«Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ». Գարո Փայլան

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն առաջին մեկնաբանությունն է արել խորհրդարանական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրացուցակում ընդգրկվելու առնչությամբ:

Նա եռալեզու՝ հայերեն, քրդերեն ու թուրքերեն գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «Բարև, Տիգրանակերտ: Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ»:

Նա հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կրկին առաջադրվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից: Ի տարբերություն, սակայն, 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների, որտեղ Փայլանն առաջադրվել էր Ստամբուլում, այս անգամ նրա թեկնածությունը կառաջադրվի Դիարբեքիրում:

Գարո Փայլանը պատգամավոր ընտրվելուց ի վեր աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով: Դրանցում նա բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը, սակայն, մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը:

Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով