Էդուարդ Շարմազանովը դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

«Կոնկրետ ես իմ դիրքորոշումը չեն փոխել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՀՀԿ-ի երեկվա որոշման մասին:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն երեկ որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել և կողմ քվեարկել առաջադրված թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին:

Է. Շարմազանովն ասաց՝ ինքն ինչ ասել է, ուժի մեջ է. «Ինչ վերաբերում է խմբակցության կարծիքի հետ կապված, որ աջակցելու ենք 1/3-ի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին, և չպետք է թույլ տալ, որ Հայաստանում խորանա քաղաքական ճգնաժամը և մայիսի 8-ին մենք ունենալու ենք վարչապետ, խմբակցության ելույթում ամեն ինչ ասված է: Մենք ամեն ինչ ասել ենք: Կոնկրետ ես իմ կարծիքին եմ: Ֆրանկլին Ռուզվելտն ասում էր՝ եթե դու մտել ես քաղաքականություն, և քո մաշկը ռնգեղջյուրի մաշկից բարակ է, ապա մի մտիր, քաղաքականությունը միայն իշխանություն չէ: Բա մեր ընդդիմադիր գործընկերներն ի՞նչ ասեն, որ 25 տարի է՝ ընդդիմության մեջ են: Այդ առումով ես իմ սկզբունքները չեմ փոխել, բայց չեմ կարծում, որ պետք է հայտնի կենդանու համառությամբ իրականությունը չտեսնել և գնալ ու գլուխը խփել պատին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ Սերժ Սարգսյա՞նն է ասել, որ պետք է կողմ քվեարկեք, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Ո՛չ, Սերժ Սարգսյանը չի ասել: Իսկ ո՞վ ասել, որ պետք է բոլորը կողմ քվեարկեն»:

Է. Շարմազանովն ասաց, որ ինքը դեմ է քվեարկելու Ն. Փաշինյանի թեկնածությանը, բայց գրեթե համոզված է՝ մայիսի 8-ին ՀՀ-ն կունենա նոր վարչապետ:

Նա ասաց, որ չգիտի՝ իրենք ինչ հարաբերակցությամբ են քվեարկելու Ն. Փաշինյանի թեկնածությանը, սակայն այնպես են անելու, որ նա ընտրվի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Է. Շարմազանովի խոսքով՝ եթե վաղը ՀՀԿ-ն դառնա ընդդիմություն, դրանից մեծ ողբերգություն պետք չէ սարքել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով