Որտեղ են «թաքցվել» աճուրդի հանված ավտոմեքենաները. ինչ է կատարվում Արման Սահակյանի ղեկավարած կառույցում

«Ժողովուրդ» օրաթերթ. ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի գլխավորած ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի ենթակա ոչ բոլոր մեքենաներն է պահառության տվել կենտրոնացված պահատեղիում: Մասնավորապես այնտեղ չեն տեղափոխվել այն ավտոմեքենաները, որոնց տեխնիկական բնութագրերը գնահատվել են անբավարար:

Մինչդեռ այս ամենի արդյունքում, ըստ ՀՀ վերահսկիչ պալատի, խախտվել է գնորդի կողմից աճուրդի լոտերին ծանոթանալու իրավունքը: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալներով` 2016 թվականին օտարվել են 315, իսկ անցած տարվա 9 ամիսների դրությամբ 368 տրանսպորտային միջոցներ, որոնք եղել են ամրացված 38 գերատեսչություններին եւ պետական հիմնարկներին:

Հիմնարկներին եւ կազմակերպություններին ամրացված յուրաքանչյուր միավոր մինչեւ 5 մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում գույքի պահառությունը պետք է իրականացնի «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը: Մինչդեռ ոչ բոլոր մեքենաներն են պահառության տրվել այդ տարածքում, մասնավորապես, այնտեղ չեն տեղափոխվել այն մեքենաները, որոնց տեխնիկական բնութագրերը, ըստ փաստաթղթերի, գնահատվել են անբավարար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ոչ բոլոր մեքենաներն է պահառության տրվել Երեւանի Հաղթանակի 2-րդ փողոցի 79 հասցեում գտնվող տարածքում: Բացի այս, նշված ՊՈԱԿ-ի կողմից 2014-2017 թվականների առաջին եռամսյակում օտարվել է թվով 892 տրանսպորտային միջոց: Սակայն ՀՀ ճանապարհային ոստիկանություն տրամադրած տեղեկության համաձայն` կենտրոնի կողմից օտարված մեքենաների թիվը հաշվառվել է 309-ը:

Պարզվում է` օտարվել եւ պետական հաշվառում չեն ստացել թվով 583 ավտոմեքենա: Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Արման Սահակյանը ցածր գներով իր մերձավորներին է վաճառել օպտիմալացման ծրագրի արդյունքում գերատեսչությունների կողմից դուրս գրված եւ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված ծառայողական մեքենաները:

Դրանք պետք է վաճառվեին աճուրդով: Սակայն ըստ որոշ տեղեկությունների` բարվոք վիճակում գտնվող մեքենաները գնվել են հենց աճուրդի մեկնարկային ցածր գնով: Սակայն այս տեղեկությանը ի պատասխան` պետական գույքի կառավարման վարչությունից հայտնել էին, որ բոլոր աճուրդները տեսաձայնագրվում են. կարելի է դրանց միջոցով տեսնել ու լսել ցանկացած աճուրդի ընթացք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ օպտիմալացման արդյունքում վաճառքի ներկայացվող մեքենաները հիմնականում մեծ մաշվածություն ունեն, դրանցից մի ստվար խումբ ընդհանրապես պիտանի չէ շահագործման: Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի` մասնավորեցման ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ որոշ ընկերությունների գույքը եւ դրամական միջոցները տնօրինվում եւ կառավարվում են ոչ արդյունավետ:

Օրինակ` «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ն, «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ն, «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն: Նշենք, որ «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից փոխանցվել են վարչությանը:

Իսկ ընկերությունը ընդգրկված է պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ցանկերում: Ամբողջ գույքը տրամադրված է վարձակալության «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին: Բայց ընկերությունը հայտնվել է ֆինանսատնտեսական ծանր վիճակում, քանի որ մուտքերը պետք է ապահովվեին գույքի վարձավճարներից գոյացած միջոցներից:

Իսկ գույքի վարձակալը` «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ընկերությունը, հանդիսանալով «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ի իրավահաջորդը, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի հունիսի 26-ի վճռով սնանկ է ճանաչվել: «Ձիասպորտի կենտրոն» ընկերության գույքը 2004 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 23 տարի 11 ամիս ժամկետով տրվել է «Վերածնունդ Հայրապետյան» ՍՊԸ-ին:

Այս ընկերությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում հողամասի կառուցապատման, առողջարարական եւ կանաչապատման աշխատանքների իրականացման նպատակով ներդնել 2 մլն դոլարին համարժեք դրամ: Ըստ պայմանագրի` ներդրված գումարն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո միայն պետք է իրականացվի վարձակալական գումարների վճարում ստացված մաքուր շահույթի 20 տոկոսի չափով:

Բայց ընկերությանը վարձավճարներ չեն վճարվել, քանի որ «Վերածնունդ Հայրապետյան» ՍՊԸ-ի կողմից ներդրված շուրջ 2.9 մլն դոլարին համարժեք գումարը չի փոխհատուցվել: Արդյունքում ընկերությունը հայտնվել է ֆինանսատնտեսական ծանր վիճակում, քանի որ մուտքերը պետք է ապահովվեին գույքի վարձավճարներից, ինչը չի կատարվել: Նույնիսկ տնօրենին աշխատավարձ չի հաշվարկվել եւ չի վճարվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնավորեցման, օտարման եւ վարձակալության 39 պայմանագրերով ստանձնվել են ներդրումային եւ աշխատատեղերի ստեղծման պարտավորություններ: Սակայն մեկ գնորդի` «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության կողմից չի կատարվել 100 հազար դոլարի ներդրում, որի նկատմամբ հաշվարկվել է 20 հազար դոլարի տույժ, եւ գործը գտնվում է դատական վարույթում:

Չեն կատարվել նաեւ 3 գնորդների` «Բիզնես Լայն», «Բիզնես-պլաս» ընկերությունների եւ քաղաքացի Վահան Այվազյանի կողմից ստանձնած 52 մլն 916 հազար դրամի ներդրումները, որի նկատմամբ եւս հաշվարկվել է 10 մլն 583 հազար դրամի տույժ:

Իսկ «Նյուտեք-Շին» ընկերության կողմից չի կատարվել ծառայությունների մատուցման` պայմանագրով նախատեսված «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ի շինարարական եւ վերանորոգման աշխատանքների կատարման պարտավորությունը, եւ գործը գտնվում է դատարանում:

Ամբողջական հոդվածը՝ Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով