Վարչապետն Արցախում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին իր առաջին աշխատանքային այցն է կատարել Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Այնուհետև երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի և Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին՝ հարգելով նրանց հիշատակը:

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը ներկա են գտնվել նաև Շուշիում հայկական դրամի թանգարանի բացմանը, որին տեխնիկական և մասնագիտական աջակցություն է ցուցաբերել ՀՀ կենտրոնական բանկը: Նրանք շրջայց են կատարել թանգարանում և ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Թանգարանում ցուցադրում են հին հայկական՝ Ծոփքի հայոց թագավորության, Տիգրան Մեծի, Արտավազդ 2-րդի, Արտաշես 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրությա և ԽՍՀՄ ժամանակաշրջանների մետաղադրամներն ու թղթադրամները, Հայաստանի Հանարապետության բոլոր թողարկումները:

Թանգարանում առանձնահատուկ տեղ է հատկացված Ացախին նվիրված ցուցադրությանը, որում ներկայացված են Տիգրանակերտ քաղաքից հայտնաբերված մետաղադրամներ, Շուշիում 19-րդ դարում գործած դրամահատարանում հատված արծաթե մետաղադրամներ, ԱՀ ժամանակակից հուշանվերային թղթադրամներ ու մետաղադրամներ, ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի կողմից տարբեր տարիներին թողարկված՝ Արցախին նվիրված հուշադրամներ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով