել էին «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ցավոք, երեխան մահացել էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մահվան պատճառը եղել էր «սուր միոկարդիտ»-ը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով