Փաշինյան․ Հայաստանի պատմության համար նոր ու փառապանծ մի էջ է բացվել

Загрузка...

Ազգային ժողովի արտահերթ նիստում Հայաստանի վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը քվեարկությանը նախորդած ելույթում ներկայացրեց իր ձևավորելիք Կառավարության գործունեության առաջնահերթությունները:

«Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», — վարչապետի թեկնածուի իր ելությում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած սիրո և համերաշխությունը հեղափոխությունը ոչ միայն երևէ վտանգ չի պարունակում, այլև նոր հնարավորություն է բացում Ղարաբաղի համար: Ինչպես 88-ի շարժմամբ հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախացմանը, հայկական այս հեղափոխության արդյունքը լինելու է Ղարաբաղի անկախության դե յուրե ճանաչումը:

«Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքներով», — հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ — «Բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է Մինսկի խմբի 1992 թվականի մանդատով»:

Արտաքին քաղաքական առաջնահերթություններին անդրադառնալով՝ Փաշինյանը հայտարարեց, որ վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահը: Ըստ այդմ՝ հարաբերությունները զարգացնելու են հարաբերությունները Վրաստանի և Իրանի, Ռուսաստանի և Եվրամիության, Միացյալ Նահանգների, Չինաստանի և Հնդկաստանի հետ:

Հայաստանը կյանքի է կոչելու Եվրամիության հետ համաձայնագիրը, շարունակելու է մնալ ԵԵՏՄ և ՀԱՊԿ անդամ․ — «Մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր գործոն: Մեր առաջնահերթություններից է եվրոպական երկրների և Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը»:

Նա հայտարարեց, որ օրենքի առաջ հավասարության հաստատման պայմաններում պետք է տեղի ունենա նաև տնտեսական հեղափոխություն, կոչ արեց սփյուռքի գործարարներին՝ գալ և ներդրումներ անել Հայաստանում:
Հայաստանի գործարարներին էլ՝ աշխատել օրենքով, վճարելով հարկերը․ — «Համոզված եղեք, որ պետությանը ձեր վճարած գումարները ոչ թե թալանվելու են, այլ ծառայելու են մեր ազգային և պետական շահերի սպասարկմանը»:

Ըստ Փաշինյանի, տնտեսական զարգացման այնպիսի մոդել է ներդրվելու, որ իրապես կփոխի մարդկանց կյանքը և կտրուկ կմեծացնի բյուջեի աճը, ինչը աշխատավարձերի և թոշակների բարձրացման հնարավորություն կստեղծի:

Վարչապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը տնտեսական զարգացման երեք առաջնահերթություն է առանձնացնելու․ հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտները: Պետք է վերանայվեն հատկապես գյուղացիների վրա ծանրացած վարկային պարտավորությունները, տարբեր ոլորտներում քաղաքացուն տուգանելու տրամաբանությունը պետք է փոխվի․ — «Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացուն հետապնդող, տուգանող, պատժող պետությունից շատ արագ պետք է վերածվի քաղաքացուն աջակցող, նրա հետ համագործակցող պետության»:

Բարեփոխումներն արվելու են «առանց վենդետաների»․ — «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ: Ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր նախընտրած բիզնեսով և վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ: Հաստատվելու է օրենքի, իրավունքի գերակայություն և վերջ: Որևէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային այս ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս խնդիրները լուծվելու են առանց վենդետաների և առանց սեփականության վերաբաշխման՝ խստորեն պահպանելով օրինականությունն ու բոլոր քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը: Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջն այլևս փակված է Հայաստանում, և օրենքը հավասարաբար և նույն կերպ պիտի գործի ինչպես քաղաքական համախոհների ու մերձավորների, այնպես էլ քաղաքական մրցակիցների ու քննադատների նկատմամբ: Սա է հայկական հեղափոխության հիմնական և ամենակարևոր ուղերձը, որին մենք պետք է հավատարիմ մնանք անմնացորդ և մինչև վերջ»:

Կրթությունը պետք է ապակուսակցականացվի, լուրջ բարեփոխումներ պետք է կատարվեն առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում, պետք է վերջ դրվի զինվորների սոցիալական հոգսը նրանց ծնողների վրա թողնելու պրակտիկային: Անթույլատրելի է նաև, որ հակառակորդի գնդակից կամ խաղաղ պայմաններում զինվորի զոհվելու մասին տեղեկությունները աչքի համար սովորական դառնան լրահոսում․ — «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր և նույնիսկ անհնար ամեն ինչ անում է յուրաքանչյուր զինվորի կյանքը, առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար»:

Պետական համարակգում կադրային ջարդ չեն իրականացնելու․ — «Մենք հույս ենք դնում պետական կառավարման համակարգում գործող բոլոր այն պրոֆեսիոնալների վրա, ովքեր իրենց դիրքին ու պաշտոնին հասել են տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ»:

Սակայն բոլոր փոփոխություններից ամենաառաջնայինը, ըստ Փաշինյանի, ընտրական համակարգի բարեփոխումն է՝ իրոք ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար․ — «Սա մեզ համար առաջնահերթություն է, որովհետեւ շարունակում ենք համոզված մնալ, որ Հայաստանի Հանրապետությունում պրոցեսները սխալ ուղղությամբ սկսել են ընթանալ, երբ երկրում սկսել է կիրառվել ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու արատավոր պրակտիկան, և մենք պետք է ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ օրենսդրական և տեխնիկական միջավայր ապահովենք՝ հետագայում այսպիսի որևէ դրսևորում թույլ չտալու համար»:

Հայաստանում քաղաքական դրդապատճառներով այլևս բանտարկյալներ չպետք է լինեն․ — «Ուզում եմ հավաստիացնել, որ Երրորդ հանրապետության պատմության հետ, անցյալի հետ կապված բազմաթիվ հարցեր առաջիկայում անպայման պատասխան են ստանալու: Բայց այս ամենը տեղի է ունենալու ոչ թե ատելության, թշնամանքի, հետապնդումների, գիլյոտինի, այլ հանրային մեծ երկխոսության, ճշմարտության փնտրտուքի, ազգային համերաշխության և միասնության մթնոլորտում: Կառավարությունը նաև իր իրավասության շրջանակներում ջանքեր կգործադրի, որ քաղաքական գործունեության համար բանտերում հայտնված անձինք օր առաջ ազատ արձակվեն, և մենք ի վերջո ազատվենք քաղբանտարկյալ ունեցող երկրի ամոթալի խարանից»:

«Ատելությունն ու ատելության քարոզը տեղ չունեն և չպետք է ունենան նոր Հայաստանում: Որևէ կասկած չկա, որ Հայաստանի պատմության համար նոր ու փառապանծ մի էջ է բացվել: Վերադարձ հնին այլևս չի լինելու: Մեր երկրում այլևս տեղ չունեն հուսահատությունն ու անելանելիությունը, մեր երկիրը պինդ կանգնած է իր ոտքերի վրա՝ բաց ճակատով և ամուր ողնաշարով», — Ազգային ժողովում իր ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Ավելի ուշ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեցհրամանագիր Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:

 

Azatutyun.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...