Daily Archives: 03.05.2018

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Տիկին Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարևորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակում:

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական համագործակցության օրակարգային հարցերին:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Մայիսի 2-ի օրվա ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Զրուցակիցներն իրենց մտահոգությունն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը, իմաստնությունը և խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակներում: