ՀՀԿ-ի կապիտուլյացիան՝ ազատագրում ռուսական «11-րդ բանակի» օկուպացիայից.1in.am

«Վաղն ամբողջ հանրապետությունում հայտարարվում է գործադուլ և դասադուլ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում: «Վաղը 8:15-ից շրջափակվում են հանրապետության բոլոր փողոցները, երկաթուղիները: Ամեն ինչ, ինչ հնարավոր է շրջափակել, ես դիմում եմ որպես վարչապետի՝ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածու: Ես ուզում եմ հստակ իմանալ, որ չի կարող մեր հաղթանակը չպսակվել հաղթանակով, գոյություն չունի այդպիսի տարբերակ»,- ասել է նա:

Սա համաժողովրդական շարժման առաջին արձագանքն էր ՀՀԿ խմբակցության որոշմանը, որով երեկ տապալվեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը: Ասել, թե իր քայլով խորհրդարանական մեծամասնությունը գեներացրեց քաղաքական աննախադեպ ճգնաժամ՝ նշանակում է ըստ էության չասել ոչինչ: Երեկ ՀՀԿ-ն բովանդակային հարթության վրա փակեց ճգնաժամը հանգուցալուծելու քաղաքական ճանապարհը՝ միևնույն ժամանակ չառաջարկելով որևէ այլընտրանք, քաղաքական իշխանությունը վերակազմակերպելու, բնականոն կյանքը վերականգնելու որևէ դեղատոմս: Հակահեղափոխությունը դիմեց հակագրոհի, որի թիրախը Հայաստանի պետականությունն է, ժողովրդավարությունը, քաղաքականությունն առհասարակ:

Հայաստանի խորհրդարանը երեկ կարճ ժամկետով կարող էր լեգիտիմացվել՝ դառնալով պետական այն ինստիտուտը, որը կհանգուցալուծեր երկրի քաղաքական ճգնաժամը՝ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելով հասարակության հաղթանակը, հեղափոխության հետևանքները: Սա նույնիսկ ոչ թե կապիտուլյացիա կլիներ սեփական ժողովրդի առջև, այլ կընկալվեր որպես ՀՀԿ անուրանալի ավանդ նոր որակի պետության ձևավորման գործընթացում: Սակայն հակահեղափոխությունը՝ ՀՀԿ-ի դեմքով, դիմեց հակագրոհի, որի հետևանքը քաղաքական իշխանության, պետական ինստիտուտների տոտալ վակուումն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլ խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը համախմբված սադրեց անիշխանություն, որն ըստ էության կապիտուլյացիայի ակտ է՝ ոչ թե սեփական ժողովրդի, այլ Ռոբերտ Քոչարյանի, Ռուսաստանի առջև: Քաղաքական տոտալ անպատասխանատվության դրսևորում է՝ չառաջադրել սեփական թեկնածուի, սակայն մերժել համաժողովրդական շարժման, քաղաքական ամբողջ ներկապնակի կոնսոլիդացված թեկնածուին: Սա ինքնաբերաբար ենթադրում է սեփական քաղաքական սնանկության խոստովանություն և ճանապարհի հարթում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի, ռեստավրացիայի համար՝ քաջ գիտակցելով, որ վերջինիս զինանոցում առկա է հասարակության հետ «երկխոսելու» ընդամենը մեկ միջոց՝ Մարտի 1-ը:

Երեկ հակահեղափոխությունը հակագրոհի է անցել ռուսական դրոշներով՝ կայսրությանը հրավիրելով լցնել անիշխանության հարուցած վակուումը, Երևանի փողոցներում թիրախավորել Սաակաշվիլիին, որի «ականջները» ՀՀԿ գործիչներն արհեստականորեն փնտրում են Երևանի կենտրոնական հրապարակում և փողոցներում: ՀՀԿ-ն երեկ դադարեց իշխանություն, կուսակցություն լինելուց, որովհետև ասոցացվեց, նույնացավ «11-րդ բանակի» հետ, որի մուտքը Հայաստան խորհրդանշում է ռուսական օկուպացիան, վասալությունը:

ՀՀԿ մեծամասնության հետ քաղաքական երկխոսության ձևաչափն ու օրակարգն ըստ էության սպառված են, որովհետև միայն այս կուսակցության կապիտուլյացիան Հայաստանը կարող է փրկել ռուսական տոտալ օկուպացիայից, որի դրսևորումը լինելու է նոր արյունոտ Մարտի 1-ը: Թավշյա հեղափոխությունն այլևս դարձել է Հայաստանի ինքնիշխանության, ազատության խորհրդանիշը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոդվածը՝  1in.am կայքի

Լուսանկարը՝ Photolure-ի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով