Հանրային պատվերի հրամայականը. ինչպես պահել Ադրբեջանին փակուղում

Հայաստանում անսպասելի քննարկման կամ բանավեճի առարկա է դարձել արցախյան խնդիրը, որի առիթը Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն էին բանակցային գործընթացին որպես լիարժեք կողմ Արցախի ներգրավման անհրաժեշտության, ինչպես նաև Հայաստանի՝ հակամարտության կողմ լինելու մասին:

Իհարկե բանավեճն առայժմ ընթանում է կարծես թե ավելի շատ երեք նախկինների՝ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միջև: Այդ բանավեճն առայժմ քաղաքական թեմատիկայով լինելով, իր մոտիվացիոն հիմքում ունի ավելի շատ անձնական հարաբերությունների կամ վերաբերմունքի խնդիր, քան բուն քաղաքական:

Ըստ այդմ կա հարցը հենց քաղաքական ամբողջական հուն տեղափոխելու խնդիր, որովհետև դա անհրաժեշտ է Հայաստանի բանակցային դիրքերը առավել ամրացնելու և ներհայաստանյան վերափոխումները Հայաստանի շահի ու անվտանգության սպասարկման ուղղությամբ առավել, բազմապատկված արդյունավետությամբ ծառայեցնելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ այդմ կարևոր է, որ բանավեճը ծավալվի արդեն նոր Հայաստանի տրամաբանության շրջանակում, ըստ այդմ՝ նոր դերակատարներով և մոտեցումներով, նոր փիլիսոփայությամբ: Երկար տարիներ Հայաստանում Արցախի խնդիրը չի եղել քաղաքական կոնցեպտուալ բանավեճի առարկա, բայց ոչ թե այն պատճառով, որ եղել է համազգային կոնսենսուս առավելագույն արդյունավետ ու շահեկան տարբերակի կամ կոնցեպտի շուրջ, այլ որովհետև խնդրին ի պաշտոնե մասնակցություն ունեցող մի քանի անձինք իրողությանը մոտեցել են համոզումով, որ իրականությանը տիրապետում և խնդրին համարժեք մոտենում են միայն իրենք, իսկ մյուսները բանից անտեղյակ են և, հետևաբար, խնդիրը նրանց «խելքի բանը» չէ:

Օրինակ՝ նույն Տեր-Պետրոսյանը իր ժամանակ ասում էր, որ արցախյան խնդրին կոմպետենտորեն տեղյակ է 5-6 մարդ: Ընդ որում, կասկած չկա, որ այդ մասին չբարձրաձայնված, սակայն նույն մտայնությանն էին նաև նրան հաջորդած երկու նախագահները: Եթե խոսքը բանակցային մանրամասների մասին էր, ապա, իհարկե, դա անվիճելի է: Սակայն չի կարող Արցախի խնդրում ամեն ինչ կառուցված լինել միայն բանակցային գործընթացի շուրջ: Հակառակը, բանակցային գործընթացում պետք է արտացոլվի հայաստանյան ներքին մասնագիտական, քաղաքական, ակադեմիական բանավեճը տարբեր կոնցեպտների կամ թեկուզ մեկ կոնցեպտի շուրջ:

Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ մի քանի մարդ ի պաշտոնե զբաղվել է Արցախի գործընթացով, իսկ Հայաստանի և Արցախի հանրություններին վերապահվել է դիտորդի դեր: Իհարկե, ամենևին չպետք է ենթադրել, որ պատկերը պետք է լիներ հակառակը՝ հանրությունը բանակցեր պաշտոնյաների հետ միասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խնդիրը սակայն այն է, որ պետք է ձևավորվի հանրային երկարաժամկետ պատվեր Արցախի խնդրում, և բանակցողները՝ ի պաշտոնե, պետք է կրեն իրենց վրա պատասխանատվությունն այդ պատվերի համար, և դրանով նրանք ոչ թե ավելի թույլ, այլ ավելի ուժեղ են լինում թե՛ բանակցային սեղանին, թե՛ նաև առաջնագծում: Այդ փոխկապակցված ուժն է, որ պետք է Հայաստանին օգնի խաղաղության ռեժիմ պարտադրել Ադրբեջանին:

Ներկայումս, իրավիճակը գրեթե կիսով չափ այդպիսին է՝ կա բացառիկ իրավիճակ, երբ Հայաստանի գործադիր իշխանությունն ունի հանրային մեծ լեգիտիմություն: Բայց կա կոնկրետ ոլորտային քաղաքական պատվերների ձևակերպման անհրաժեշտություն՝ պետական անվտանգության և զարգացման առանցքային մի քանի ուղղություններում, որոնցից մեկն էլ Արցախի հարցն է:

Եվ այստեղ քաղաքական քննարկումները, անձնական շարժառիթներից և «ռազբորկաներից» դուրս, վաղուց պահանջված հրամայական են հանրային ողջախոհ և ծանրակշիռ պատվեր ձևավորելու համար: Տվյալ պարագայում խնդիրը ամենևին տեսական քաղաքականության կամ քաղաքագիտության դաշտում չէ, այլ շատ կոնկրետ բանակցային ռեսուրսի գեներացման: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հարցն ինքնին լինի ոչ թե սահմանափակ թվով անձանց իրավասության տիրույթում, այլ հասարակական-քաղաքական և փորձագիտական աշխույժ տեսաբանության, որի հիմքով էլ կձևավորվի Հայաստանի նոր կոնցեպտը նոր իրավիճակում:

Ընդ որում, նոր իրավիճակը ամենևին էլ 2018-ի ապրիլից չէ, որ սկսված է: Նոր իրավիճակը 2016-ի ապրիլից է, երբ հայկական բանակը կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան, միաժամանակ «մաքրեց» կարգավորման գործընթացը նախորդ դիվանագիտական սխալների, բացթողումների, վրիպումների հետքից և տվեց նոր էջի հնարավորություն հայկական դիվանագիտությանը:

Երկու տարի սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել արդյունավետ կերպով և ավելին՝ ինչպես նախորդ երկու տասնամյակում մսխվել է առաջին հաղթանակը, անցնող երկու տարում էլ, ըստ էության, մսխման գործընթացում էր հայտնվում ապրիլյան փաստացի հաղթանակը, ծառայեցնելով այն ներքին իշխանական շահերին: 2018-ի ապրիլն ու մայիսը այդ իմաստով մսխման գործընթացը կասեցնելու և հաղթանակի վրա կառուցված դիվանագիտություն կերտելու հնարավորություն են:

Ի դեպ պատահական չէ, որ Փաշինյանի հայտարարություններց հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն է հայտարարել, թե պատրաստ են լայնածավալ պատերազմի: Բաքուն դիմում է շանտաժի, ինչը նշանակում է, որ զգացել է դիվանագիտական վտանգ: Այդ վտանգը Բաքվի համար, իհարկե, զուտ հայտարարությունների մեջ չէ, որ արվել են Ստեփանակերտում, այլ լեգիտիմության այն աղբյուրի, որ ունեն այդ հայտարարությունները:

Պատահական չէ, որ Ադրբեջանը սպասում էր Հայաստանում ապրիլի ներիշխանական վերադասավորումներից հետո ինտենսիվ բանակցությունների: Բանն այն է, որ սպասվող վերադասավորումները այդ առումով հանրային լեգիտիմության տեսանկյունից ավելին էին թուլացնելու Հայաստանը, ինչից էլ Ադրբեջանն ակնկալում էր օգտվել «ինտենսիվ բանակցությամբ»:

Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ այդ սպասելիքը չարդարացավ, և Ադրբեջանը ներկայումս ստիպված է դիմել ռազմական շանտաժի, մյուս կողմից, սակայն, լավ պատկերացնելով, որ Ապրիլյան պատերազմից հետո հավասարակշռությունը ոչ միայն չի ավելացել հօգուտ Ադրբեջանի, այլ էապես վերականգնվել է թե՛ ռազմա-տեխնիկական, թե՛ ռազմա-քաղաքական իմաստով:

Իսկ 2018-ի ապրիլից հետո էապես խախտվել՝ քաղաքակրթական իմաստով, ավելի խորացնելով փակուղին, որում հայտնվել է Բաքուն: Ներկայումս Հայաստանից պահանջվում է ընդամենը բազմապատկել ռազմա-քաղաքական աչալրջությունն ու քաղաքական վերափոխումների դինամիկան, Ադրբեջանին այդ փակուղուց որևէ՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ելքի հնարավորություն չթողնելու համար:

 

 

Հոդվածը ՝ 1in.am կայքի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով