Ո՞ւմ անուններն են շրջանառվում ապագա կառավարությունում

Այս օրերին տարբեր անուններ են շրջանառվում, թե ով է մնալու, ով է գնալու և ով է գալու Նիկոլ Փաշինյանի կառավարություն։

168.am-ի տեղեկություններով՝ այժմ ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածու է դիտարկվում Սեյրան Օհանյանը, Կրթության և գիտության նախարար՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, իսկ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը և  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, հնարավոր է, պահպանեն իրենց տեղերը նոր կաբինետում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց շրջանառվող լուրերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իհարկե, այժմ օրակարգում կառավարության ձևավորման հարցն է, և տարբեր քննարկումներ կան, բայց պաշտոնների ու մնացած հարցերի հետ կապված որևէ մեկնաբանություն այս պահին չեմ կարող անել»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է Վլադիմիր Գասպարյանին՝ ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը, արդյոք արդեն որոշվա՞ծ է, թե ով է փոխարինելու նրանց, Ա. Հարությունյանը պատասխանեց.

«Դա էլ է քննարկումների ընթացքում։ Այս պահին կա որոշումը՝ պաշտոնանկ անելու այն մարդկանց, ում մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր նախկին պաշտոնյաների վերադարձ, Ա.Հարությունյանը նույն համատեքստում  պատասխանեց.

«Այժմ քննարկվում են տարբեր թեկնածուներ, նախկինների, ներկաների, ապագայի թեկնածուների վերաբերյալ չեմ կարող մեկնաբանություն անել»։

Նա նշեց, որ առաջիկա օրերին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, կառավարության կազմը կներկայացվի։

Սեյրան Օհանյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց, որ իր թեկնածությունը դիտարկվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնի համար։

«Ես խնդրում եմ ձեզ, հեռախոսով ինձ հարցեր մի տվեք, այդ հարցերն ինձ չեն վերաբերում։ Տվեք նրան, ով զբաղվում է դրանով»,- ասաց Ս. Օհանյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն ինքը չի ունեցել։

Ի դեպ, լուրեր էին նաև շրջանառվում, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, հնարավոր է, զբաղեցնի Կոտայքի մարզպետի պաշտոնը:

Սասուն Միքայելյանը մեզ հետ զրույցում հերքեց  այդ տեղեկությունները:  «Հերյուրանքներ են»,- ասաց Ս.Միքայելյանը։ Հարցին, թե ո՞ր պաշտոնում է հավանական իր նշանակումը, Ս. Միքայելյանը պատասխանեց. «Ոչ մի բան դեռ չի քննարկվել։ Ես պայքարել եմ ժողովրդի ազատության համար, ոչ թե պաշտոնների»։

Դեռևս վերջնականապես հայտնի չէ՝ արդյոք ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» պորտֆելներ կստանձնե՞ն նոր կառավարությունում: Մեր տեղեկություններով՝ երկու կուսակցությունների ղեկավարներն այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներ են ունենում՝ վերջնականապես որոշելու այդ հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՅԴ խմբակցության հետ հանդիպում չի եղել։ Հարցերին, թե ե՞րբ կկայանա հանդիպում, կամ քննարկվե՞լ է համաձայնության կառավարության ձևավորմանը ՀՅԴ-ի մասնակցությունը, Ա.Կյուրեղյանը պատասխանեց, որ նախ հանդիպման հարցը պետք է քննարկվի ՀՅԴ խմբակցության ղեկավարի հետ, ապա որոշվի, թե այն ե՞րբ կկայանա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով