Որ պաշտոնյաներն են թաքցրել իրենց ունեցվածքը. նրանց թվում դեսպաններ էլ կան

«Ժողովուրդ» օրաթերթը փոխամցմամբ. Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտոնյաները մինչեւ այս տարվա մարտի 30-ը պետք է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնեին 2017 թվականի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Ընդ որում` այս անգամ ներկայացվելիք հայտարարագրերն ավելի հետաքրքիր եւ կարեւոր էին 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համատեքստում, որի հետեւանքով քրեականացվել էր ապօրինի հարստացումը:

Եվ արդեն պետք է ուսումնասիրվեն պաշտոնյաների հայտարարագրերը պարզելու համար՝ արդյոք նրանք ապօրինի՞ են հարստացել, թե՞ ոչ: Ընդ որում` քանի որ օրենքը չունի հետադարձ ուժ, ապա այդ որոշումն անդրադառնալու է միայն 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ապօրինի հարստացողներին:

Ասել է թե` մինչ այդ միլիոններ կուտակած պաշտոնյաները կարող են հանգիստ վայելել ունեցվածքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սույն թվականի մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք, որոնց ցանկը հրապարակել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ այդմ` տեղեկացանք, որ մինչեւ 2017 թվականի հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ սույն թվականի մարտի 30-ը, ակնկալում էր ստանալ 3 հազար 233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր, սակայն ապրիլի 10-ի դրությամբ 2017 թվականի տարեկան հայտարարագիր են ներկայացրել միայն 3 հազար 27 հայտարարու պաշտոնատար անձինք: Նաեւ տեղեկացանք, որ այս գործընթացին հաջորդելու են հայտարարագրի լրացման եւ ներկայացման պահանջների պահպանման, ստուգման, իսկ այնուհետեւ հայտարարագրված տվյալների արժանահավատության եւ ամբողջականության ստուգման գործընթացները:

Ավելին` տեղեկացանք, որ հայտարարագրերի չներկայացման գործընթացից հետո հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը նախատեսված առերեւույթ իրավախախտման հատկանիշներով):

Մասնավորապես, օրենսգրքի համաձայն, հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է նախազգուշացում: Ապա այս նախազգուշացումից հետո նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200 հազար դրամով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց ցանկը հասկանալու համար, թե ովքեր են հայտարարագիր չներկայացրած 51 անձինք: Մասնավորապես պարզեցինք, որ 51 անձանցից 23-ի պաշտոնը դադարեցված է, եւ հայտարարագիր չներկայացնելը հենց այդ հիմքով է: Մյուս 28 անձանցից 2-ը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը եւ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանը, կալանավորված են, եւ պարզ է, որ հայտարարագիր չեն ներկայացրել: Իսկ ահա մյուսները պաշտոններ զբաղեցնում են:

Մասնավորապես պարզեցինք, որ հայտարարագիր չներկայացրած անձանց շարքում մեծ թիվ են կազմում Քննչական կոմիտեի քննիչները կամ ավելի ցածր պաշտոններ զբաղեցնողները` օրինակ` Վանաձոր ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահը, ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետը եւ այլք: Սակայն կան նաեւ ավելի բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք` մասնավորապես դեսպաններ:

Նրանք են Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մանվել Բադեյանը, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, Մոլդովայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը: Եվ ստացվում է՝ այս 51 անձինք արդեն նկատողությունը ստացել են, եւ կրկնվելու դեպքում արդեն տուգանք կլինի: Ուսումնասիրելով Բելգիայի թագավորության դեսպան Թաթուլ Մարգարյանի՝

2016 թվականի տարեկան հայտարարագիրը` պարզեցինք, որ նրա այդ տարվա հայտարարագիրն էլ շատ աղքատիկ է եղել: Նա հայտարարագրած է եղել 40 հազար դոլար եւ որպես եկամուտ իր մեկ տարվա աշխատավարձը՝ 56 հազար եվրո: Իսկ ահա նրա կինը՝ Անահիտ Աղումյանը, հայտարարագրել էր 270 հազար դոլար: Իսկ ահա Շառլ Ազնավուրը, ով դեսպան է 2009 թվականից, ոչ մի անգամ էլ հայտարարագիր ներկայացրած չի եղել: Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանի ներկայացրած վերջին հայտարարագիրը կրկին 2016 թվականինն է եղել: Նա այդ տարի հայտարարագրել էր 1 մլն 767 հազար 185 դոլարի փոխառություն:

Բադեյանի դրամական միջոցները կազմել էին 300 մլն դրամ եւ 40 հազար եվրո: Իսկ մեկ տարվա ընթացքում էլ նա վաստակել էր 2 մլն դրամ եւ 104 մլն դոլար: Ընդ որում` այս 51 անձանցից բացի կան նաեւ 86 պաշտոնյաներ, ովքեր հայտարարագիրը ներկայացրել էին ժամկետից ուշ: Այս ցանկում եւս մեծ թիվ էին կազմում քննիչները:

Իր հայտարարագիրն ուշ էր ներկայացրել նաեւ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, Արագածոտնի մարզի դատախազության դատախազ Նարեկ Ղազարյանը, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը եւ այլք:

Փաստորեն, այս անձինք եթե մոռացկոտություն, անփութություն չեն դրսեւորել, ապա ուղղակի արհամարհում են հայաստանյան օրենսդրությունը: Եւ հիմա նոր իշխանությունները պետք է համապատասխան վերաբերմունք դրսեւորեն կատարվածի նկատմամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով