ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանում է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի շուրջ կոռուպցիոն սկանդալը

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում հայտնված մաքսազերծման ծառայություններ մատուցող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը նախկինի համեմատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել իր գործունեությամբ:

2017թ. բյուջեի կատարողականի քննարկման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, անդրադառնալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, ՊԵԿ նախագահը, սակայն, ձեռնպահ մնաց գնահատական տալ՝ նշյալ ընկերությունը հարկեր թաքցրել է, թե ոչ, քանի որ քննություն է ընթանում: «Ես հիմա չեմ ասի, թե ընկերությունն իր գործունեությամբ հարկեր է թաքցրել, հարկային ստուգման հայտարարագիր կար, մենք այն կասեցրել ենք, ԱԱԾ-ի գործողություններից հետո կշարունակենք կամ գուցե այդ շրջանակում վերսկսենք ստուգումը:

Ես թերևս ձեռնպահ կմնամ ասել՝ հարկեր թաքցվել են, թե ոչ, քննություն է ընթանում, որը կպարզի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ «Նորֆոլկ» ընկերության ստեղծմամբ առաջին անգամ փորձ է արվել կիլոգրամով մաքսազերծում իրականացվող բեռները փաստաթղթավորել և ըստ տեսականու տրամադրել փաստաթղթեր, որոնք շրջանառության հարկով հարկման դեպքում համարվում էին ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր:

Ինչպես Դավիթ Անանյանը նկատեց, նախկինում 8-9 ընկերություններ կային, որոնք միաժամանակ և բեռնափոխադրումներ էին իրականացնում, և մաքսազերծում, իսկ այս ընկերության ձևավորմամբ բեռնափոխադրումը մաքսազերծման գործընթացից տարանջատելու փորձ արվեց:

Դավիթ Անանյանը նշեց, որ գուցե ավելի ճիշտ կլիներ այդ գործառույթը կատարվեր պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն հիմնելով: «Այն գործառույթը, որ իրականացնում էր «Նորֆոլկը», նախկինից ժառանգված մութ ու գաղտնի և կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկման նպատակադրումն է ունեցել»,-հավելեց պաշտոնյան:

Armlur.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով