Պատմակա՞ն, թե՞ ճակատագրական օր. Հայաստանը սպասում է

Մայիսի 1-ը Հայաստանի համար կլինի կամ պատմական, կամ ճակատագրական օր՝ կախված խորհրդարանում վարչապետի թեկնածության քվեարկությունից: Նիկոլ Փաշինյանը դրանից մի քանի ժամ առաջ ահազանգեց, որ ՀՀԿ-ն գիշերը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ նիստ է արել և որոշել է, որ չպետք է քվեարկի իր օգտին: Այդ դեպքում մեկ շաբաթ անց լինելու է վարչապետի թեկնածության նոր քվեարկություն, և այդժամ բացառված չեն նոր թեկնածուները: Բայց դա նշանակում է ճգնաժամի խորացում՝ նկատի ունենալով այն, որ իրադարձությունների այդ զարգացմանը Նիկոլ Փաշինյանն ու նրա շարժումը կհակադարձեն փողոցային և հրապարակային պայքարի շարունակությամբ:

Ինչպե՞ս լուծել այդ հարցը: Գլխավոր հարցը դա է, և այստեղ կարծես թե այլ զարգացման դեպքում չի մնում ուժային գործողությանն այլընտրանք: Իսկ այս դեպքում խնդիրը արդեն անգամ արյունահեղությունը չէ, եթե նույնիսկ արվի գործողությունը, որը զերծ կպահի իրավիճակը դրանից:

Ուժային գործողությունը Հայաստանում վերջնականապես կթաղի հանրային համերաշխության հեռանկարը, որևէ կերպ բռնի, ոչ երկխոսությամբ, պարտադրանքով հանգուցալուծումը Հայաստանում ուղղակի կոչնչացնի պետականությունը դե ֆակտո: Հայաստանը չունի հանրային համերաշխությունը սպանելու ռեսուրս, Հայաստանը չունի դիմադրելու այլ հնարավորություն, հանրային համերաշխության վերականգնումից խուսափելու, այսպես ասած, «ճոխություն» թույլ տալու կարողություն: Խնդիրը ի վերջո ոչ թե իշխանություն պահել-չպահելն է, այլ պետականությունը պահել-չպահելը, և խնդիրը ոչ թե կարճաժամկետ է, այլ առնվազն միջնաժամկետ ու հեռանկարային: Այս օրերին Հայաստանում քննարկվում են հնարավոր ամենաբազմազան սցենարները, թե ինչպես կլինեն հետագա գործընթացները Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու կամ խորհրդարանում այս կամ այն անսպասելի զարգացման դեպքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի բան թերևս հստակ է, և որը գուցե պետք է լինի առկա գործընթացներից արվելիք գլխավոր եզրահանգումը կամ գլխավոր դասը: Կա քաղաքական գործընթացները շատ թե քիչ, բայց կառուցողական և դրական հունի մեջ պահելու մի հնարավորություն կամ մի գրավական: Կառուցողական հունը կախված է այն բանից, թե որքանով է Հայաստանում հասարակությունը սուբյեկտային՝ հասարակական-քաղաքական գործընթացներում: Դրանից է կախված, թե որքանով կառուցողական կլինեն քաղաքական գործընթացները հետագայում: Եվ ըստ այդմ՝ իրավիճակի պատմականությունը, դրա գնահատումը պետք է բխեն այդ ելակետերից, դրանց վրա են ներկայումս խարսխված Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը:

Միաժամանակ՝ այն, ինչ այսօր կատարվում է կամ կատարվելու է խորհրդարանում, ըստ էության որևէ դեպքում առ ոչինչ է, եթե հասարակության դաշտում կատարվի ներկայիս իրողությունների ստագնացիա և նահանջ:

Անկասկած է, որ չի կարող մշտապես պահպանվել ներկայիս հեղափոխական էներգետիկան և իրավիճակը, ու պետք էլ չէ, հանրությունը ոչ միայն չի կարող մնալ այդ տոնուսի վրա միշտ, այլ կարևոր է, որպեսզի վերադառնա առօրյա
աշխատանքի դաշտ, երբ ամեն մեկը կատարի իր աշխատանքը՝ իր տեղում, իր պատասխանատվությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուս կողմից՝ հենց այստեղ էլ անհրաժեշտ է, որպեսզի հասարակության այդ առօրյա աշխատանքում իրենց տեղը, դերը ունենան ինտելեկտուալ ամենատարբեր խմբեր, որոնք կծավալեն արժեքավոր և խորքային դիսկուրս, քննարկումներ, բանավեճեր, մտավոր գրոհներ, գաղափարների արտադրություն՝ ընդհանուր առմամբ մթնոլորտում տոնուսը,
էներգետիկան պահելու համար: Դա է նրանց առօրյա աշխատանքը, և այս աշխատանքից է կախված հետագա զարգացումների թե՛ բարեխղճությունը, թե՛ պատասխանատվությունը, թե՛ արդյունավետությունը:

Մյուս կողմից՝ այստեղ արդեն կա խնդիր իշխանության դաշտում, և տարիներ շարունակ վարված քաղաքականությունը, երբ ինտելեկտուալ փորձագիտական վերլուծական աշխատանքին փոխարինում էր պարզունակ երեսպաշտությունը կամ հարմարվողականությունը, պետք է ենթարկվի շեշտակի փոփոխության, և այդօրինակ աշխատանքը՝ անկախ քաղաքական հայացքներից և համակրություններից, պետք է լինի Հայաստանի իշխանության հիմքում: Այլ կերպ չի կարող լինել հանրայնորեն խորապես լեգիտիմ իշխանություն, և քաղաքական գործընթացը որևէ դեպքում չի կարող լինել հանրային ու պետական շահերի սպասարկում, համենայնդեպս՝ Հայաստան պետության շահերի:

Հոդվածը ՝ 1in.am  կայքի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով